ՀՀ ԼԻԱՐԺԵՔ ԿԱՅԱՑՈՒՄԸՙ ՕՐՎԱ ՊԱՐՏԱԴՐԱՆՔ ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ Տարին սկսեցինք վարչապետական հերթական հորդորով. աշխատել է պետք: Թե ինչու է անհրաժեշտ այսօրինակ խրատով հանդես գալ, երբ հայերս մանկապարտեզից արդեն գիտենք, որ քարից հաց քամող մարդու տեսակ ենք, որը նույնացվում է գերաշխատունակության հետ, դժվար է ասել: Նույնքան անհասկանալի է, թե ինչ է նշանակում 2019-ի համար աշխատելը հատուկ առանձնացնելը. այդ ինչ չէր անում, ասենք հողագործը, որն ամեն պահի ու ամենուր ներկայացվում է որպես իր գործի լավագույն գիտակ, ով սակայն յուրաքանչյուր հերթական աշունը փակում է... ընդամենը բանկերից վերցրած վարկերի տոկոսները վճարելով: Իսկ ինչ չէր անում երթուղայինի վարորդը, որի գործատուն ողջ տարին տրտնջում էր կրած վնասներից, անգամ հարսի ոսկեղենը բանկում գրավ դնելուց, միաժամանակ անկարող էր գտնվում չցուցադրել իր շռայլ ու շվայտ ապրելաձեւը: Համանման մոտեցումներ կարելի է հայտնել աշխատուժի գրեթե բոլոր ներկայացուցիչների մասին, քանզի դժվար է անբավարար գնահատել մասնագիտական որեւէ հատվածի գործունեություն: Իսկ եթե հորդորն ուղղված է գործազուրկ ու աղքատ խավին, ուղղակի անհնարին է պատկերացնել, որ 1 մլն եւ ավելի մարդիկ իզորու են անձնական փոքր կամ միջին գործարարություն ծավալել: Այնպես որ աշխատելու եւ աշխատեցնելու հիմնական հասցեատերը իշխանությունն է, որին, թող որ մուծվող ցածր հարկերից ու տուրքերից գոյացող բյուջեի միջոցներով, պահում է Հայաստանի քաղաքացին: Թե ո՞ւմ են ուղղված աշխատելու մասին փաշինյանական ցանկությունները, իրոք դժվար է ասել: Մի կարճ ժամանակ հյուրնկալվելով Եվրոպայի կենտրոնական մասում գտնվող, ՀՀ-ի համեմատ եռապատիկ տարածք ու բնակչություն ունեցող Ավստրիայում, տեղաբնակ հայերի շրջապատիս որոշ ներկայացուցիչների ցանկությունն է, որ հորդորն ուղղված լիներ, ասենքՙ Երեւանի քաղաքապետին: Ի՞նչ առիթով. հենց թեկուզ մեր մայրաքաղաքում հավաքվող կենցաղային աղբն այլ երկիր արտահանելու ուղղակի ցուցումով: Տարօրինակ կատակ չէ ասվածը, այլ ընդամենը դառն իրողություն, քանզի ավստրիական որոշ գործարար շրջանակներ արդեն բանակցում են իտալական մի շարք համայնքների հետ, դրանցում կուտակված կենցաղային աղբը ներմուծելու շուրջ: Հայաստանից դեպի Եվրոպա արտահանվում է չէ՞ հանքահումք, դեպքից-դեպք լսում ենք ալկոհոլային խմիչքների ու հանքային ջրերի մատակարարումներից, խոսվում է մեր անզուգական մեղրից, չրերից, պահածոներից... Իսկ թե ինչ են անում այստեղ համեստ հարյուր հազարավոր ավստրիացիներն իրենց ամենօրյա աշխատանքը նաեւ աղբավերամշակման ուղղությամբ ծավալելով, տեսանելի է ամենուր: Երկրի յուրաքանչյուր բնակիչ գնողունակ է առավել քան, միջին ավստրիացու կողմից ստեղծվող տարեկան համախառն ներքին արդյունքը մոտ 50 հազար դոլար է, մեր 10-ապատիկից ավելին: Անվերջ գնում են, սպառման ու վայելելու մասը օգտագործում, մնացածն առանձնացված տարողություններում տեղադրում: Այն սկսվում է բնակարաններից, խոհանոցներից ու լոգարաններից, ուր տեսակավորվում են սննդի մնացորդներն ու ցելոֆանե փաթեթավորումները, պլաստիկե իրերը, թղթի ու ապակու տեսականիները, խառն անվանվող չօգտագործվող թափոնը: Այս ամենը բնակիչները տեղափոխում են տարբեր