«ԹԻԿՆՈՑԻ ԵՎ ԴԱՇՈՒՅՆԻ ԵՆԻՉԱՐԻՆԵՐԸ» ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ, Անվտանգության փորձագետ Պատահական չէ, որ Ռուսաստանի դաշնության հատուկ ծառայություններում, հատկապես Դաշնային անվտանգության ծառայությունում (ԴԱԾ) գործում է բավականին մեծ թուրքական բաժին եւ այդ ստորաբաժանման ճյուղավորումը մեծանում է ամեն տարի: ԴԱԾ-ը զբաղվում է հակահետախուզական աշխատանքով, եւ բնականաբար նրա աշխատանքային ճակատը մեծանում է ուղիղ համեմատական կարգով Թուրքիայի հետախուզության ակտիվությանը զուգընթաց: Ակտիվանում է ոչ միայն Թուրքիայի հետախուզությունը, այլեւ այդ երկրում բնակվող հյուսիս-կովկասյան եւ ղրիմ-թաթարական հայրենակցական միությունները, որոնք նույնպես սնվում եւ ակտիվանում են նրանց համար հստակ մշակվող ծրագրերի շրջանակներում: Ռուս հակահետախույզները հաճույքով են ավելացնում աստղերն իրենց ուսադիրների վրա հերթական «պանթուրքիստական դավերը» բացահայտելու համար: Ինչ խոսք, Թուրքիայի ողջ հետախուզական համաստեղությունը «աչքաթող արեց» Ուկրաինայում «գունավոր հեղափոխությունը», Ռուսաստանի հետ առճակատումը եւ արդյունքում Ղրիմի անեքսիան ՌԴ կողմից: 2014 թ. փետրվարի 18-21-ը Կիեւում Եվրոմայդանի վերջին օրերն էին, նախագահ Յանուկովիչը նույնպես իր իշխանության վերջին օրերն էր ապրում Ուկրաինայում, զոհվել էր 82 մարդ, տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել եւ վիրավորվել 622 մարդ: Փետրվարի 22-ին Ուկրաինայի Ռադան (խորհրդարանը) ընտրեց իր նոր ղեկավարին` Ալեքսանդր Տուրչինովին: Ռուսաստանը, օգտվելով քաոսային իրավիճակից (իհարկե այդ ծրագրերը վաղուց էին մշակված), սկսեց արագ փոխադրել իր ռազմական կոնտինգենտը (առանց տարբերիչ նշանների եւ ուսադիրների) Ղրիմի թերակղզի: Դա մեծ դժվարություն չէր ներկայացնում, չէ՞ որ Ղրիմում տեղակայված էր ռուսական Սեւծովյան նավատորմը, եւ, բացի այդ, անմիջապես ստեղծվել էին ռուսական կոզակների կամավորական ջոկատներ: 2014 թ. մարտի 16-ին թերակղզում անցկացվեց հանրաքվե եւ Ղրիմը միացավ Ռուսաստանին: Այստեղ արդեն էական չէր, հանրաքվեն օրինակա՞ն էր, թե ոչ, արդյունքներն իրավակա՞ն էին, թե չէ: Ունե՞ր արդյոք թուրքական հետախուզությունը այս ամենի վերաբերյալ մտավախություններ: Միաժամանակ ուներ ե՛ւ մտավախություններ, ե՛ւ տեղեկատվություն: Չէ՞ որ Ղրիմի բնակչության 13%-ը սուննի թաթարներ էին եւ, անհնար էր, որ Թուրքիայի հետախուզությունը չունենար այնտեղ օպերատիվ հնարավորություններ: Սակայն հետախուզության մշակույթը հենց նրանում է, որ էքսկլյուզիվ տեղեկատվություն ձեռք բերելու հետ միասին ճիշտ վերլուծվեն աշխարհաքաղաքական ռեալիաները աշխարհում եւ կոնկրետ վայրերում: Ռուսաստանն այսօր հեղեղված է թուրքական ընկերություններով եւ «Ղուրանի աշակերտներով», որոնք հաջողությամբ սողոսկել են Ռուսաստանի կենսագործունեության բոլոր ոլորտները, սկսած պետական կառավարման ոլորտներից, վերջացրած ԲՈՒՀ-երում պրոֆեսորա-դասախոսական կազմից: Հետախուզությունները, ինչպես հայտնի է, հիմնականում օգտագործում են երկու ուղղվածության ռեզիդենտուրաներ (հետախուզական կայաններ). դեսպանատների «ծածկի» տակ եւ արտադեսպանատան, եթե իհարկե հաշվի չառնենք էլեկտրոնային, տիեզերական, ռադիոհետախուզությունը