RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#005, 2019-02-08 > #006, 2019-02-15 > #007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 22-02-2019



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2019-02-21 23:16:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 2578, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԻ ՈՒՐՎԱԿԱՆ Է ՇՐՋՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ...

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Խոսքը անշուշտ չի վերաբերում Կարլ Մարքսի ակնարկած ուրվականին. կոմունիզմը, ինչպես կոմունիստները, անհետացան Հայաստանից այնպեսՙ կարծես երբեք էլ չէին եղել: Այլ վերաբերում է հնարմատ ատելությանը, որը, հակառակ սիրո եւ հանդուրժողականության մասին մեր լսած գրեթե ամենօրյա քարոզներին, ոչ թե սավառնում, այլ սողոսկում է մեր հասարակական ու պետական գործունեության բոլոր ոլորտներում ու թելադրում իր կամքը վերժխնդրությամբ ու ժխտողականությամբ:

Վերջերս, ընկերներիցս մեկի խորհրդով, կրկին կարդացի «Հայկական ժամանակ» թերթում անհետեւողական ընթերցմամբ ժամանակին կարդացածս մի հոդվածաշար, որի վերնագիրն էՙ «Լեւոն Տեր-Պետրոսյան. մեծ խառնակչություն»: (Տեսՙ «Հայկական ժամանակ», 2015, հունվարի 15-21): Հեղինակըՙ Ա. Սմբատյան, շարունակելի 6 հոդվածների մեջ ներկայացնում է, շատ հետաքրքրական ու կարելի է ասելՙ գրավիչ շարադրանքով ու դիպուկ համեմատություններով, հանրապետության Առաջին նախագահի գործունեութան բացառապես ստվերոտ կողմըՙ ինտրիգներով, դավադրություններով ու դավաճանություններով հագեցած, փառասիրական նկրտումներով ու վրեժխնդրական գործողություններով լեցուն:

Հոդվածաշարը, որը կարող է կմախքը դառնալ գեղարվեստական հրաշալի մի վեպի, ամենեւին ոչ պատահականորեն հիշեցնում է միջնադարյան թագավորական եւ իշխանական տների ներքին խարդավանքներն ու դավերը, այսինքն պատմության այն շրջանը, որի լավագույն մասնագետներից մեկն է հանդիսանում պատմաբան Լեւոն Տեր-Պետրոսյանըՙ իր «Խաչակիրները եւ հայերը», «Գահաժառանգության իրավունքը եւ իշխանության «լեգիտիմությունը» Կիլիկյան Հայաստանում» աշխատություններով: Հոդվածաշարում միմյանց են հաջորդում նորանկախ Հայաստանի պետաքաղաքական կյանքի գլխավոր դեմքերըՙ Վազգեն Մանուկյան, Բաբկեն Արարքցյան, Վազգեն Սարգսյան, Վանո Սիրադեղյան, Սերժ Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Րաֆֆի Հովհաննիսյան, նույնիսկ Հրանտ Բագրատյան եւ ուրիշներ: Խառնակչության դերակատարներ ու զոհեր միանգամայնՙ մեկ եւ միակ խառնակչի ճիպոտի տակ:

Բոլորովին պատահական չէ նաեւ, որ հոդվածաշարի հեղինակի ուշադիր հայացքից չի վրիպել այն, թե Առաջին նախագահի ստիպողական պաշտոնաթողությունից հետո ո՞րն է եղել նրա սեղանի գիրքըՙ գեներալ Դը Գոլի հուշագրական գործերը, որոնք Մեծ ֆրանսիացին հեղինակել է նախագահական պաշտոնից 1946-ին զրկվելուց հետո մինչեւ 1958-ի նրա Մեծ վերադարձի 12 տարիներին: Հոդվածագիրը դրանով փորձել է ցույց տալ եւ ապացուցել մեզ, որ Առաջին նախագահը արտակարգորեն աշխուժանում է հատկապես այն պահերին, երբ մեր երկրում ստեղծվում է արտակարգ վիճակ, իշխանափոխական իրավիճակ, վերադարձի հնարավորություն:

Հոդվածաշարը նորից կարդալ ինձ հանձնարարող բարեկամիս պնդմամբ, դրա հեղինակը նույնինքն Նիկոլ Փաշինյանն է, որը հասարակական ընկալումներում համարվում է Առաջին նախագահի հոգեզավակը: Այդ դեպքում առաջանում է հարցըՙ բայց ինչո՞ւ նմանՙ ավելի քան բացասական գույներով է ներկայացրել իր «հոգեւոր հորը»: Մեզ հայտնի է «հայրեր ու որդիներ» հավիտենական հակասության երեւույթը, հայրերի գործելակերպն ու սկզբունքները ժխտելու, փոխարենն իրենցը հաստատելու որդիների կամարտահայտությունը: Մի՞թե դա, այդ հոդվածաշարը, Որդու ընդվզումն է Հոր խառնակչությունների դեմ: Եվ եթե իսկապես Ն. Փաշինյանն է դրա հեղինակը, ապա ինչո՞ւ այսօր կրկնում է Հոր սխալները- համառ վրեժխնդրություն հին եւ նոր հակառակորդների դեմ, պատվերով դատավճիռներ պոտենցիալ մրցակիցների նկատմամբ, միջամտություններ Արցախի ղեկավարության գործերում, ոչ հանձնառու կեցվածք ղարաբաղյան հիմնահարցի նկատմամբ, «կաթողիկոսական» խաղեր Հայ եկեղեցու հիմերը խարխլելու գնով, Հայրիկի շոշափուկների եւ գործակալների խցկում այս ու այն պաշտոնեական դիրքերում, դիլետանտական կարգադրություններ պետական կառավարման համակարգում, թայֆաբազությունՙ այս պարագայում միրուքավոր ՀՀՇ-ականների փոխարեն միրուքավոր սորոսականների ամենալայն ընդգրկմամբ:

Խառնակչությունը շարունակվում է. Մեծ խառնակիչը գործում է օրնիբուն, եւ ամենակարեւորըՙ անարգել, անհակակշիռ, անպատիժ: Բոլորից եւ ամենքից վրեժ լուծելու նրա պահը եկել է նորից: Սակայն այս անգամ նա ունի շատ ավելի ուժեղ, միջազգային մակարդակի ախոյան, միլիարդատեր խառնակիչ, որի անունն է Ջորջ Սորոս:

Ուրեմն ճշտենք մեր վերնագիրըՙ Մի զույգ ուրվական է շրջում Հայաստանում, խառնակիչների ուրվականը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 22-02-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