գույներով ու նկարներով առանձնացված ընդհանուր օգտագործման աղբարկղեր, որտեղից էլ իրականացվում է դրանց վերջնական տեղափոխման, հետագա մշակման եւ այդկերպ նոր նշանակության արտադրանքի հումք դարձնելու գործընթացը: Դրանց մի մասից պարարտ հող է ստացվում, որը գնում են ծաղիկներ ու սածիլներ մշակողները, ապակին ու պլաստիկը վերամշակումից հետո լիարժեք նոր հումք են դառնում, թուղթն իր հերթական նպատակին է ծառայում, իսկ ահա ոչ պակաս կարեւոր այրման համար անհրաժեշտ քանակի ու ծավալի նյութ չի մնում: Չէ՞ որ երկրի ցեմենտ ու գաջ, էլեկտրական ու ջերմային հոսանք արտադրող հզորություններից շատերը գործում են վերամշակված, այրման համար նպաստավոր խոնավության ու որակների հասցված երբեմնի աղբ համարվող էներգակիրներ այրելով, որոնք պարզվում է, անհատնում չեն: Ահա այսպիսի ոչ բարդ խնդիրներ, որոնք մեզանում գերխնդիրներ են դիտարկվում: Ստացվում է իրոք տարօրինակ մի վիճակ: ՀՀ ողջ տարածքում աղբ համարվող հումքի պաշարները զգալի են, յուրաքանչյուր օր վերականգնվող, մեր մարդկանց համար տհաճ ու անցանկալի միջավայր ստեղծող, երբ դրանք ըստ նպատակների օգտագործելու ուղիները հայտնի ու հանրահայտ են, իսկ կառավարելու կոչված այրերն էլՙ բոլորիս տեսադաշտում: Արդյոք հարկ չէ՞ աշխատել հորդորը պահանջի տեսքով սույն պաշտոնյաներին ուղղել, որոնք նոր իշխանության անցած 8-9 ամիսներին առնվազն 1500 ժամ արդեն աշխատավայրերում, այսպես կոչվածՙ աշխատանքի մեջ են գտնվել: Գյուղապետ լինի թե քաղաքապետ, մարզպետ թե նախարար, որեւէ մեկը կարո՞ղ է նշել, թե այդ հսկայածավալ աշխատաժամանակի որ մասն է նվիրել կոնկրետ որեւէ խնդրի ուսումնասիրմանն ու դրանց լուծման ուղիների նախաձեռնմանը; Առաջին տպավորությամբ դյուրին խնդիր չէ ասվածը, քանզի այստեղ թե՛ ոլորտի մանրամասն ու մանրակրկիտ իմացություն է պահանջվում, թե՛ հաշվարկելու ունակություն ու տարբեր մասնագետների հիմնավորումների համադրում, այլ գործոններ, որոնց արդյունքում է երաշխավորվում կշռադատված պետականամետ խնդիրների լուծումը: Թե՞ առաջնորդվելու ենք պատճառաբանությունների ու արդարացումների նորօրյա տեսություններ ներկայացնելով, թեեւ այս պարագայում առավել հարմարը մոգոնել բառն է: Պաշտոնավարումը, ըստ շրջապատիս շատերի կարծիքի, պաշտոնը սեփական ցանկությամբ վարելու վայր չէ, այլՙ գործելու միջոց, ուր հնարավոր սխալներն ընթացքում են պարզվում, այլ ոչՙ անգործությունը սքողելով: Այնպես որ իշխանական այրերի այն տրտունջ-դժգոհությունները, թե անցած ամիսների ընթացքում դժվար էր խնդիրների լուծումներ գտնել եւ դրանք լուծել, պարզից էլ պարզամիտ մոտեցումներ են: Կոնկրետ աղբի խնդրում, ասենք այն դիտել տեսակավորումից հետո նոր հումք դարձած վիճակում այրելու թե վաճառելու տեսքով, լուծումներ ինչքան ուզենք: Այս օրերին խոսվում է Եվրոմիությունից սպասվող տարբեր ծրագրերի ֆինանսավորման նպատակով շուրջ 700 մլն եվրո ֆինանսներից, մի այլ տարբերակ է բաժնետիրական ընկերությունների հիմնումը, իվերջո ՀՀ-ում էլ մեծահարուստների պակաս չունենք: Գրացում հանդիպել եմ եվրոպական մի շարք երկրներում, հարավարեւելյան տարածաշրջանում եւ ԱՄՆ-ում գործունեություն ծավալող ընկերության ներկայացուցչի, որը խորհուրդ է տալիս գործը ՀՀ-ում սկսել մինչեւ 5 մլն դոլար գնահատվող աղբի այրման հզորություն ձեռք բերելով: Նկատի ունենալով այլ երկրների փորձըՙ վստահեցնում է, որ համեմատաբար փոքր հզորության օրինակը շատերին կհետաքրքրի ու կգայթակղի, քանզի գործընթացի վերջնական նպատակը տեսանելի է եւ շահագրգռող: Միանգամից մի քանի խնդիր է լուծվում, սկսած բնապահպանականից մինչեւ էներգետիկ անկախության աստիճանի բարձրացում, ֆինանսական միջոցների տեղային շրջանառություն, ժամանակակից գիտական ու տնտեսական հարցերի հանդեպ վստահության ամրապնդում: Այսօրինակ հարցերի ժամ առաջ լուծումների հանդեպ անզորությունը պարզապես անկարողության հիմնավորված զգացում է առաջացնում: Առաջին հայացքից թվում է նման գնահատականը խիստ մոտեցում է, որը նորօրյա իշխանության որոշ ներկայացուցիչներ ընդգծված դժգոհությամբ են ընդունում: Տողերիս հեղինակը նրանց ներկայացնում է այստեղ բնակվող մեր երբեմնի եւ դեռեւս ներկայիս քաղաքացիների տարակուսանքը հանրայնացնելով. այդ ինչպե՞ս է, որ իրենց նոր բնակության վայրերում, որը ոմանք թե շատերը դժվարանում եմ ասել ժամանակավոր թե արդեն մշտական են դիտարկում, հատկապես առօրյա կենցաղային հարցերը լուծվում ու խնդիրների չեն վերածվում, իսկ ահա մեզանում դրանք գերխնդիրների շարքին են դասվում: Այս համոզմունքը նրանց մոտ կազմավորվում է երկրում մնացածների հետ շփումների արդյունքում: Արդյո՞ք այս վիճակի պատճառը հիմնականում նախկիններն են, նրանց թողած ժառանգությունը, երկիրը փոքր հռչակելու մտայնությունը, կայացման ու զարգացման շուրջ ծրագրերի հանդեպ անվստահությունն ու անկարողությաունը: Այս առումով ցանկանում եմ ընդամենը երկու օրինակ նշել: Շվեդները հեռավոր 1920-ականներին առաջ մղեցին ավտոմոբիլաշինության իրենց ծրագիրը, հանրահայտ «Վոլվո» ապրանքանիշի ստեղծումը: Ոմանք այն խելահեղություն հայտարարեցին, գրեթե անլուծելի խնդիր հռչակեցին, որը հիմա ինչպես գիտենք այդ երկրի տնտեսության հենասյուներից մեկն է: Երկրորդ օրինակը պարենային ապահովության ու անվտանգության ոլորտից է, որը մեզանում է անլուծելի համարվում: Այսօր այն Ավստրիայի հյուսիսային հարեւան Չեխիայում խնդիր է հռչակվել եւ ծառայեցվում է սեփական կարիքներից բացի վերամշակող արդյունաբերության խթանմանը, դրա աննախադեպ կայացմանն ու զարգացմանը: Հանրահայտ չեխական գարեջրի կողքին երկիրն արտադրում է բուսական ու կենդանական յուղերի աննախադեպ ծավալներ, զգալի անասնագլխաքանակների կազմակերպված սպանդի արդյունքում վերամշակվող կաշվեհումքը օգտագործվում է հագուստի, կահույքի, սպորտային իրերի, այլեւայլ արտադրություններում: Թեեւ երկիրը ՀՀ-ի համեմատ որոշակի խիտ է բնակեցված, քանզի 1 քառակուսի կիլոմետրի վրա բնակվում է 140 մարդ, ՀՀ-ի պարագայումՙ 100 մարդ, սակայն չգիտես ինչ հնարքների թե աշխատաոճի արդյունքում աննախադեպ գյուղարտադրանք է ստանում: Ասենք մինչեւ 6 մլն տոննա ցորեն, 1 բնակչի հաշվով 600 կգ, երբ ՀՀ-ում ցուցանիշը հազիվ 60 կգ է: Այս պարագայում մեզանում ու՞մ է ուղղվելու իշխանական հերթական հորդորըՙ կենսական պարենային խնդրի ապահովման շուրջ: Թե՞ մենք շարունակելու ենք ՀՀ պարենապահովությունն ու երկրի պարենային անվտանգությունը ներկրումների միջոցով «բավարարել», մեր մարդկանց սննդակարգն այլանդակել, հայ հողագործին էլ օտարել իր աշխատանքից, քանդել ու