ՀՀ-Ն ՓՈՔՐ ՀՌՉԱԿԵԼՈՎ ՄԵՐ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ ՉԵՆ ԼՈՒԾՎԻ ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ, Երեւան Հաճախ հնչեցվող կարծիք կա, որ Հայաստանը փոքր երկիր է: Տեղի՞ն է արդյոք նման գնահատականին պատասխան տալը, դժվար է ասել: Իսկ թե ինչու են այն արտաբերում հատկապես նորանկախ Հայաստանի բոլոր ժամանակների բարձրագույն այրերը, առավել քան դժվար է հասկանալ: Հատկապես այն պարագայում, երբ չի ասվում, թե ինչ են նկատի ունենում նրանք արտասանելով «դե մենք փոքր երկիր ենք» խոսքերը: Եթե տարածքը, ապա վստահեցնում եմ, որ մեր պաշտոնապես ճանաչված, թե փաստացի տարածքն ունեցող Բելգիայում կամ Դանիայում որեւէ մեկի մտքով չի անցնում իրենց երկիրը ինչ-որ չափի մեջ տեղավորել: Եթե բնակչությունը, ապա մենք խիստ պայմանականորեն կարող ենք 3 մլն հայաստանաբնակների նկատի ունենալ, քանզի որեւէ պահի այս հողակտորի լիարժեք տերեր են եւս 7-8 մլն մեծ ու փոքր մեր հայրենակիցներ: Այստեղ կասկածելու կամ երկմտելու անգամ նվազագույն տեղ չկա, քանզի հեռավոր ավստրալահայ լինի թե բրազիլահայ, մուսուլմանական միջավայրում թե քրիստոնեական շրջապատում ապրող մեր հայրենակիցներն ամեն պահի են Հայաստան երկրի տարածքում, երբեմնՙ տեղաբնակներիցս շուտ ու արագ բոլոր առումներով: Երբ դիտարկում ենք Երկիր մոլորակի մեզ բաժին հասած այս հատվածի հանդեպ հայերիս վերաբերմունքը, թե ինչպես ենք օգտագործում մեր ընդերքը, ինչ մակարդակով ենք մշակում հողային հատվածը, որպիսի բարեխղճությամբ ենք ծախսում ջրային հարստությունը կամ ի նպաստ մեր առօրյայի կայունության ծառայեցնում շռայլ արեւի էներգիան, անվարան համոզվում ենք, որ Հայաստան աշխարհի ունեցածից ու անվարձահատույց մեզ առաջարկվողից անգամ նվազագույնը չենք օգտվում, քանզի նույնիսկ վայրագ ու անմարդկային չարաշահումների արդյունքում էլ մնացածը շատ զգալի է, եթե չասենքՙ անհատնում: Եվ դեռ ինչքա՜ն չբացահայտված հարստություն ու բարիքներ է պահել-պահպանել մայր հայրենին, որը մեզնից ոմանք համարձակվում են, չգիտես ինչ շարժառիթներով, փոքր հռչակել: Թերեւսՙ փոքր թե փոքրոգի մտածողության արգասիք, եթե այլ գնահատական չհնչեցնենք: Ինչ մնում է բուն տարածքին ու հայության թվաքանակին, ապա առաջինով համաշխարհային դասակարգման մեջ մենք 110-115-րդ տեղերում ենք, երկրորդովՙ 75-80-րդ տեղումՙ որոնց առումներով որեւէ գնահատական հնչեցնելը պարզապես բարոյական չէ, քանզի ոմանք կարող են սույն թվերի մեկնաբանության մեջ ոչ հարգալից նախանշաններ տեսնել, մյուսները յուրովի որակումներ տալ. շատն ու քիչը հարաբերական հասկացություններ են: Այնպես որ տեղինն ու արդարացվածը առայժմ մեկն է. ինչքանով է մեր ունեցածը ծառայեցվում հայաստանցու եւ հայության շահերին, նպաստում առաջիկա առավել ծավալուն ու ընդգրկուն խնդիրների իրականացմանը: Ահա այս առումով դիտարկելով մայր հանդիսացող հայաստանյան առօրյան, նկատում ենք, որ խնդիրների այն կապոցից, որոնք ծառացել են մեր առջեւ, տեսանելի որեւէ հանգուցալուծման հասնել չի հաջողվում: Եթե դրանցից մեկի, ռազմա-պաշտպանական առումով հարցն ընդգծված նեղ մասնագիտական է եւ պարզապես հնարավոր չէ լրագրողական թե սիրողական մակարդակով անգամ խորքային կարծիք հնչեցնել, ՀՀ կենսագործունեությունը պայմանավորող մնացյալ հատվածներում գործերը պարզապես ոգեւորող չեն, եթե մտահոգիչ չհամարենք: Ահա այս է, ըստ հեղինակիս ու իր շրջապատի որոշ ներկայացուցիչների մոտեցումը, ըստ որի երկիրը փոքր հռչակելով փորձ է արվում արդարացնել պարզ անգործությունից մինչեւ ծպտյալ հանցագործության տանող գործընթացը: Չէ՞ որ շարքային քաղաքացին, եթե