RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#005, 2019-02-08 > #006, 2019-02-15 > #007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 22-02-2019



ՄԱՀԱԽՈՍԱԿԱՆ

Տեղադրվել է` 2019-02-21 23:16:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 2197, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԼՈՒԻԶ ՄԱՆՈՒԿՅԱՆ-ՍԻՄՈՆ

Պաշտոնական մահախոսական

Փետրվարի 18-ին 85 տարեկանում վախճանվել է իր գիտակցական ողջ կյանքը հայ մշակույթի եւ հայկական արժեքների ժառանգության պահպանմանը նվիրած, մարդասեր եւ բարեգործ Լուիզ Մանուկյան-Սիմոնը:

Ըստ Լուիզ Մանուկյան հիմնադրամի անգլերեն շրջաբերականի, Լուիզ Մանուկյանը ծնվել էր Դետրոյթում (Միչիգան) Ալեք եւ Մարի Մանուկյանների ընտանիքում: Հայրըՙ Ալեքը, ով Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայից գաղթել էր Մ. Նահանգներ եւ այնտեղ հիմնել «Դելտա» միակողմ ծորակների արտադրությունը, հետագայում դառնալով Ամերիկայի առաջնակարգ արդյունաբերողներից մեկը որպես «ՄԱՍԿՈ» կորպորացիայի հիմնադիրը: Գործարար շրջանակներում հաջողությունների հասնելով, նա անդուլ աշխատանքով իր կարողություններն ի սպաս է դրել հօգուտ աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդի բարօրությանը:

Լուիզը ժառանգել էր իր ծնողների կրքոտ վերաբերմունքը այն ամենին, ինչ հայկական էր եւ հետեւելով իր հորըՙ երկար տարիներ ծառայեց Հայկական բարեգործական ընդհանուր միությանՙ աշխարհում հայկական ամենամեծ ոչ-շահութաբեր բարեգործական կազմակերպության կենտրոնական վարչության կազմում, առաջ մղելով կրթական, մշակութային եւ մարդասիրական ծրագրեր հանուն հայապահպանության: 1982-ին նա առաջին անգամ այցելեց Հայաստան, որն այդ ժամանակ դեռեւս խորհրդային հանրապետությունների կազմում էր: Նա սիրահարվեց այդ երկրին եւ հաջորդական տարիներին հաճախակի վերադարձավ, երբեմն նաեւ իր հետ բերելով ուրիշներին, վավերագրական ֆիլմեր պատրաստելու կամ ինչ-որ ձեւով նպաստելու երկրի առաջընթացին: Եղբայրըՙ Ռիչարդը, նույնպես միանալով նրանՙ աջակցել է Հայաստանում մի շարք ծրագրեր իրականացնելուն:

1988-ին երբ ավերիչ երկրաշարժը 25 հազար մարդու կյանք խլեց, Լուիզը ամերիկյան օժանդակություն եւ փրկարարների խումբ տեղափոխող առաջին բեռնատար ինքնաթիռում էր գտնվում եւ վերահսկում աշխատանքները ՀԲԸՄ-ի անունից: Փլատակների մեջ կանգնած նրա եզակի նկարը շատերի կողմից դեռ հիշվում է:

1989-ին նա ընտրվեց ՀԲԸՄ-ի նախագահ եւ սկսեց ղեկավարել կրթական, եկեղեցական, սկաուտական եւ այլ բազմաթիվ հայանպաստ գործողություններ աշխարհի 31 երկրներում եւ 74 քաղաքներում: Նա Երեւանում գրասենյակ բացեց, եւ երբ Հայաստանը անկախություն ձեռք բերեց, նա ՀԲԸՄ-ի եւ իր անձնական միջոցներով ջանք չխնայեց նպաստելու նորանկախ երկրի վերաշինությանը: Նա հանդիսացավ Հայաստանի Ամերիկյան համալսարանի գլխավոր նախաձեռնող բարերարը եւ վարչության անդամը:

Աշխարհով մեկ ավելի քան մեկ միլիոն մղոն ճանապարհորդելուց եւ ծրագրերի ու գործողությունների իրականացմանը վերահսկելուց հետո, 2002-ին Լուիզ Սիմոնը հրաժարվեց ՀԲԸՄ-ի նախագահի իր պաշտոնից, բայց շարունակեց բարեգործական իր հսկայական աշխատանքները առաջ տանել Մանուկյան Սիմոն հիմնադրամի միջոցով, որին համագործակցում էին, ուրիշների շարքում, նաեւ Հայ առաքելական եկեղեցին: Կառուցվեցին եւ վերանորոգվեցին տասնյակ դպրոցներ, հիվանդանոցներ, մշակութային կենտրոններ եւ պատմական հուշարձաններ: Նրա ուշադրության կենտրոնում են եղել նաեւ արվեստներն ու արվեստագետները:

Չնայած կրքոտ վերաբերմունք էր ցուցաբերում այն ամենին, ինչ հայկական էր եւ Հայ դատի հետ էր առնչվում, Լուիզ Սիմոնը մեծապես կարեւորում էր նաեւ բարեգործությունը ամերիկյան հաստատություններին, որոնց թվում կարելի է նշել Միչիգանի համալսարանը, Ուեյնի պետական համալսարանը եւ Դետրոյթի Արվեստների ինստիտուտը:

Իր կյանքի ընթացքում բազմաթիվ մրցանակների է արժանացել, այդ թվում նաեւ Էլիս Այլենդի պատվո մեդալի:

«ԱԶԳ-ը» խորապես ցավակցում է նրա հարազատներինՙ եղբորըՙ Ռիչարդին, երեք զավակներին, երկու թոռներին եւ բոլոր սգակիրներին: Իր շրջաբերականում Լուիզ Մանուկյան հիմնադրամը կոչ է արել ծաղկեպսակների փոխարեն նվիրատվություններ կատարել Հայաստանի Ամերիկյան համալսարանին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #7, 22-02-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