եւ այլն: Հանուն արդարության պետք է նշել, որ առաջին երկու տարբերակներում թուրքական հետախուզությունը բավականին առաջընթաց ունի եւ այդ ուղղություններում նրանից կարելի է շատ բան սովորել: Իհարկե Ռուսաստանը Թուրքիայի հետախուզության հիմնական թիրախներից մեկն է, բայց դա չի նշանակում, թե այլ ուղղություններ եւ թիրախներ չկան: Հետախուզական աշխատանքը հնարավոր չէ հաշվարկել միայն վերլուծությամբ եւ կանխատեսումներով, դրա համար գոյություն ունի «հակահետախուզություն» հասկացությունը, որի հիմնական խնդիրն է հաշվարկել իր կողմից պահպանվող օբյեկտի, գերատեսչության, պետության խոցելի կետերը եւ կանխարգելել հակառակորդի հետախուզության ներթափանցումը այդ կետեր: Փորձենք դիտարկել ինչ հետաքրքրություններ կարող է ունենալ Թուրքիայի հետախուզությունը Հայաստանի հանդեպ. - օպերատիվ-քաղաքական տեղեկատվության հավաքում, - քաղաքական եւ տնտեսական իրավիճակի զարգացումներ, - տեղեկատվություն զինված ուժերի, դիվանագիտական կազմի, հատուկ ծառայությունների վերաբերյալ, - ինչ նոր ուժեր կարող են գալ իշխանության, - ով կարող էր փոխարինել Սերժ Սարգսյանին, - որ հերթական պետությունն է սկսել ուսումնասիրել 1915 թվականի Ցեղասպանության հարցը եւ ինչ որոշումներ կարող են կայացվել այդ ուղղությամբ: Խանգարել այդ զարգացումներին, - ինչ նոր բարձր տեխնոլոգիաներ են մշակվում Հայաստանում, - ղարաբաղյան հիմնահարցը, - հայ-ադրբեջանական զինված հակամարտությունը եւ այդ ուղղությամբ Ադրբեջանին ռեալ ռազմա-քաղաքական օգնության ցուցաբերում եւ հետախուզական տեղեկատվության տրամադրում: Այս հարցերի շարանը կարելի է մեծացնել, սակայն չի կարելի բաց թողնել ամենակարեւորը` հայ-ռուսական հարաբերությունները: Չէ՞ որ Հայաստանն ինքնին լինելով փոքր երկիր, փոքր մարդկային եւ տնտեսական ռեսուրսներով, ոչ միայն ուժային կառույցներով չի կարող լուրջ ռազմական վտանգ ներկայացնել 80 միլիոն բնակչությամբ, մեկ միլիոնանոց զինված ուժերով եւ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի համար: Սակայն Հայաստանը, իր աշխարհագրական դիրքով, լուրջ պլացդարմ է Ռուսաստանի զինված ուժերի եւ հատուկ ծառայությունների համար,միասնական, ուժեղ, կոնսոլիդացված Հայաստանը եւ հայկական Սփյուռքը լուրջ խոչընդոտ է «Մեծ Թուրանի» եւ պանթուրքիստական գաղափարախոսության աշխարհաքաղաքանության դեմ: Ահա թե ինչ ուղղությամբ է աշխատում Թուրքիայի ազգային հետախուզության (MIT) եւ ռազմական հետախուզության Սեւծովյան գոտու դեպարտամենտը: Իմիջիայլոց, հենց այդ դեպարտամենտի տարբեր ստորաբաժանումներն են աշխատում Ռուսաստանի, Վրաստանի, Ուկրաինայի ուղղություններով, կուտակում, վերլուծում եւ պատրաստում տեղեկատվություն արտաքին քաղաքական կոնցեպցիաներ (տեսլականներ) մշակելու համար: Հետախուզական կետեր են աշխատում նաեւ սահմանային հսկիչ-անցագրային կետերում (ՀԱԿ) Թուրքիայի վիլայեթներում, տարբեր քաղաքներում, մարզերում, բոլոր այն վայրերում, ուր այցելում են զբոսաշրջիկները, առեւտրականները, բիզնեսմենները, գիտնականները, քաղաքական գործիչները (հետախուզական այդ «մաղով» են անցնում նաեւ հայ զբոսաշրջիկներն ու առեւտրականները): Շարունակելի 2-րդ, հաջորդիվՙ «Լրտեսական գայթակղություններ» |