նույնիսկ ակտիվ ընտրող է, պարտավոր չէ պետականաստեղծ խնդիրների ու ոլորտների շուրջ բավարար պատկերացումներ ունենալ. նա պարզապես հավատում ու վստահում է մարդկանց այն խմբին, ովքեր որոշակի առումներով փորձում են ներկայացնել դրանք եւ լուծումներ առաջարկել: Պարբերաբար երբ գալիս է դրանք իրականացնելու պահը, մեզանում պարզվում է, որ խնդիրները նորովի ուսումնասիրելու հարկ կա, փորձաշրջան է պահանջվում, ճանապարհները փակ են, շրջափակման խոչընդոտներ ունենք, հաշվարկներում ֆորս մաժորային վրիպումներ են եղել, նեղ մասնագիտական ներուժի անհրաժեշտություն կա, ի վերջո պարզվում էՙ քանզի փոքր երկիր ենք, հարցերի լուծումները ժամանակ են պահանջում: Եվ հարցըՙ ինչքանով են դրանք արդարացված, հնչում է ինքնաբերաբար: Փորձենք դիտարկել դրանցից մեկը, թերեւս ամենակարեւորըՙ մեր հաց-հացամթերքներով ապահովվածության խնդիրը: Այսօր էլ հայաստանյան տնտեսագիտական շրջանակի որոշ ներկայացուցիչների մոտ գերակայում է այն մոտեցումը, թե հացամթերքներով ապահովվածությունը պահանջում է միջին բնակչի հաշվով 1 տոննա հացահատիկի արտադրություն, հիմնականում ցորենի տեսքով: Քանի որ 3 մլն ենք, ստացվում է 3 մլն տոննա հացահատիկի արտադրություն: Այնքանով որքանով բերքի այս տեսակի հեկտարից ստացվողը մեզանում 2 տոննա է, պահանջվում է 1,5 մլն հեկտար տարածք, երբ մեր ողջ վարելահողային հատվածը մոտ 500 հազար հա է: Արդյունքում ունենում ենք տխուր մի պատկեր, երբ ՀՀ ներկայիս տարածքն է պատճառը, որ հազիվ 3 մլն-ին հացահատիկով բավարարել հնարավոր չէ, ելքը ցորենի ահռելի քանակների ներկրումներին ապավինելն է, հացահատիկների գների անկայունության հետ հաշտվելը, հերթական դժվարություններին սպասելը: Հիմա ներկայացնենք անցանկալի այս պատկերի մասամբ պարզ տարբերակը: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության վերջին տարիների հաղորդագրություններում մշտապես նշվում է երկրում հացի տարեկան 300 հազար տոննա արտադրության թիվը: Հացի այս քանակ արտադրելու համար, յուրաքանչյուր չափահաս կփաստի, որ անհրաժեշտ է 220-240 հազար տոննա ալյուր, որն իր հերթին ունենալու համար անհրաժեշտ է մաքրված եւ որոշակի աստիճանի խոնավության հասցված 300-320 հազար տոննա պարենային ցորեն: Ավստրիայում, որտեղ տողերիս հեղինակը վերջին տարիներին հաճախ է հյուրընկալվել եւ շփվել հացահատիկ մշակողների հետ, հեկտարի միջին բերքը 7-8 տոննա է, համախառն բերքըՙ մոտ 1,8 մլն տոննա: Փաստ է, որ ՀՀ-ում կան հեկտարից 6-7 տոննա ցորեն ստացող տասնյակ հողագործներ, այնպես որ խնդիրը նրանց քանակներն ավելացնելու մեջ է: Հաշվառելով նաեւ ՀՀ առկա բնակչության մակարոն-հրուշակեղենի պահանջները, խնդրի լուծումը ենթադրում է առավելագույնը 350-370 հազար տոննա ցորենի արտադրություն, որի ստացումը հարկ է կազմակերպել 50-60 հազար հեկտար տարածքի վրա, որն ավելին չէ, քան ՀՀ գյուղատնտեսական նշանակության հողերի 3 տոկոսը, առավել արդյունավետ գյուղգործունեություն ծավալելու համար նպաստավոր վարելահողերի էլ 10 տոկոսը: Տողերիս հեղինակը, ով մշտապես է հարցերի այս շրջանակով առնչվում ու անհանգստացնում ոլորտի պատասխանատուներին, տարօրինակորեն թե ցավալիորեն որեւէ հիմնավոր բացատրություն չի ստանում: Այն տեղ չի գտել նաեւ հունվարի վերջերին ՀՀ վարչապետի մոտ անցկացված գարնան գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը նվիրված խորհրդակցության ընթացքում: Ստացվում է, որ ՀՀ մասնագիտական ու վարչական միտքը չի պատրաստվում օրակարգից մեկընդմիշտ հանել որեւէ երկրի համար առաջնահերթություն համարվող, իսկ հայերս բացառություն չենք, հաց-հացամթերքներով