RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08 > #006, 2019-02-15 > #007, 2019-02-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 08-02-2019



Տեղադրվել է` 2019-02-08 11:17:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 2519, Տպվել է` 230, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՌԱԴԻՈ ՓԱԿԵԼԸ ՉԷ, ՈՐ ՊԻՏԻ ԶԱՐԴԱՐԵ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Ընդամենը հունվարի 31-ին զարմանքով իմացանք, որ ՀՀ կառավարությունը նույն օրվա նիստում, չզեկուցվող 10-րդ հարցով Գյումրու «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲ ընկերության լուծարման, այն էՙ փակման որոշում է կայացնելու... Ա՜յ քեզ անակնկալ դավադրություն, ա՜յ քեզ նոր կառավարության առաջնաքայլ: Մինչ մենք սպասում էինք, որ մեր նոր երիտասարդ պաշտոնյաները բոլոր էյֆորիաներից ու պաշտոնակալության մեղրամիսներից հետո վերջապես սկսեն գործել, նրանք ահա գործում են եւ գործում են այսպես: Այդ որոշումն էլ, իհարկե, առանց աչք թարթելու կայացվեց:

Բա հիմա չասե՞նքՙ ա՛յ խելոքներ, դուք այդ ի՞նչ եք արդեն արել, ավելացրել, բացել բազում ծանր խնդիրների տակ դեռ կքած Գյումրի քաղաքում ու մարզում, որ հիմա էլ ձեզ իրավունք եք վերապահում այստեղ ինչ-որ բան փակել: Եվ սա՞ է ձեր առաջին ու ամենահրատապ լուծում պահանջող քայլն այստեղ...

Փակել այն հեռուստատեսությունը, որը քաղաքի ու երկրի համար ամենածանր շրջանումՙ 1990-ականների սկզբներին ի՜նչ գուրգուրանքով հիմնադրվեց ԼՈՐԻՍ ՃԳՆԱՎՈՐՅԱՆԻ հայտնի ուխտագնացության շնորհիվ ու միջոցներով, լինելով այստեղ այն ժամանակ տասնամյակների երազանքի իրականացում: Այդ ոչ պակաս դժվարին տարիներին հետո էլ դառնալով պետական ու հանրային: Հեռուստատեսություն, որն այո, հանրապետության երկրորդ մեծ քաղաքում պետք է լիներ եւ պե՛տք է լինի հենց պետական հոգածության ներքո ու գործի որպես հանրային ամբիոն, հարթակ: Անշուշտ, «օպտիմալացման» համատեքստում այսօրվա այդ «հանճարեղ», իրականումՙ արհամարհական ընտրության հեղինակներին նման բաները հասու չեն եղել, այլապես գոնե բարոյական առումով այսպես չէին շտապի ու այսպես ծածուկ, սուսուփուս չէին գործի: Լուծարման համար բերված պատճառաբանությունները համոզիչ չեն թվում, առավել եւս որ թվայնացված լինելու կամ սփռման տարածքի խնդիրներն իրենց լուծելիքն էին, ինչի համար պետք է աշխատեին, իրականում ոչ այնքան մեծ միջոցներ գտնեինՙ դնել-կտրելու ամենահեշտ քայլին դիմելու փոխարեն: Քի՞չ միջոցներ կարելի է գտնել, թեկուզ, մի այլ տեղ ինչ-որ բան պակաս տրամադրելով հոգեսպան սերիալների, չգիտես ինչի ծառայող ու հետն էլ հայոց լեզուն աղարտող զանազան շոու եւ այլ ծրագրերի ցուցադրմանը, ուրիշ շատ բաների... Թե՞ ավելի լավ է եղածը վերացնել-ազատվելը, զանգվածային գործազրկության եւ ամենամեծ աղքատության մարզում էլի մի 5-6 տասնյակ մասնագետ մարդու ընտանիքներին առանց այն է լղարիկ հացից զրկելով ու մանավանդՙ չհարգելով տեղական հեռուստադիտողի եւ ռադիոունկնդրի պահանջմունքն ու իրավունքը:

