ԳՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ Հ.ԱՎԵՏԻՔՅԱՆ Նախորդ գիշեր «Ազգ»ի եւ «Հայ Ձայն»ի կայքէջերով ու ֆեյսբուքով հաղորդել էինք ցավալի լուրըՙ Լուիզ Մանուկյան-Սիմոնի վախճանվելը: Գույժը ստացել էինք առաջին ձեռքից եւ տարածել անմիջապես: Ոչ ոք չուներ այն, ո՛չ Սփյուռքում, ո՛չ էլ, առավելեւս, Հայաստանում: Սպասում էինք արձագանքներինՙ որոնք ընթերցողներից էին բացառապես, շատերըՙ ցավակցական գրառումներով: Չորեքշաբթի առավոտյան արդեն սկսվեց տեղեկության ավելի լայն շրջանառությունը, առաջին հերթին համացանցային լրատվամիջոցներով: Եվ դա բնական էրՙ նկատի ունենալով վախճանյալի մեծ վաստակը, հեղինակությունը, վավերական բարերար լինելը: Անբնականը հղում չանելն էր, լրատվության աղբյուրի անտեսումը: Քիչ ավելի ուշ սկսեցին գործել նաեւ մեր փառապա~նծ հեռուստաալիքները, որոնք ընդհանրապես սովորություն չունեն հղումներ անելու եւ, օրինակ, միջազգային բոլոր հեռուստաընկերություններից ողջ օրը գողանում եւ հա՛ գողանում են տեսանյութերըՙ խնամքով ջնջելով դրանց լոգոները: Այլ խոսքովՙ միամիտ հեռուստադիտողի մոտ ստեղծում են պատրանք, որ, ասենք, Կարակասից իրենց սեփական թղթակիցներն են հաղորդում վենեզվելական տագնապի վերջին զարգացումները: Ավելորդ է ասել, որ առաջատա՜ր մեր հեռուստաընկերություններն էլ հարկ չհամարեցին նշել լրատվության աղբյուրը, դա համարելով, երեւի, իրենց հեղինակության համար վնասաբեր եւ կամ գովազդՙ տեղեկությունը հաղորդողին: Միակ բացառությունը կազմեց մեր գործընկեր «Առավոտ»-ը, հաստատելով օրինաչափությունը: Դասագրքային ճշմարտություն է, որ հղումը, լրատվության աղբյուրի նշումը ոչ միայն պարտադիր է հեղինակային իրավունքի տեսակետից, այլեւ անհրաժեշտՙ ինքնաապահովագրման տեսակետից- հղումը տեղեկության սխալի պարագայում ազատում է լրատվամիջոցին հետագա պատասխանատվությունից: Առաջին անգամը չէ, որ մեր թերթի նկատմամբ այսպես են վարվում մեր գործընկերները: Ամենաթարմ օրինակներից մեկը պատահեց վերջերս, վարչապետ Փաշինյանի Գերմանիա այցի ընթացքում, երբ առանց հղման ոչ միայն սեփականացրել էին Փաշինյանի պատասխանը, այլեւՙ մեր թղթակցի հարցը: Ե՞րբ ենք քաղաքակրթվելու: |