RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 25-01-2019



Տեղադրվել է` 2019-01-25 18:57:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 2376, Տպվել է` 251, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՐԴՈՒ ԵՎ ԱՆԱՍՈՒՆԻ ՍԱՀՄԱՆԱԲԱԺԱՆԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Մի քանի ամիս առաջ տրանսպորտով տուն էի գնում ծնունդով արծվաշենցի մի մարդու հետ: Ճանապարհը երկար էր: Սկսեցինք զրուցել: Նա, որպես հայրենազրկված, ես` հայրենազրկվածի որդի, այսինքն` երկու հայրենազրկվածներ, մի բովանդակ սերունդ տարքիային անջրպետովՙ մտերմիկ զրույցի բռնվեցինքՙ կորսված հայրենիքի ու երբեւէ այնտեղ վերադառնալու` ոչ մի գարդմանցու մոտ երբեք չմեռնող հույսի մասին: Երբ անդրադարձանք նիստ ու կացին, համերկրացիս խոր հոգոց հանեց ու ջղուտ տոնով ասաց.

«Տարիներն անցնում են, շատ բան է փոխվել, բայց այդ նիստ ու կացը մեր տանը նույնն է, մենք հիմա ուրիշ տեղ ենք ապրում` Արծվաշենից ու անգամ արծվաշենցիներից հեռու, բայց կնոջս ասել եմ, որ ուրիշներից ոչինչ չընդօրինակի, եթե կարող է, թող օրինակ տա, բայց չընդօրինակի, թե չէ` կմոռանանք մեր գյուղից ժառագածը: Ես չեմ կասկածում, որ վերադառնալու ենք Արծվաշեն, եթե հիմա մոռանանք այնտեղ ժառանգածը, քանի՞ կոպեկի արժեք կունենա մեր վերադարձը. պիտի հիշենք, որ ապրենք:»

Երբ հասանք մեր գյուղ, նրան հաջողություն մաղթեցի ու իջա տրանսպորտից: Ամբողջ ճանապարհին գլխիս մեջ զնգում էր նրա ասածը` պիտի հիշենք, որ ապրենք...

Այս դեպքը չէի մոռացել, երբեւէ չէի էլ մոռանա, բայց այն դեռ թարմ հիշողությանս մեջ կրակի պես սկսեց վառվել անցած շաբաթ` խորհրդարանի նիստը նայելու ժամանակ:

Մեր նորածիլ պատգամավորներից մեկը, որ մի նախկին հեռուստահաղորդավարուհի է, հարց ուղղեց մեկ այլ պատգամավորի: Հարցը ո՛չ ավել, ո՛չ պակաս, այսպիսին էր` ինչպե՞ս եք վերաբերվում սեռական փոքրամասնությունների իրավունքներին: Թե ինչ պատասխանեց մյուս պատգամավորը` այնքան էլ էական չէ: Ավելի էականն այն է, որ Հայաստանի Ազգային ժողովից արդեն նման հարցեր են հնչումՙ իշխանության մակարդակով: Ու ես միանգամից հիշեցի համերկրացուս ասածը` պիտի հիշենք, որ ապրենք: Սկսեցի հիշել: Երանի չհիշեի, որովհետեւ առաջին հիշողությունը մեզ մոտ միշտ բացակայող պատմական հիշողության մասին էր: Ինչեւէ, փորձեցի հիշել, որ ապրեմ...

Շատ հետ գնացի, հիշեցի բոլորին` Բելին նետահարած Հայկ պապիս, Նյուքար Մադեսին Արմավիրի պարսպի աշտարակին գամած Արամ նահապետին, Շապուհի դեմ ըմբոստացած Արշակ թագավորին, պարսիկներին անվերջ պատուհասող Մամիկոնյան տոհմին: Բոլորին հերթով հիշեցի: Հիշեցի նաեւ ավելի քան մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած մեր ազգային դժբախտությունը, մեր ցեղի կոտորածը, սպանդը: Հիշեցի, տեղի նիստուկացով ապրող մարդկանց... մարմնովս սարսուռ անցավ, երբ պատկերացրի` ինչպես են հղի կնոջ փորից դուրս բերել ու մահվան դատապարտել դեռ արեւվի լույսի ոչ մի շող չտեսած մանուկներին, որոնց շատերը գուցեՙ Արեւիկ, Արփի ու Լուսինե անուններով կոչվեին: Փորձեցի մեր կորուստները հաշվել, անշուշտ, հոգեւորի մասին է խոսքը, բայց չկարողացա, եւ չեմ կարծում, թե աշխարհում կլինի այդպիսի մի խելոք գլուխ, որ այդ հարցին հստակ հաշվարկով պատասխան տա:

