Ո՞Վ Է ՆԱԽԿԻՆ ԿԱՐԴԱՑԱԾԸ ՊԱՏՄՈՒՄ, ԵՎ Ո՞Վՙ ՆՈՐ ԳԻՐՔ ԳՐՈՒՄ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ Հայաստանի քաղաքացիները հոգնել են փոփոխության սպասումից` նրանք իրական փոփոխություններ են ուզում: Այնպես որ` եթե նոր կառավարության ծրագիրը սպիտակ ու դատարկ թուղթ էլ լիներ, մարդիկ հակված են դրանով անգամ նոր կառավարությանը փոփոխությունների, «տնտեսական հեղափոխության» խոստումն իրականություն դարձնելու հնարավորությունը տալ: Քանի որ դա ժողովրդի քվեով ընտրված քաղաքական մեծամասնության կառավարութան սպիտակ թուղթն է, ու այդ թուղթը ժողովրդին չի հետաքրքրում բոլորովին, նրան հետաքրքրում է, որ վերջապես նոր կառավարությունն աշխատի ի՛ր ծրագրով, պատճառ չբռնի, որ ստիպված իներցիոն հին բյուջեն է իրականացնում, ոչ մի ուրիշ պատճառից էլ չկառչի, թե ինչու չստացվեց արդյունավետ աշխատել, այլ ընդհակառակը` ցանկալի արդյունք ցույց տա: Որ վերջապես ժողովուրդն էլ իրավունք ստանա` կա՛մ գոհանալու ու գովելու կառավարությանը, եթե արդյունք ստացվի, կա՛մ` խիստ քննադատի ու իր կյանքը փոխելու նոր պահանջներ ձեւավորի, եթե չստացվի: Տարբեր տրամաչափի տնտեսագետներն ու ոլորտային մասնագետները դեմքի խելացի արտահայտությամբ որ քնադատում են կառավարության նոր ծրագիրը, խոսում թվերի , թիրախների, գործիքների բացակայությունից` միգուցե ճիշտ են, իրոք, բայց արժե նրանց հիշեցնել, որ հենց մոտիկ անցյալում իրենց սարքած թվախեղդ, թիրախախեղդ ու գործիքախեղդ բյուջեներով են, չէ՞, հասցրել ժողովրդին աղքատության այս վիճակին, ռեսուրսների փոշիացմանը, պետության հսկա արտաքին պարտքին, ու ժողովուրդն առանց նրանց գրած գեղեցիկ թվերի մեջ խորանալու` տուն ուղարկեց այդ խելացիներին ու նրանց թվային բյուջեների պատասխանատուներին: Այնպես որ`սովորական մարդիկ դեռ հակված են այս պահին ընդունել լեգիտիմ, հանրության վստահության ռեսուրսը դեռեւս տիրապետող կառավարության նոր խաղի կանոնները` ոչ թե մանրամասն, այլ ընդամենը մոդելավորում պարունակող ծրագրով «տնտեսական հեղափոխություն» իրականացնելու մտադրությամբ: Ուրիշ բան, որ հենց նույն կառավարությունն առանց մանրամասնված թվերի մթության մեջ ափլփելով շարժվողի պես է աշխատելու, անընդհատ հետ է գնալու եւ նայելու է նախորդ տարիների բյուջեները, որպեսզի կարողանա կողմնորշովել` ինչն-ինչպես, մանավանդ` նախարարությունների թիվը կառավարության կառուցվածքի մասին օրենքի նոր նախագծով 17-ից դառնում է 12, եւ նախօրոք պատրաստված մանրակրկիտ ցուցանիշներ այս առումով էլ չէին կարող լինել: Սակայն դա հենց նույն կառավարության պրոբլեմն է, եւ ոչ թե ՀՀ քաղաքացու: Կամ քաղաքացու պրոբլեմն է այնքանով, որքանով որ նրան վարչապետ Նիկոլ Փաշինյանը «քաղաքական հեղափոխություն» անելու գործիքակազմով ուզում է մասնակից դարձնել, ներառել իր հայտարարած «տնտեսական հեղափոխության» մեջ, ու անգամ այս պարագայում Փաշինյանն ինքը, եւ ոչ թե ժողովուրդն է պատասխանատու ծրագրի իրականացման համար մեծ հաշվով: Հայաստանի քաղաքացուն ընդամենը պետք է, որ իր համար որեւէ ծրագիր ուղենիշ համարող կառավարությունը շուտ անցնի իր ծրագրի կատարմանը: Նոր կառավարությունն ինչքան շուտ աշխատի` այնքան շուտ ժողովուրդը կհասկանա` սխալվե՞լ է, թե