ՀՈԼՈՔՈՍԹԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐԸ ԴԵՐԲԻՈՒՄ Հ.Ծ. «Անգլիայի գլխավոր քաղաքներից Դերբին դարձավ 2019-ի առաջին քաղաքը, որ ճանաչեց եւ հիշատակեց Հայոց ցեղասպանությունը շնորհիվ ֆոտոլրագրող Ռասել Պոլադի անդուլ ջանքերի արդյունքում արձանագրված իշխանությունների միաձայն քվեարկության», տեղեկացնում է Լոնդոնից դոկտ. Հրաչ Գույումճյանը , հիշեցնելով, որ Էդինբուրգը 2005-06 թվերին դարձել էր Միացյալ թագավորության առաջին քաղաքը, որ ընդունել եւ ճանաչել էր Հայոց ցեղասպանությունըՙ հակառակ քաղաքական ճնշումների: Դերբիում այս տարվա Հոլոքոսթի հիշատակման միջոցառումները տեւել են հինգ օրՙ սկսած հունվարի 28-ից եւ ներառել են կրոնական տարբեր արարողություններ Սուրբ Մարիամ մատուռում, որտեղ ընթերցումներ են կատարվել ինչպես Սուրբ գրքից, հրեական քադդիլից, այնպես էլ ղուրանից: Խոհական լուռ մթնոլորտում հայերեն եւ անգլերեն լեզուներով ընթերցվել է Պարույր Սեւակի «Մենք քիչ ենք, բայց մեզ հայ են ասում» բանաստեղծությունը: Այնուհետեւ հիշատակման արարողությունը տեղի է ունեցել Գրին վանքի ծառուղում, որտեղ քարեր են տեղադրվել ի հիշատակ Հոլոքոսթի եւ ցեղասպանությունների զոհերին: Միջոցառման բացումը տեղի է ունեցել քաղաքապետարանում: Ներկա են եղել հրեական, ուկրաինական, հայկական եւ բոսնիական համայնքների ներկայացուցիչները: Հայկական համայնքը ներկայացրել են Լոնդոնում հայկական դեսպանատան հյուպատոս Հայարփի Դրմեյանը եւ Միացյալ Թագավորությունում Հայկական համայնքային խորհրդի ներկայացուցիչներ Վիգեն Հալաճյանը եւ Վահան Գրիգորյանը, խորհրդի փոխնախագահ դոկտ. Հրաչ Գույումճյանի գլխավորությամբ: Հայաստանի հյուպատոսը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին Հայոց ցեղասպանության ճանաչման գործում իր հետեւողական ջանքերի համար: Համայնքային խորհրդի անդամները նույնպես իրենց շնորհակալություններն են արտահայտել եւ քաղաքապետին նվիրել Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրքեր: Նկար 1. Աստիճանների մոտ: 1-ին շարքում ձախից երրորդըՙ Դերբիի քաղաքապետ Մայք Կարրը, կողքինՙ Հայարփի Դրմեյանը եւ դոկտ. Հրաչ Գույումճյանը, 2-րդ շարքումՙ ձախիցՙ պրոֆ. Ջոնաթան Փաուերսը, Դերբիի քաղխորհրդի առաջնորդ Քրիս Փոլտերը եւ Վիգեն Հալաճյանը: |