ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ Նաիր ՅԱՆ Վիրտուալ իրականությունը կարող է մի վայրկյանում ցնցել հասարակությանը, քաղաքական գործչի մի սենսացիոն արտահայտությունը համացանցային բուռն քննարկումների, հայհոյանքով ու նախատինքով համեմված վեճերի առիթ է դառնում Աստծո ամեն օր: «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցին չի գոհացնում մեր հիմնի ուղերձը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկում է պետական խորհրդանիշերը փոխել: Բոլորը բանաստեղծ ու կոմպոզիտոր են դարձել, բոցաշունչ ոտանավորներ են գրումՙ ջանալով հեղափոխական երեւալ, արտահայտել նոր Հայաստանի «թավշյա» ոգին: Ոչ հավակնոտներն էլ խորհուրդ են տալիս մի քիչ համեստ լինել ու սեփական ոտանավորների փոխարեն Չարենցի, Տերյանի, Թումանյանի բանաստեղծությունները վերցնել: «Էլ գող փիսո, էլ քաչալ շուն...». միմյանց սեւացնելու արհեստին վարժված համացանցային հասարակությունն ամեն օր Արցախի հարցից ավելի պետական հիմնի ու դրոշի հարցն է կարեւորում: Համլետյան տվայտանքներով առավոտից երեկո մտատանջվում էՙ լինե՞լ, թե՞ չլինել: Պետական խորհրդանիշերի փոփոխման խնդիրը ժամանակ առ ժամանակ սրվում է: 9-10 տարի առաջ կոնսերվատորիայում, կոմպոզիտորների միությունում լուրջ քննարկումներ էին ընթանում, անգամ հիմնի ձայնագրված տարբերակների պրեմիերաներ եղան, անվանի մարդիկՙ Էդվարդ Միրզոյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Տիգրան Մանսուրյանը, Վլադիլեն Բալյանը, Գեղունի Չթչյանը, Դանիել Երաժիշտը, Ռոբերտ Ամիրխանյանը համակարծիք էինՙ մեր հիմնը պետք է փոխվի: Այն հայկական չէ, ոչ էլ դասական է, մի քանի նոտայի վրա է հիմնված, որի յուրաքանչյուր տողի հնչերանգը ոչ թե բարձրանում է, ինչը հատուկ է հայ երաժշտությանը, այլ իջնում է, ինչը հատուկ չէ հայ երաժշտությանը: Յուրաքանչյուր երկրի հիմն պետք է հզորություն, ուժ, անհաղթելի կամք ներշնչի իր ժողովրդին, նրան բարձրացնի, ինքնավստահություն սերմանի, իսկ Միքայել Նալբանդյանի բանաստեղծությունը, որը թարգմանություն է, ինչքան էլ խմբագրված լինի, միեւնույն է, թշվառության ու անտերության սերմեր է գցում: 9-10 տարի առաջ մտավորականներն ու արվեստագետները մեծ մասամբ պաշտպանում էին Արամ Խաչատրյանի երաժշտությունը պետական հիմն դարձնելու տեսակետը: «Սովետակա՜ն ազատ աշխարհ Հայաստա՜ն...». նրանք մեծ ոգեւորությամբ երգում էին ու ավելացնումՙ կարելի է սովետականն այլ բառով փոխարինել, մի քիչ խմբագրել ու կունենանք հզոր, խաչատրյանական հիմն: Հիմա էլ, երբ պետական խորհրդանիշերը փոխելու հարցը քննարկումների կիզակետում է, խաչատրյանական հիմնին վերադառնալու առաջարկներն առաջնագծում են: Ավագ սերունդը խորհուրդ է տալիս, հորդորում, խնդրումՙ մի՛ կրկնեք այն, ինչ եղավ 1990-ականներին, երբ հապճեպ ընդունվեց «Մեր հայրենիք» հիմնը: Նախապես հրահանգված կերպով դահլիճը ոտքի կանգնեցՙ իբր ինքանբուխ ստացվեց, իբր հիմնն այնքան ազդեցիկ էր, որ ինքնաբերաբար բոլորին ոտքի հանեց: Այդպես ձեռքի հետ, ոտքի վրա ընդունվեցՙ առանց մասնագիտական