ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ՌԱԶՄԱԳԵՐԻՆ ԱԶԱՏ Է ԱՐՁԱԿՎԵԼ Գ. Գ. Արցախում իր պատիժը կրող ադրբեջանցի Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեն փետրվարի 2-ին ազատ է արձակվել: Հիշեցնեմ, որ 2017 թ. փետրվարի 1-ին, Հուսեյնզադեն Թալիշի ուղղությամբ ապօրինի հատել էր հայ-ադրբեջանական սահմանը եւ ներխուժել մարտական դիրքի խրամուղի. նույն պահին նա ձերբակալվել էր հայկական ուժերի կողմից: Հարուցված քրեական գործի շրջանակներում պարզվել էր, որ սահմանախախտը հանդիսանում է Ադրբեջանի ԶՈՒ 157-րդ մոտոհրաձգային բրիգադի հետախուզական վաշտի զինծառայող, որից հետո էլ նրան տրվել էր ռազմագերու կարգավիճակ: «Արցախը նորմալ, ժողովրդավարական երկիր է, մենք նացիստ չենք, ֆաշիստ չենք, սրանք մեր ուժեղ կողմերն են: Մենք չպետք է հավասարվենք այն քաղաքականությանը, որը վարում է Ադրբեջանը...»,- հայտարարել է Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը : Չնայած նրան, որ միջազգային հանրությունն այս ամենը դիտելու է որպես օրինապահության ու մարդասիրության ժեստ, այնուամենայնիվ պետք էր հաշվի առնել, որ գերին զինվորական էր, ով հնարավորության դեպքում անասելի դաժան կվարվեր ձեռքն ընկած հայի հետ: Ես խիստ կասկածներ ունեմ`թե որեւէ հայ, նույնիսկ քաղաքացիական, հայտնվելով Ադրբեջանում, ողջ-առողջ հետ կգար, առավել եւս, եթե հայտնվեր նրանց մարտական դիրքերից մեկի խրամուղում: Հ.Գ. Հուսեյնզադեն չի ցանկացել վերադառնալ Ադրբեջան` նախընտրելով որեւէ երրորդ երկիր, որից հետո Բաքուն միջազգային հետախուզում է հայտարարել Հուսեյնզադեի հանդեպ: |