ՍԱՐԻ ՍՄԲՈՒԼԻ ԱՐՁԱՆԸ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Ինչպես երգում է Երեւանի գլխավոր ճարտարապետըՙ զարմանում եմ ես, որ էլ չեմ զարմանում: Օրինակ ճոխ պարգեւատրումների առիթով: Եւ ի՞նչ, որ Երեւանի քաղաքապետը շուրջ մեկ միլիոն ամերիկյան դոլարի, կրկնում եմՙ ամերիկյան դոլարի, պարգեւատրել է քաղաքապետարանի աշխատակիցներին: Բա հարուստ քաղաք է, անում է: Եթե, օրինակ, Երեւանն աղքատ քաղաք լիներ, որտեղ բազմաթիվ վթարային շենքեր լինեին եւ կամ շենքեր, որոնք փլուզվում են, չնայած վթարային չեն, եթե անապահով մարդիկ լինեին, կյանքի համար վտանգավոր թաղամասեր, աղբակույտեր, խարխլված վերելակներ եւ տրանսպորտ, հո Երեւանի քաղաքապետը նման ճոխ պարգեւատրումներ չէր անի: Արել է, որովհետեւ Երեւանում հարց չկա, մնում է մեկը, այն էլ ժամանակի հարց էՙ քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում կանգնեցնել Սարի սմբուլի արձանը, որպեսզի վերջապես տեսնենք, թե դա ինչ տեսք ունի: Կամ, ինչո՞ւ եք զարմացել, որ ՊԵԿ-ում պարգեւատրումներից յուրաքանչյուրով կարելի է, օրինակ, Գյումրիում բնակարան գնել: Բա մարդիկ զօրուգիշեր հավաքում են պետական եկամուտները, ընդ որումՙ հիմա դա անում են առանց կոռուպցիոն գործարքների, մաքուր: Բացի այդ, չմոռանանք, վերջերս, երբ ՊԵԿ-ից ազատվեց 128 մարդ, ՊԵԿ նախագահը հայտարարեց, որ իրենք աշխատանքից ազատել են լավ աշխատողների, քանի որ անխուսափելի օպտիմալացումից ստիպվածՙ ընտրել են լավի եւ լավագույնի միջեւ: Հիմա, այսինքն, մարդիկ մնացել են լավագույններով, բա չինքնապարգեւատրվե՞ն: Եւ վերջապեսՙ մարզպետարանները: Գիտեք հե՞շտ է ամեն օր կանգնել աղքատության դեմ-հանդիման, նայել օրվա հացը հազիվ աշխատող, իսկ հաճախ էլ սոված քնող մարդկանց աչքերին, որոնք հատկապես շատ են մեր մարզերում, եւ մնալ կանգնած: Բա այդ ապրումների համար պարգեւատրում պետք չէ՞: Եվ ի՞նչ կապ ունիՙ օրենքո՞վ են այդ պարգեւատրումները, թե՞ ոչ, չափազանցվա՞ծ են արդյոք, թե՞ ոչ... Քաղաքապետարանը, ՊԵԿ-ը, մարզպետարանները հերքո՞ւմ են, թե՞ ոչ... Կարեւորն այն է, որ մարդիկ աշխատում են, դրանից ազատ ժամերին էլ մտածում են, թե ինչպես ավելի բարեկեցիկ, կանաչ ու խելացի քաղաք դարձնեն Երեւանը, ողջ երկիրը, ի՞նչպես ավելի շատացնեն պետական եկամուտներն ու դրանք արդյունավետ հավաքեն ու բաշխեն, եւ ի՞նչպես ավելի շենացնելն մեր մարզերը... Իսկ դուք զարմանում եք: Իրականում պարգեւատրումները վատ բան չեն: Եթե մարդիկ բարեխիղճ աշխատում են, ուրեմն պետք է օրենքի շրջանակներում պարգեւատրվեն էլ, հավելավճարներ էլ ստանան, կապ չունիՙ ՊԵԿ-ում, Երեւանի քաղաքապետարանում, թե մարզպետարաններում: Խնդիրը, կներեք, բայց հեղափոխությունն է. եթե մենք այն արել ենք, որպեսզի ժանտախտի տարիներին ոչ մեկը միլիոնները չհաշվի եւ մերժել ենք նրանց, ովքեր հաշվում էին, ապա ստացվում է, որ մեր քայլի վերնագիրն է անվանափոխություն, ընդամենը: Իհարկե բարեխիղճ աշխատողները մեղավոր չեն, որ երկրում աղքատներ կան, բայց ո՞վ ասաց, որ պարգեւատրվել են բացառապես բարեխիղճ աշխատողները, օրինակՙ ՊԵԿ-ը կամ Երեւանի քաղաքապետարանը պարգեւատրվածների ցուցակ տրամադրե՞լ են... |