կործանել գյուղն ու գյուղաբնակին, միաժամանակ չզլանալ ոլորտն անարդյունավետ հռչակել: Անհասկանալի ու անբացատրելի վիճակում ենք հայտնվում: Անզոր գտնվելով ընթացիկ առաջնահերթությունները լուծելու հարցերոմ, ընդհանրապես անկարող ենք դառնում հեռանկարային ծրագրեր կազմելու առումներով: Որեւէ պատկերացում չկա, թե ինչ միջոցներով ենք ՀՀ 40 տոկոսի հասնող գյուղական բնակչության թիվը նվազեցնելու եւ այդկերպ աղքատությունը կրճատելու, երբ անգամ 1 մլն գյուղաբնակների պարագայում առաջնահերթ հացահատիկի կողքին ներմուծում ենք կաթնա-մսամթերքներից սկսած կենդանական ու բուսական յուղեր, բանջարեղենի ու մրգերի անսահմանափակ տեսականի, անգամ սոխ ու սխտոր, սմբուկ ու ստեպղին: Նույնքան անհասկանալի է, երբ երկիրը պատուհասած գերխնդիրների շարքում բարձրագույն իշխանական մակարդակով գերխնդիր է դիտարկվում, ասենքՙ քաղաքացիների կողմից ՀԴՄ կտրոնների պահանջելը թե անտեսելը, որը հար եւ նման է իրապահ համակարգի ներկայացուցիչների կողմից մեր մարդկանց ուղղված, թող ներվի այս մտքիս համար, մատնագրերի երբեմնի ավանդույթի վերականգնմանը: Այդ ո՞ր բակում կամ հաստատությունում է, որ չկան համակարգի ծպտյալ գործակալներ կամ ոստիկանության աշխատակիցներ, պետական փոքր ու մեծ պաշտոնյաներ, ազնիվ թե անազնիվ ակտիվիստներ, որոնց կողքին ու շրջապատում իրականացվող անօրինականությունների կանխումը ակնկալվում է տառապանքի իրական փորձ ունեցող շարքային բնակչից: ՀՀ քաղաքացիս նման միջավայրի նախանշաններ առայժմ չի տեսնում, համենայն դեպսՙ իր ոչ այնքան փոքր շրջապատում: Նույնը ՊԵԿ-ի պարագայում է, ուր հարյուրավոր պատասխանատուներ կան, ամենատարբեր քննություններ հանձնած մասնագետներ, փորձառու վերահսկողներ: Այնպես որ տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունն իր յուրօրինակ ակնարկներով լինի թե «մուննաթներով» փորձում է նոր դիրքավորում ապահովել առավել վտանգավոր իրավիճակների համար: Մի պահ ընդունենք, որ մեզանում առեւտրի ու սպասարկումների ոլորտներում իրոք իրական կտրոնային դիկտատուրա է հաստատվել, ստվերն իսպառ վերացել է, ՀՆԱ-ն 2019-ին հասել է 16 մլրդ դոլարի, հարկերի հավաքումըՙ 3,5 մլրդ դոլարի: Եթե իշխանության որոշ ներկայացուցիչների համար սույն թվերը նպատակ ու ոգեւորիչ են, նշեմ որ մեր տարածքն ու բնակչությունն ունեցող երբեմնի խորհրդային Ալբանիայում դրանք հիմա 40 մլրդ եւ 4 մլրդ դոլար են, 1,2 մլն բնակչությամբ Էստոնիայումՙ 42 մլրդ եւ 10 մլրդ դոլար, մեզ հարազատ հայաշատ Լիբանանումՙ 90 մլրդ եւ 16 մլրդ դոլար, Թուրքերի կողմից պառակտված Կիպրոսումՙ 32 մլրդ եւ 8 մլրդ դոլար: Ինչ մնում է զարգացած երկրի տեսլականին, նշենք որ դրանցից Իսրայելի ՀՆԱ-ն եւ բյուջեն համապատասխանաբար 320 մլրդ եւ 100 մլրդ դոլար են, մեր տարածքն ունեցող Բելգիայինըՙ 530 մլրդ եւ 260 մլրդ դոլար: Չծավալվելով այսուհանդերձ փաստեմ, որ հիշյալ երկրներում առօրյա խնդիրները մասամբ թե հիմնավորապես տասնամյակներ առաջ են լուծվել, այդ թվումՙ աղբ համարվող հումքի հետ կապված: Թե ինչ քայլերով եւ ինչ ժամկետում ՀՀ մերօրյա իշխանությունները լավատեսության հույս կներշնչեն հայաստանցուն, երկիրը դարձնելով հայի համար ապրելու եւ աշխատելու ցանկալի վայր, կտեսնենք 2019-ին: Սա ընդամենն օրվա պարտադրանք է: |