ԲԱՐԵՎ, ՄԵԾ ԵՂԲԱՅՐ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Կներեք, բայց ես ձեզնից չեմ պատրաստվում թույլտվություն խնդրելՙ իմ ուզած գիրքը կարդալու համար: Ավելին, խորհուրդ եմ տալիս ձեզ որեւէ մեկից նման թույլտվություն չխնդրել: Էլ ավելին, բոլորս կարող ենք մեր ուզած գիրքը կարդալ մեր ուզած ժամին եւ վայրումՙ կապ չունի այդ գրքի անունն էՙ «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին», մինչ մենք վաղ առավոտյան կուսանոցի դիմացի նստարանին նստած ենք, թե՞ գիրքը կոչվում է «Աստվածաշունչ», ու մենք կեսօրին Մալաթիայի տոնավաճառի կանգառում ենք: Այն հասարակությունը, որտեղ տվյալ գիրքը կարդալու համար հատուկ թույլտվություն է պետք, ճորտատիրական է, որտեղ կարդում են միայն այն, ինչը կարելի է եւ այն հասկանում են այնպես, ինչպես պետք է: Ու եթե դուք մտածում եք, որ այդ ժամանակներն անցել են, քանի որ մենք այլեւս կարդում ենք, օրինակ, Ջորջ Օրուելի 1984-ը, ապա ասեմ, որ «Մեծ եղբայրը» դեռ շարունակում է մեզ հետեւել: Մեծամասնությունը, որից, ինչպես Գյոթեն էր ասում, ավելի նողկալի բան չկա, մեզ թելադրում է իր գրական, ավելի ճիշտՙ քաղաքական ճաշակը եւ քարեր նետում մեզ վրա, եթե հանկարծ այդ ճաշակից դուրս ենք, առավել եւսՙ դրան հակառակ գրականությամբ ենք տարված: Իրականում, բոլոր նրանք, ովքեր կյանքում առնվազն 20 գիրք են կարդացել, գիտեն, որ երբ մարդը ինչ-որ գիրք է կարդում, դա չի նշանակում, որ հավանում է այն եւ կամ պատրաստ է ստորագրել հեղինակի ամեն նախադասության տակ: Ես, օրինակ, կարդացել եմ Միշել Ուելբեքի «Հնազանդությունը» եւ ոչ միայն ստորագրելս չի գալիս, այլեւ ուզում եմ հանդիպել պարոն Ուելբեքին, որպեսզի հարցնեմ, թե ինչպե՞ս կարելի է հրաշալի թեման դարձնել սեռական զզվելի խրախճանք: Բայց ես ուրախ եմ, որ կարդացել եմ այդ գիրքը, քանի որ վստահ եմ, որ մեր կարդացած յուրաքանչյուր գիրք մեզ պետք էՙ թեկուզ զզվելու համար, ինչը նույնպես անհրաժեշտ է սովորել, ցանկալի է գրքից, որպեսզի... ճաշակով լինի: Հիմա ես չեմ հասկանում այս աղմուկըՙ ինչ կարդալու: Չեմ հասկանում, թե մարդիկ ինչո՞ւ են գրախանութներում շշնջում, ոչ թե բարձրաձայն ասում, որ իրենք ուզում են գնել Ռոբերտ Քոչարյանի «Կյանքը եւ ազատությունը»: Հետաքրքրական չէ՞, նկատի ունեմ Քոչարյանի ճշմարտությունը, նրա տեսածը, նրա գնահատականները, նրա խոսքը, միտքը... Ինձ, օրինակ հետաքրքիր է, որովհետեւ Քոչարյանը ոչ միայն Արցախի առաջին եւ Հայաստանի երկրորդ նախագահն է, ոչ միայն աշխարհի այն եզակի գործիչն է, որ եղել է երկու պետության նախագահ, այլեւ կարեւոր դեր է խաղացելՙ շատ կարեւոր եւ շատ ողբերգական ժամանակներում: Բա չիմանա՞մ մարդը ինչ է մտածում, իր կարծիքովՙ ինչպես է եղել: Ի դեպ, նույն տրամաբանությամբ ես կարդացել եմ Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը»: Երկուսի ժամանակ էլ ես ժպտացել եմ, հուզվել եմ, համաձայնել եմ, մերժել եմ, բարկացել ու հաշտվել եմ, նորից ապրել եմ... Մի խոսքովՙ մտածել եմ: Իսկ երբ մարդիկ մտածում են, ապա բռնապետությունները կործանվում են, կապ չունի քաղաքական, կրոնական, աշխատանքային, թե՞ ընտանեկան: |