Խնդիրը վերաբերում է նաեւ նույն ընկերության կազմում գործող «ՇԻՐԱԿԻ ՁԱՅՆ» հանրային ռադիոյին (ի դեպՙ թվայնացված), որի պատմությունը սկիզբ է առնում կարծեմ 1930-ական թվականներից: Խորհրդային տարիներին այն հանրապետության ռադիոպետկոմի, ապա հեռուստառադիոկոմիտեի կառուցվածքում գործում էր որպես «Լենինականյան կյանք» ռադիոհաղորդումների խմբագրություն: 50 տարի առաջ, դեռ պատանի, այդ ռադիոյի երկու հաղորդավարներից մեկը եւ ԽՍՀՄ երեւի ամենաերիտասարդ ռադիոհաղորդավարը լինելու պատիվն ուներ ձեր խոնարհ ծառան... Երբ կազմավորվեց «Շիրակ» հեռուստաընկերությունը, նրան միացվեց նաեւ ռադիոն: Հիշում եմ, դեռ իմ աշխատած 67-69 թվականներին ու դրանից առաջ էլ միշտ օրակարգային է համարվել երկրորդ քաղաքի ռադիոյին հանրապետական եթեր տրամադրելու խնդիրը, որն այդպես էլ չի իրականացել: Երկրի ղեկավարության սերունդների չիրականացրածի հակառակն այսօր իրականացնելու է մեր ընտրած նոր իշխանությո՞ւնը:

Իսկ հետաքրքրական է, մեր արտամայրաքաղաքային միակ հանրային հեռուստատեսությունն ու ռադիոն լուծարելու որոշում կայացնելուց կամ դրան համաձայնություն տալուց առաջ համապատասխան կառույցներն ու պաշտոնյաները գոնե փոքրիկ ուսումնասիրություն կատարե՞լ են, թե նույն այս Շիրակի մարզում, նրա հեռավոր տարածքների բնակավայրերում ընդհանրապես քանի՞ հայկական հեռուստաալիք ու ռադիո է հասանելի եւ այդ առումով իրականում ի՞նչ խնդիրներ կան: Ֆեյսբուքյան մի արձագանքից նախադասություն, չգիտեմ իրականությանն ինչ չափով համապատասխանող, այնուամենայնիվ չենք կարող այստեղ մեջ չբերել: «Դե փակեք,-գրում է հեղինակը,- ամբողջ Ամասիայի շրջանում միայն թուրքական ռադիո գոյություն ունի...»:

Անկեղծ ասած, փոքր-ինչ դժվարանում ենք հասկանալ նաեւ «Շիրակ» հեռուստատեսության մեր գործընկերների այսքան ուշացած արձագանքը, երբ ընկերության տնօրենությանն ըստ ամենայնի դեռ սեպտեմբեր ամսից հայտնի է դարձել, որ այս տարվա պետբյուջեում «Շիրակի» համար ֆինանսական միջոցներ հատկացված չեն: Այն, ինչ հրապարակային կարելի էր անել լուծարման որոշման կայացումից ամիսներ առաջ, հասարակայնության ներգրավմամբ, արվում է հիմա. «Չենք փակվելու» արշավ է սկսվել, ստուդիա են հրավիրվում, իրենց խոսքն են ասում հարգված մարդիկ, ԱԺ պատգամավորներ, շարունակվում են ԶԼՄ հրապարակումները: Չփակվելՙ ոչ մասնավորեցվելով, որովհետեւ մասնավորն ու հանրայինը տարբեր նպատակի ու տարբեր խնդրի են ծառայում: Թվում էՙ սա է կարեւորը: Առաջարկվող շահագրգիռ քննարկումներով կարելի է ընդունելի լուծում գտնել:

Կառավարության հետքայլի սպասումով ավարտենք Շիրակի հանրային հեռուստաընկերության ամենափորձառու աշխատակից, այս կառույցում բացման օրվանիցՙ 1993 թ. մարտի 20-ից աշխատող մարզական լրագրող Սամվել Աղանյանի խոսքով. «Ուզում եմ հուսալ, որ կհաղթի առողջ բանականությունը: Մեր հեռուստատեսության աշխատակիցների տարեկան աշխատավարձերի ընդհանուր գումարն ավելի քիչ թիվ է կազմում, քան Ազգային ժողովի պատգամավորների 1-2 ամսվա աշխատավարձը: Էլ չենք խոսում շռայլություն հանդիսացող պարգեւավճարների բացառիկ չափերի մասին: Մենք էլ ենք ուզում մեզ համարել հաղթանակած երկրի հպարտ քաղաքացիներ»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #5, 08-02-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