ոչ. սխալված լինելու դեպքում այնքան շուտ կսկսի ելքեր որոնել իրավիճակից: Իսկ հիմա ավելի լավ է թողնենք, որ կառավարությունն իսկապես ու վերջապես սկսի աշխատել, ու մենք տեսնենք , թե ինչ բան է վարչապետ Փաշինյանի ասած «տնտեսական հեղափոխությունը», որը նախ, ըստ Փաշինյանի, բոլորիս գլխում պետք է տեղի ունենա` սկսած ՀԴՄ կտրոնը պահանջելու իմպերատիվ պարտավորությունից մինչեւ սեփական խեղճությունը հաղթահարելու բարդույթից ազատման համատարած ջանք` Հրանտ Մաթեոոսյանի բանաձեւով: Վերջին դեպքում պետությունը նախատեսում է տնտեսության ներառականություն, այսինքն` տնտեսական գործունեության մասնակիցների շրջանակի կտրուկ ընդլայնում` սովորական մարդու հաշվին, որի համար մինչեւ 24 մլն դրամ շրջանառության պարագայում հարկման շատ թեթեւ մեխանիզմներ է առաջարկում կառավարությունը: Առայժմ այդ հեղափոխությունը սկսվում է թանկացումների նոր ալիքով` թանկացել են հացը, ալյուրը, բանանը, կարտոֆիլը, տեղական արտադրության կաթնամթերքը եւ այլն: Երեք օրվա շատախոսություն Երեք օր Ազգային ժողովում տաք քննարկվող կառավարության հնգամյա ծրագրի շուրջ ողջ բանավեճին հետեւելով, պատգամավորների` վարչապետին տված հարյուրավոր հարցերի փաշինյանական պատասխանները լսելով, իհարկե, դեռեւս դժվար է վստահություն ունենալ, թե հենց այս ծրագրով է հնարավոր վարչապետի ասած «տնտեսական հեղափոխությունը», քանի որ հնչած քննադատության մեջ էլ բավականին սթափ գնահատականներ կային, սակայն 50-ից ավելի հարց տվող եւ 40-ից ավելի ելույթ ունեցող պատգամավորներին լսելով` Նիկոլ Փաշինյանն, անտարակույս, բավական մեթոդական օգնություն ստացավ` գնահատելու համար ե՛ւ իր թիմակիցների աշխատանքը` հնգամյա ծրագրի թերի կամ ուժեղ կողմերի հետ կապված, ե՛ւ հետագայում անելիքի ճշգրտման առումով: Ինքն էլ էր իր եզրափակիչ ելույթում նման մի բան ասում Էր (այն, ինչ չի սպանում` ուժեղացնում է): Այնպես որ ժամեր շարունակ ամբիոնի մոտ հոգնատանջ կանգնած լինելն, անշուշտ, իր բարերար հետեւանքները կունենա ծրագիրն իրականացնելիս: Ինչպիսի քննադատություն էր հնչում Թվեր-ցուցանիշներ չկան, ճանապարհային քարտեզ չկա, իրականացման մեխանիզմները հստակ չեն, առանց ցուցանիշների դժվար կլինի վերահսկողության իրականացումը` թիրախները չափելի չեն, մի շարք հարցերի մակերեսային մոտեցումներ են ցուցաբերվել, ծրագիրը նախապես չի ուղարկվել ԱԺ խմբակցություններ եւ մանրամասն չի քննարկվել ընդդիմադիրների հետ. եթե կարճ` ապա այսպես կարելի է բնութագրել Նիկոլ Փաշինյանի ներկայացրած կառավարության ծրագրի քննադատությունը խորհրդարանում: Թոշակների եւ նվազագույն աշխատավարձերի բարձրացման թվեր չկան, բայց 2023 թվին էապես պետք նվազեցված լինի աղքատությունը, էապես որքանՙ հայտնի չէ: ՀՆԱ-ն աճելու էՙ միջինը 5 տոկոսոանոց է, ապրանքների եւ ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է 42-45 տոկոսի հասնի: Մինչեւ 24 մլն շրջանառություն ունեցողները շահութահարկից ու շրջանառության հարկից ազատվելու են` կառավարությունն օգտագործում է ներառական տնտեսություն հասկացությունը` տնտեսական ակտիվությանն ավելի լայն շրջանակով մարդկանց ներգրավելու առումով: Կառավառության ծրագրով Սփյուռքի նախարարություն չի լինելու` այլ միայն վարչապետին կից Սփյուռքի հարցերով հանձնակատար, որը, եթե դատելու լինենք հեռահար պլաններից, խնդիրները համակարգելու է եւ մի քանի նոր գաղափար գործարկի`ասենք` Սփյուռքը պարտատոմսերով մասնակից պետք է լինի հայաստանյան ներդրումներին, եւ ուրիշ նորամուծություններ: Արցախի հարցում նոր բան չկա` այն է, ինչ միշտ հնչեցրել է վարչապետը` Արցախը բանակցային սեղան վերադարձնելու գլխավոր բաղադրիչով: Ի դեպ` Ալիեւն այս շաբաթ դեն գցեց խաղաղության պահապանի ժամանակավոր դիմակն ու անցավ իր սովորական հռետորաբանությանը, թե բա` ուժն է ծնում իրավունք: Կառավարության ծրագիրը նաեւ խորհրդարանից դուրս կոշտ քննադատության արժանացավ` ՀՅԴ-ն տնտեական եւ քաղաքական բացասական գնահատականներ հնչեցրեց, անգամ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն էին դժգոհ մնացել ծրագրի` կոռուպցիայի դեմ պայքարի ուղղվածությունից, առաջարկելով իրադրային պայքարը կոռուպցիայի դեմ փոխարինել ինստիտուցիոնալ համակարգով, առաջնահերթություններ ու գերակայություններ ուրվագծել: Փաշինյանն ասում էր, թե ծագման բացատրություն չունեցող ունեցվածքի բռնագրավման հնարավորություն է ստեղծվելու: «Ինչ կոնկրետ է` ճիշտ չէ, ինչ ճիշտ է` կոնկրետ չէ», բնորոշել է ծրագիրը նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նիկոլ Փաշինյանը, ով առաջ միայնակ խորհրդարանում իշխանություններին այն աստիճան էր գամում անարգանքի սյունին, որ պաշտոնյաներից շատերն արդեն դատապարտվածի պես էին գալիս խորհրդարանի դահլիճ նրա իսկ պատճառով, ստիպված էր ինքը լսել նման քննադատությունՙ ընդհուպ լուսավորչական Անի Սամսոնյանի էպատաժ. «Խնդրում եմ` մուննաթ չգալ ընդդիմության վրա, քանի որ Դուք նախկին ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանը չեք, եւ այստեղ ընդդիմությունը նախկին կոռումպացված իշխանությունը չէ Ձեզ համար»: Կամ` Էդմոն Մարուքյանի հեգնանքի ունկնդիրն էր, թե` հեղափոխությունը էդքան չի կարելի երեսով տալ, էն էլՙ որ դա անում են հեղափոխության հետ գործ չունեցողները: Հա, իսկապես, համաձայնենք, հեղափոխություն անելու վերաբերյալ ԱԺ դահլիճում ինքնահիացքը եւ կարոտաբաղձությունը շատ էին: Նիկոլ Փաշինյանի ներկայացրած ծրագիրը երկշերտ ընդդիմության մի հատվածը կոշտ քննադատեց («Լուսավոր Հայաստանը»), մյուս հատվածը (ԲՀԿ-ն) առաջարկում էր ծրագրում շտկումներ անել` ժամանակացույց, ռիսկերի գնահատում, իրականացման երաշխիք- մեխանիզմների ամրագրում, եթե սրանք ներմուծվեն ծրագիր, գոնե ծրագրի վերջնամասում ավելացնելով դրանք, ըստ Միքայել Մելքումյանի, ԲՀԿ-ն կկարողանար կողմ քվեարկել ծրագրին: ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կառավարության ծրագրի քննարկման առաջին օրն ասել էր, թե ցանկություններով լի ծրագրի իրագործման համար փողն ու իրագործման մեխանիզմները բացակա են, եթե քաղաքական հեղափոխության համար «դուխ» ու կամք է պետք, ապաՙ տնտեսական հեղափոխության համար` փող, ժամկետներ ու իրագործման մեխանիզմ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը նաեւ վերապահում ուներ, որ կառավարության կառուցվածքի մասին օրենքը չի ընդունված` նախ դա պիտի ընդունվեր, որ իմանայինք, թե ինչ կառուցվածքով է կառավարության ծրագիր