ԵՎՐՈՊԱՆ ՇՐՋԱՆՑՈՒՄ Է ՀԱԿԱԻՐԱՆԱԿԱՆ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ Բեռլինը, Լոնդոնը եւ Փարիզը ստեղծել են հաշվարկների հատուկ մեխանիզմ, որպեսզի շրջանցեն Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները: Այդ մասին հաղորդում է ֆրանսիկական Le Figaro թերթը: Հունվարի 31-ին Բուխարեստում տեղի ունեցած հատուկ հանդիպման արդյունքների հիման վրա Բեռլինը, Լոնդոնը եւ Փարիզը հրապարակել են համապատասխան համատեղ հայտարարություն: Դոնալդ Թրամփի նախագահ դառնալուց հետո Ֆրանսիայի, ինչպես նաեւ եվրոպական մյուս երկրների արտաքին քաղաքականությունը կորցրել է իր կողմնորոշիչները: «Անհնար է քիչ թե շատ խելամիտ դիվանագիտություն վարել նման ղեկավարի հետ», վերջերս հայտարարեց ֆրանսիացի բարձրաստիճան դիվանագետներից մեկը: Օրերս Իրանին վերաբերող նախաձեռնությամբ հանդես եկած Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան փորձում են ինչ-որ ձեւով փոխհատուցել պատժամիջոցների հետեւանքով իրենց պատճառված վնասը: Նոր համակարգը (այն կոչվում է INSTEX, անգլերեն Instrument in Support of Trade Exchangesՙ առեւտրական գործառնությունների աջակցման գործիք), որը հիշեցնում է փոխանակային գործարք, նպատակաուղղված է Իրանի հետ դոլարային գործարքների բացառմանը եւ ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների շրջանցմանը: 2003 թվականից Իրանի հետ ակտիվորեն բանակցող եվրոպական երեք խոշոր երկրները ուզում են փրկել 2015 թ. հուլիսին Իրանի հետ ստորագրված միջուկային բազմակողմ համաձայնագիրը, որից նախագահ Դոնալդ Թրամփը դուրս եկավ անցյալ տարի: Եվրոպական երեք երկրների հայտարարության մեջ նշվում է, որ INSTEX SAS համակարգը ուղղված է Եվրոմիության եւ Իրանի տնտեսական անդամների միջեւ օրինական առեւտրային գործարքների դյուրացմանը: Բեռլինը, Փարիզը եւ Լոնդոնը ընդգծում են, որ սկզբնական շրջանում համակարգը կօգտագործվի Իրանի համար կենսական նշանակություն ունեցող ապրանքների առեւտրի համար. մասնավորապես խոսքը դեղագործական արտադրանքի, բուժսարքավորումների եւ գյուղմթերքների մասին է: Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լե Դրիանը մանրամասնել է, որ Ֆրանսիայում գործարքների տվյալ համակարգը կստեղծվի Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի մասնակցությամբ: Եթե Թրամփին նախորդած Բարաք Օբաման կողմնակից էր Իրանի հետ երկխոսության, որի շնորհիվ ստորագրվեց իրանական միջուկային ծրագրին վերաբերող 2015 թ. բազմակողմ համաձայնագիրը, ապա Դոնալդ Թրամփի վարչակազմը վերականգնեց Իրանի դեմ ուղղված պատժամիջոցների ռեժիմը եւ սպառնում է պատժել Իրանի հետ առեւտրական գործարքներ իրականացնողներին: Իրանի հետ փոխադարձ հաշվարկների առնչությամբ Փարիզի, Լոնդոնի եւ Բեռլինի ստեղծած փոխադարձ հաշվարկների մեխանիզմը, միեւնույն ժամանակ, Սպիտակ տան իրանական քաղաքականությանը եվրոպացիների հակազդելու դրսեւորումն է: Եվրոպացիներն առաջին անգամ են բացահայտորեն ստեղծում ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու գործիք: Եվրոպացիները փորձում են ապացուցել, որ ճնշման գործադրմամբ երկխոսության իրականացումը կարող է ուժից ավելի արդյունավետ լինել: Առայժմ դեռեւս չգործող INSTEX համակարգը միայն առաջին փուլն է Թեհրանի համար: Նման համակարգի տնտեսական արդյունքը առայժմ համեստ է, նույնիսկ եթե ապագայում դրան միանան ուրիշ ոչ եվրոպական երկրներ: Սակայն դիվանագիտության մեջ խորհրդանշական իմաստը հաճախ փաստերից ուժեղ է լինում: Գործելով ի շրջանցումն ԱՄՆ-ի արտատարածքային պատժամիջոցներիՙ Ֆրանսիան, Գերմանիան եւ Մեծ Բրիտանիան փորձում են ապացուցել համաձայնագիրը փրկելու իրենց վճռականությունը: Նրանց կարծիքով, նման քաղաքական ուղերձը պետք է Թեհրանին համոզի դուրս չգալու միջուկային գործարքից, կարծում է Le Figaro թերթի հոդվածագիրը: Հակաիրանական պատժամիջոցների շրջանցման եվրոպական համակարգի էությունն այն է, որ իրանական նավթի գնումների դիմաց վճարումները կատարվում են ոչ թե իրանցիներին, այլ եվրոպական այն ընկերություններին, որոնք Իրանին մատակարարում են դեղորայք, բուժսարքավորումներ, գյուղմթերքներ եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ: |