բավարար ապահովվածության խնդիրը: Արդյունքումՙ ստիպվածից-պարտադրված ծագելու են ներմուծման բազմապիսի հարցեր, դրանք խնդիրներ են հարուցելու, կոռուպցիոն ռիսկեր են առաջանալու, մոնոպոլ իրավիճակներ են կազմավորվելու, ստվերային գործընթացներն են ահագնանալու: Անգամ եթե վստահ լինենք, որ դրանց դեմ պայքարը չի մարելու, արդյոք առավել նպաստավոր չէ՞ դրանք ծնող հետեւանքների վերացումը սեփական արտադրության օգնությամբ կանխելը, որն էՙ օգնել հայ հողագործին արտադրելու երկրին անհրաժեշտ ցորենի ոչ մեծ ծավալները: Նախորդ իշխանություններն այդպես էլ չլուծեցին ոչ բարդ հացի հանապազօրյա խնդիրն ու այսօր պատմության հետնախորշերում են: Այստեղ այն մոտեցումը, թե հացը որպես սննդատեսակ սպառելը առաջնահերթություն չէ եւ այս ընթացքում եվրոպացիներին վկայաբերելը հիմնավորապես պարզունակ մոտեցում է, քանզի ցանկացած եվրոպացի, պիցցայի տեսքով լինի թե սպագետտիի, համբուրգերի թե խմորեղենի, չմոռանալով բուն հացի մասին, ալյուրի այնպիսի քանակներ է օգտագործում, որը գերազանցում է բառի ուղղակի առումով հացակեր որակվող հանրություններին: Եվրոպայում, որտեղ հողային հնարավորությունները որոշակիորեն սահմանափակ են, մերոնց քաղաքական տերմինաբանությամբ յուրօրինակ փոքր երկրներ են, ցորենի տարեկան արտադրությունը կազմում է 250 մլն տոննա, համաշխարհային արտադրության մեկ երրորդը, երբ բնակչության հարաբերակցությունը մեկ տասներորդից էլ պակաս է: Ոչ մեծ տարածքներով չեխերը, հունգարները, բուլղարները, ռումիններն ու լեհերը վերջին տարիներին պարբերաբար արտադրում են առաջին 3-ը 5-6 մլն տոննա, հաջորդները 8-11 մլն տոննա ցորեն, 1 բնակչի հաշվով արտադրությունը հասցնելով 300-600 կգ-ի: Համանման պատկեր է խոշոր համարվող երկրներում: Ֆրանսիացիներն օրինակ, 1 բնակչի հաշվով 500 կգ ցորեն են արտադրում, բրիտանացիներըՙ 270 կգ, իտալացիներըՙ 150 կգ, երբ ՀՀ ցուցանիշը հազիվ 50 կգ է: Եվ սաՙ 40 տոկոս գյուղական բնակչություն ունենալու պարագայում: Ուղղակի զավեշտ է, երբ օրերս իրեն ինչ-որ բան ասելու իրավունք վերապահող մեկը ռադիոեթերով հայտարարում էր. պետք է իշխանություններից պահանջել մասսայական ներգաղթի կազմակերպում դեպի գյուղ, այն դիտարկել որպես գյուղոլորտի պատասխանատուների աշխատանքի գնահատական: Ահա ուր ենք հասել: Իրավիճակին իրատեսորեն նայելու պարագայում խնդիրը բարդագույններից չէ. պարզապես մարզպետարաններից յուրաքանչյուրից պահանջվում է իրենց գյուղվարչությունների ջանքերով կազմակերպել 5-6 հազար հա հացահատիկի մշակում, երաշխավորելով բարձր բերքատու, փորձարկման երթարկված սերմերի առկայություն: Հարկերի ու վարկերի տրամադրմամբ հարկ է գործընթացին մասնակից դարձնել մեծ ու փոքր հաց-հացամթերք արտադրողներին, ստեղծելով ցորենով ապահովվածության կայուն միջավայր, սպառման բազմազանություն եւ հաստատուն գներ: Այսկերպ նաեւ բարերար միջավայր կհաստատվի արտադրող-սպառող հարաբերություններում, որը հիմա երբեմն թե հաճախ հակասությունների ու հակադրությունների առիթ է դառնում: 2018-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունները, ով ինչպես ցանկանում է այն որակել, պարտադրում են նորովի ու հիմնավորապես նայել մեր այսօրեական առաջնահերթություններին, որտեղ ՀՀ պարենային ապահովության եւ պարենանվտանգության շարքում հաց-հացամթերքների հումք ցորենի անհրաժեշտ քանակների արտադրությունը քննարկում չպահանջող պարտադրանք է, մեր առավել կենսական խնդիրների կանոնակարգման հուսալի ու կայուն հիմնամիջոց: Հայաստանն այն լուծելու բոլոր պայմաններն ունի, մնում էՙ պատասխանատուների կամքի դրսեւորումը: |