ԴԱՌԸ ՇՈԿՈԼԱԴ ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ Երկու իրադրություն կա: Առաջինը` վարչապետը թատրոն է գնացել, որտեղ դիտել է «Ռեւիզորը» ներկայացումը, ինչի մասին ահագին երկար ստատուս է գրել Ֆեյսբուքում, եւ երկրորդըՙ վարչապետը հանդիպել էր Ադրբեջանի նախագահին, ու հեռախոսով զրուցել էր Բոլթոնի հետ, որի մասին շատ կարճ գրառում է արելՙ նույն սոցիալական ցանցում: Որպեսզի հասկանանք այս երկու իրադարձությունների կապն ու տարբերությունը, երկու իրավիճակ ներկայացնեմ. այսօր առավոտյան զարթնել եմ ժամը 7-ին, սրճել եմ` սիրելի դառը շոկոլադով, ապա լվացվել եմ, հագնվել եմ, եւ քանի որ նախաճաշելու սովորություն ավաղ չունեմ, դուրս եմ եկել տնից: Հասնելով աշխատավայր, միացրել եմ համակարգիչս, ծանոթացել լրահոսին, ապա մտել եմ Ֆեյսբուք, որտեղ զրուցել եմ ադրբեջանցի ծանոթիս` «Զերկալո» թերթի լրագրող Ռաուֆ Օրուջեւի հետ, որին ծանոթ եմ արդեն 6-7 տարի` թբիլիսյան սեմինարներից: Հիշել ենք մեր վերջին հանդիպումը Թբիլիսիում: Եւ երկորդ իրավիճակը. այսօր առավոտյան Ֆեյսբուքյան չեթով վիճել եմ ադրբեջանցի ծանոթիս` «Զերկալո» թերթի լրագրող Ռաուֆ Օրուջեւի հետ: Նա իր հոդվածներից մեկում վիրավորել էր Մոնթեին, ես էլ ասացի, որ ինքն իրավունք չունի վիրավորել մի ժողովրդի ազգային հերոսի, որի հետ խաղաղության է պատրաստվում: Ինքն էլ ասաց, թե հետ կտաք մեր հողերը, նոր խաղաղություն կմուրաք, ես էլ ասացի, որ պատերազմից հետո մուրում է պարտվող կողմը, նա էլ, թե` դեռ պատերազմը չի ավարտվել ու պարտվող կողմը հարց է, թե ով է, ես էլ ասացի, եթե պատերազմը չի ավարտվել, դու ի՞նչ ես անում տաք խմբագրությունումդ, համակարգչիդ առաջ: Հետո նա ինձ վիրավորեց, ես էլ նրան, եւ մենք, ինչպես երկու քաղաքակիրթ մարդիկ, որոշեցինք դադարեցնել մեր շփումները, որոնք առանց այդ էլ տարին մեկ-երկու անգամ էին լինում, այն էլ, որովհետեւ գերմանական «Դոյչե վելլեի» սեմինարավարներն էին այդպես խնդրել-առաջարկել: Հիմա, ինչո՞վ են տարբերվում այս երկու իրադարձություններն իրարից: Ընդհանուր առմամբ ես ձեզ պատմեցի իմ օրից մի դրվագ, հետեւաբար դրանք մեծ հաշվով նույնն են: Բայց, խնդիրն այն է, որ առաջին դեպքում ես ձեզ պատմել եմ ամեն ինչ շատ, որպեսզի չպատմեմ ամենակարեւորը, ինչի շուրջ ոչ մի կարեւոր բան չեմ հայտնել: Երկրորդ դեպքում, սակայն, ես չեմ խլում ձեր թանկ ժամանակը` անկարեւոր մանրուքներ հայտնելոով եւ միանգամից կարեւորից եմ խոսում` ընդ որում դա անում եմ հնարավորինս մանրամասնորեն: Կզարմանաք, բայց այս երկու իրադարձություններն իրենց անուններն ունեն. Օրուջեւի մասինը կոչվում է հաշվետվություն, դառը շոկոլադի մասինը` հաշվետվության իմիտացիա: Ինչի ժամանակներում էլ ապրում ենք: Չէ, երկուսն էլ հրաշալի բաներ են, մանավանդ, երբ երկուսի կարոտն էլ մենք ունեցել ենք: Բայց կներեք, հաշվետվությունն այն չէ, երբ վարչապետը ստատուս է գրում թատրոնում անցկացրած երեկոյի մասին, մանավանդ երբ մենք այնպիսի ժողովուրդ ենք, որ երկրի ղեկավարի թատրոն գնալը առանձնահատկություն նրան չպետք է հաղորդի: Հաշվետվությունն այն է, երբ վարչապետը, հարգելով նաեւ Հայաստանի այն քաղաքացիներին, ովքեր Ֆեյսբուքում չկան եւ նույնիսկ չգիտեն, թե դա ինչ է, ասում է, թե ինչ է Փաշինյանը խոսել Ալիեւի հետ: Բանակցային գաղտնի՞ք է: Այսինքն Ալիեւի հետ բանակցո՞ւմ են: Բա Փաշինյանը Արցախի ժողովրդի մանդատն ունի՞... Ամեն դեպքում հրաշալի է, որ Հայաստանի վարչապետը երեկո է անցկացրել թատրոնում` կապ չունի` Հակոբ Պարոնյանի անվան, թե Փոսի, որն ի դեպՙ չկա: |