քննարկման, կարծիքների բախումների ու մրցույթի: Այն ժամանակ էլ է Արամ Խաչատրյանի երաժշտության տարբերակն առաջարկվել ու այդպես էլ անտեսվել: Թե որքան կլրջանա պետական խորհրդանիշերը փոխելու հարցը եւ որ հարթակներում կքննարկվի, հայտնի չէ: Հույս ունենանք, որ 1990-երի նման հապճեպ որոշումներ չեն կայացվի: Այսօրվա իշխանության ներկայացուցիչները սովորել են հանրությանը լակմուսի թուղթ սարքել. մի թեմա են վերցնում, գցում համացանցի բերանն ու սպասում վիրտուալ հանրության արձագանքին. ոչ մի հիմնավորված, մասնագիտական քննություն անցած տարբերակ, ոչ մի լուրջ, խորքային պատկերացում: Կարծես ննջասենյակի պաստառի գույն ընտրելիս լինեն: Այն, որ հասարակության ամենաբարձր օղակից մինչեւ ամենացածրը համակարծիք են, որ հիմնը պետք է փոխվի, ոչ ոք չի վիճարկում, ուրեմն պետք է լուրջ քայլեր անել, ոչ թե հարցին մոտենալ համացանցային վիճաբանությունների մակարդակով: Հանրության մի հատվածն էլ կարծում է, որ հիմա պետական խորհրդանիշերը փոխելու ժամանակը չէ. ավելի լուրջ, օրհասական հարցեր կան: Ավելի առաջնային է պետականշինությանը լծվելը, կառավարման ճիշտ համակարգ ստեղծելը, գիտակից, փորձառու կադրեր գտնելը: Նոր իշխանություններիՙ խորհրդանիշերը փոխելու առաջարկը հաճախ սվիններով է ընդունվում այն պարզ պատճառով, որ ժողովուրդը դեռ նրանց աշխատանքը գոծնականում չի տեսել, վստահ չէՙ արդյո՞ք կարող են քարը քարի վրա դնել: Երբ լավ աշխատանքի արդյունքները երեւան, այն ժամանակ էլ նոր իշխանությունները պետական խորհրդանիշերը փոխելու իրավունքը կվաստակեն: Քանի դեռ գիտակից դաշտ չկա, յուրաքանչյուր առաջարկ անգիտակցաբար է մեկնաբանվելու, անգիտակից որոշումներ են կայացվելու: Հիմա ով ինչ հումոր, սրամտություն, անեկդոտ ու անպարկեշտ միտք ասես, արտահայտում է ու ինքանդրսեւորման, ինքնարտահայտման հնարավորությունն օգտագործում: Սա լուրջ չէ, պարոնայք, այսպես վերաբերվում եք պետական ու ազգային բոլոր հարցերին: Այս մթնոլորտում, անհամապատասխանության այս միջավայրում որեւէ լուրջ հարց քննարկելն աբսուրդ է: Բանը նրան է հասել, որ անգամ առաջարկ է հնչում հիմնի բառերի մեջ օգտագործել «թավշյա» եւ «դուխով» բառերը, շատ սրամիտներն են առաջարկում են, մեղա՜, մեղա՜, եռագույնի վրա «թրաշ» նկարել: Սա հումոր չէ, սանձարձակություն ու սրբապղծություն է: Սա հումոր չէ, ծիծաղելի չէ, զավեշտական չէ. սա ողբերգություն է, անարգանք սեփական արժեքների նկատմամբ, որոնց համար հազարավոր հայորդիների արյուն է թափվել, հազարավոր հայորդիներ թեկուզ անհաջող, բայց պետականորեն ճանաչված «Մեր հայրենիքը» շուրթերինՙ Արցախ են ազատագրել, ընկել ու եռագույնով ծածկվածՙ հողին հանձնվել: Իրականում պետական խորհրդանիշերը շատ կարեւոր են, բայց ավելի կարեւր է ստեղծել հզոր պետություն, բարձր արժեհամակարգ, ունենալ պետական, ազգային բարձր գիտակցություն. հիմնն ու մյուս խորհրդանիշերը դրանից հետո միայն լիարժեք կարտահայտեն պետության ու ժողովրդի իրական ուժն ու ոգին: Ու դա ինքնաբերաբար, ինքնըստինքյան, վստահաբար շատ հաջողված, կատարյալ հիմն կլինի: |