ԿԱՌՈՒՑՎԵԼ Է ՆՈՐ ՀՈՂՄԱԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Տեխնիկական գիտությունների թեկնածու Այլընտրանքային էներգիայի օգտագործումը կարեւոր նշանակություն ունի մեր երկրի տնտեսության արդյունավետ զարգացման համար: Վերջերս շահագործման հանձնվեց «Զոդ Ուինդ» 1.32 ՄՎտ գումարային հզորությամբ հողմային էլեկտրակայանը:Այն աշխատում է քամու էներգիայի հաշվին: Կայանը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Սոթքի լեռնանցքի շրջանում 75 հեկտար հողատարածքի վրա: Հարկ է նշել, որ 2003 թվականին մշակվել են Հայաստանի հողմաէներգետիկ պաշարների քարտեզները: Տնտեսապես շահավետ հողմաէլեկտրակայանների ընդհանուր հզորությունը գնահատվում է մինչեւ 450 ՄՎտ: Այն տարեկան կարող է արտադրել ավելի քան 1.26 միլիարդ կՎտժ էլեկտրաէներգիա: Առանձնացվել են հեռանկարային տեղանքները` Զոդի լեռնանցք, Բազումի լեռներՙ Քարախաչի եւ Պուշկինի լեռնանցքներ, Ջաջուռի լեռնանցք, Գեղամա լեռների շրջանը, Սեւանի լեռնանցքը, Ապարանի շրջանը, Սիսիանի եւ Գորիսի միջեւ գտնվող բարձունքային գոտին եւ Մեղրիի շրջանը: 2005 թվականի դեկտեմբերին Պուշկինի լեռնանցքում շահագործման հանձնվեց Հայաստանում առաջին հզոր հողմաէլեկտրակայանը` 2.6 ՄՎտ գումարային հզորությամբ: Այս վայրում նախատեսվում է կառուցել մինչեւ 50 ՄՎտ գումարային հզորությամբ հողմաէլեկտրակայան: Ներկայումս գործում է նաեւ Քաջարանի հողմաէլեկտրակայանը 250 ԿՎտ հզորությամբ, տարեկան մոտ 820 հազար ԿՎտժ էլեկտրաէներգիայի արտադրությամբ: Ավարտվել են մոնիթորինգային աշխատանքները Սեւանի Սեմյոնովկա լեռնանցքում եւ կազմվել է նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումը 35 ՄՎտ գումարային հզորությամբ հողմաէլեկտրակայանի կառուցման համար: ՀՀ-ում ստեղծված են բազմաթիվ մեխանիզմներ խթանելու վերականգնվող էներգետիկ աղբյուրների օգտագործումը: Համաձայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի մայիսի 31-ի թիվ 209-Ն որոշման, 2017 թվականի հուլիսի 1-ից մինչեւ 2018 թվականի հուլիսի 1-ը հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը կազմում էՙ 42.739 դրամ / կՎտժ` առանց ԱԱՀ: Հողմային էներգիայի օգտագործման ուղղությամբ աշխատանքները ներկայումս շարունակվում են: Նկար 1. «Զոդ Ուինդ» 1.32 ՄՎտ հզորությամբ հողմակայանի շինարարության ընթացքը, 2018թ. Լուսանկարըՙ Ստեփան Պապիկյանի անձնական արխիվից: |