Հիշեցի անցյալ դարավերջի շարժումը, շարժում, հենց որի ժամանակ էլ հայրենազրկվել էինք ես ու համերկրացիս: Փորձեցի պատկերացնել գաղթի ճանապարհը, հետո դառնությամբ մտքիս եկան նրանք, ովքեր բախտ ունեցան` գաղթելու բախտին չարժանանալու` մեր քարաշխարհին հիշեցի, որտեղ թուրքերը քարը քարին չեն թողել: Ի դեպ, այն թուրքերը, որոնց հետ ոմանք փորձում են բարեկամական սերտ կապեր հաստատել:

Հիշեցի մեր ազնիվ եղբայրներին, որ զոհ գնացին մեր ապրելուն, երեկ եւ այսօր...այդ ամենով հանդերձ, շատ բան հիշեցի, հիշեցի ու զգացի, որ կոկորդումս անտաշ քարի պես մի բան է կանգնել, որին ո՛չ առաջ, ո՛չ հետ տանելն անհնար է: Հիշողությունը խեղդում էր ինձ: Բայց ավելի լավ է հիշողություններից խեղդվել, քան ամեն ինչից անտեղյակ կովի պես արածել բաց դաշտում, որի հորթին երեկ են մորթել. Աստված ողորմի քե՛զ, Հրանտ Մաթեւոսյան:

Մեր հիշողությունը մեզ լացի է բերում, ընկերներ: Եւ ինչպե՞ս լաց չլինենք, երբ արյուն-քրտինքով կառուցված պետության ազգային խորհրդարանի անդրանիկ նիստերից մեկի անդրանիկ հարցը վերաբերում է անբարոյականությանն ու անպատկառությանը: Երբ առանց ամաչելու հարցնում են, ըստ էության, հետեւվյալըՙ ինչպես եք վերաբերվում անբարոյականությանը, բնաշեղությանն ու սրբապղծությանը: Մեր դեպքում, պատասխանն, իհարկե մեկն է` չեմ վերաբերվում, առհասարակ: Գուցե վերաբերվեի, եթե դժբախտաբար անգլիացի կամ իտալացի, հոլանդացի լինեի, բայց, բարեբախտաբար հայ եմ: Եթե նիստերի դահլիճում նստածները նույնպես հայեր են, այդ դեպքում որտեղի՞ց այսքան գենետիկ ծածաղամտություն ի հայտ եկավ մեր երկրում, ո՞վ բերեց: Եվրոպա՞ն: Եվրոպա՛, Եվրոպա՛, ամեն ինչ կապում են Եվրոպայի հետ, հագուստը, ուտելիքը, ապրելակերպը... հոգին, բա Հայաստանը՞, բա հայը՞, չեղյալ գաղափարնե՞ր են, թե՞ կարիք չկա առհասարակ հիշել նրանց:

Մեզ ո՞ւր է տանելու այս ճանապարհը: Բայց ո՞ւր է այստեղ ճանապարհը, մենք շեղվել են, սիրելիներս, հիմա բոլորս կանգնած ենք անդունդի պռնկին, եւ, եթե շարունակենք այս ինքնակործանման արահետը կենաց ճանապարհ համարել... ընկնելու ենք, ա՛զգ, ընկնելու ենք եւ կտոր-կտոր լինելու, փոշի ենք դառնալու, քամուն ենք տրվելու ու մնանք... պատմական գրքերի էջերումՙ մեկ պարբերությամբ: Եւ դրա համար ոչ ոք մեղավոր չի լինելու, նույնիսկ` Եվրոպանՙ իր այդքան մեղքերով հանդերձ: Մեղավորը մենք ենք լինելու, որ այդպես էլ չկարողացանք ձեռք բերել մարդու եւ անասունի միջինը` հիշողությունը:

Ազգին վերաբերող որեւէ որոշում կայացնելուց առաջ գնացեք Եռաբլուր, Ծիծեռնակաբերդ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 25-01-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