իրականանալու: Բացի այդ` նա խորհուրդ էր տալիս երկրորդ պլանի նախկին պաշտոնյաներից ազատվել, քանի որ նրանք խանգարելու են` չեն հավատում տնտեսական հեղափոխությանը, նրանք հանրային գեներացված սպասմանը չեն համապատասխանում, ու որ հինգտոկոսանոց աճը նրանք են գրել ծրագրում, դա հեղափոխական կառավարության աճ չի: «Լուսավոր Հայաստանը» ծրագրին դեմ քվեարկելու մասին հայտարարեց: ԲՀԿ-ն, ի դեմս Նաիրա Զոհրաբյանի, վախվորած-զգուշավոր անվանեց ծրագիրը, որը հեղափոխական կառավարության, բարձր լեգիտիմության արտացոլանքը չէ: ԲՀԿ առաջարկների փաթեթ է ներկայացրել` դրան արձագանքով պայմանավորեց իր քվեարկության կերպը (դրանք ներառել ծրագրում Սահմանադրությունը թույլ չի տալիս): «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հեղափոխական, ճկունության հնարավորություն տվող համարեց ծրագիրը, որը թավշյա հեղափոխության բովանդակային փուլ կապահովի: Եզրափակիչ ելույթում Նիկոլ Փաշինյանը առավել քան կոշտ պատասխանեց ընդդիմախոսներին` թեեւ պահպանելով քաղաքավարական դարձվածքների էթիկետը: Միաժամանակ այդ ելույթով նա վերջնականապես փակեց դուռը «Լուսավոր Հայաստանի» հետ բարիդրացիական հարաբերությունների`իր շեշտադրումներով: Նա երեքօրյա քննարկման հաշվեկշռում նոր որակի անվանեց խորհրդարանը, քննարկումները` հաջողված, գաղափարաբանության բախմամբ, որի ժամանակ պատգամավորների մի մասը գրքերում ստացածն էր փոխանցում, մյուս մասը` հայտնում նոր գիրք գրելու մասին: Նա մատնացույց արեց կառավարության ծրագրի հիմքը` «Իմ քայլի» ծրագիր, որն ընտրություններում բացարձակ քվե է ստացել: Եւ այդ ծրագրի հիմքն էլ անհատի վերափոխմամբ հանրության վերափոխման կարեւորագույն գործոնն է, որին էլ պետությունը պետք է նպաստի, այն է` ինքն իրեն հավատալու, իր խեղճությունը հաղթահարելու քաղաքացու տրամադրվածության խորհրդաբանությանը: Ասում են` ամեն մարդ բիզնեսով չի կարող զբաղվել, ինչու միայն «դաբրո», ախպերություն ունեցողները կարո՞ղ են, հարցնում էր նա, աղքատությունը սեփական գլխում հաղթահարելու իր սկզբունքը քննադատողներին հակադրվելով, եւ նշելով, որ ինքն է հենց այդպես վարվել ամենասկզբում: Իսկ Էդմոն Մարուքյանի` կառավարության ծրագրով վարչապետի պատասխանատվությունը քաղաքացու կամ նախկին իշխանության վրա դնելու մասին խոսքը, որը Մարուքյանը համարում էր բոլոր նախագահների օրոք գործածված մանյովր, այդպիսով` Փաշինյանին տեղավորելով նախորդ երեք նախագահների հարթության վրա, Փաշինյանը հակադարձեց. «Սերժ Սարգսյանը մեղավոր էր` որովհետեւ ասում էր` ով սկզբից կմուծվի, նա կզբաղվի բիզնեսով»` ավելի բարկացած հավելելով, թե իրեն ու Սերժ Սարգսյանին նույն հարթության վրա չդնի. «Ձեզ դրեք նույն հարթության վրա», նետեց նախկինում իր հետ միասին նույն խմբակցությունը ներկայացնող Մարուքյանին Փաշինյանը: Նա պատկերավորելովՙ մեկ առ մեկ պատասխանեց մեղադրանքներին: Կառավարության ծրագիրն ընդունվեց 37 դեմ, 82 կողմ ձայներով: Լավ է, սրանից հետո լրագրողներս եւս մեղքի զգացում չենք ունենա, որ քննադատում ենք` կառավարության բուն աշխատանքը դեռ չտեսած, դե հիմա, հենց Նիկոլ Փաշինյանի խոսքով է «տնտեսական հեղափոխությունը» մեկնարկած, իսկ այդ դեպքում ճիշտն ու սխալը տեսնելը կհեշտանա: |