ԻԼՅԻՉ ԲԵԳԼԱՐՅԱՆՙ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՊԱՀԱՊԱՆԸ ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ Փետրվարի 25-ինՙ Անդրանիկ Զորավարի ծննդյան օրը, նրա շիրմաքարի մոտ սգո հիշատակի մասնակիցների շարքում չկար ԻլյիչԲեգլարյանըՙ մարդ, որն իր սեփական միջոցներով Երեւանում, Պանթեոնի անմիջապես կողքին, կառուցեց եւ հիմնադրեց Անդրանիկ Զորավարի թանգարանը: Նա հեռացավ կյանքից 2019 թ. հունվարի 17-ին: Ակամա մտածում ես թվերի միստիկ զուգադիպության մասինՙ Իլյիչ Բեգլարյանի մահվան 40 օրը լրանում է հենց Զորավար Անդրանիկի ծննդյան օրը, եւ մենք հավատում ենք, որ հունվարի 17-ին հենց Զորավար Անդրանիկի հոգին եկավ նրա հետեւից, որպեսզի ազատի նրան երկրային կապանքներից, ինչպես այն ծանր օրերին, երբ լուսաբացի առաջին իսկ շողերով իր Ասլանի վրա հայտնվեց Իլյիչ Բեգլարյանի առջեւ եւ ասաց. «Սա քո տեղը չի, վեր կաց եւ դուրս արի այստեղից»: Նույն օրը Իլյիչ Բեգլարյանը ազատվեց նախնական կալանքից: Իլյիչ Բեգլարյանը սովետական ժամանակաշրջանի կոփվածության մարդ էրՙ դնում էր դժվար հաղթահարելի խնդիրներ եւ փնտրում դրանք իրականացնելու ճանապարհները: Այդպես ստեղծվեց «Անդրանիկ» ջոկատը, որը մյուս հազարավոր հայորդիների հետ միասին մասնակցում էր Արցախի ազատագրման պայքարին: Այդպես մի քանի հարյուր փախստական ընտանիքներ ստանում էին ամեն անհրաժեշտըՙ շնորհիվ Իլյիչ Բեգլարյանի կազմակերպչական կարողությունների եւ, իհարկե, նրա մեծ եւ զգայուն, բարի սրտի: Իսկ Իլյիչ Բեգլարյանի սիրտը իսկապես մեծ էր: Դեռ սովետական կարգերի օրոք, համաձայն զբաղեցրած պաշտոնի, օգտվելով օրինական իրավունքիցՙ զվաղվել բարեգործությամբ, նա ակտիվորեն օգնում էր արվեստի եւ մշակույթի ներկայացուցիչներին: Նրանց թվում էին Գոհար Գասպարյանը, Սիլվա Կապուտիկյանը, Սերո Խանզադյանը, Պարույր Սեւակը եւ մեր ժողովրդի շատ ուրիշներ լուսավոր անուններ: Այսօր այն օրն է, երբ մեր լուսավոր անունների Պանթեոնում պետք է գրանցել եւս մեկ անունՙ Իլյիչ Գուրգենի Բեգլարյան մարդՙազգային եւ պետական մտածելակերպով, ով մնաց այդպիսին մինչեւ իր կյանքի վերջին օրերը: Պետական կարեւորագույն գործերի հետ մեկտեղ, չսպառվող էներգիայով լեցունանխոնջ այս մարդը հասցնում էր կազմակերպել հոբելյաններ, ցուցահանդեսներ, օգնել կարիքավորներին եւ տարբեր ֆոնդերին: Բազմակողմանի զարգացած եւ կրթված, Հայաստանի Գրողների Միության անդամ Իլյիչ Բեգլարյանը թողել է մեծ հոգեւոր ժառանգությունՙ իր գրքերը: Զարմանալիորեն դիպուկ են նրա առակները, իմաստուն են քառյակները, իսկ նրա ֆիդայական շարժման մասին գրքերը հանդիսանում են զարմանալի բացահայտումների եւ գիտելիքների աղբույր: Բացառիկ ուշադրության են արժանի մեր մեծ հայդուկապետերի մասին գրած նրա աշխատություններըՙ Զորավար Անդրանիկ, Սեւքարեցի Սաքո, առանձին հատորով լույս տեսած հավաքածուն, ուր ընթերցողը կարող է քաղել տվյալներ Նժդեհի, Մախլուտոյի, Աղբյուր Սերոբի, Արաբոյի, Գեւորգ Չաուշի եւ շատ ու շատ ուրիշների կյանքի ու գործունեության մասին, իսկ ինքը թանգարանը դարձել է մշակույթի, կրթության, պաշտպանության նախարարությունների մի կարեւոր հավելված, քանզի սա ոչ միայն մի վայր է, ուր ցուցադրված են մեծ Զորավարի անձնական իրերը, այլ մի կենտրոն, որտեղ աճող սերունդը անմիջականորեն հպվում է իր պատմությանը, ընթերցում մեր մեծերի բանաստեղծությունները, նվագում ժողովրդական գործիքներով, երգում իր նախնիների երգերը, իսկ տոնական օրերին պարումՙ քաջ պապերի պեսՙ ուս ուսի: Մի փոքրիկ տղա, որ ծնվել էր Տաուշի մարզի Թալա գյուղում, կլանեց հայրենի բնաշխարհի ողջ ուժն ու գեղեցկությունը, մեծացավ, կայացավ եւ դարձավ Իլյիչ Գուրգենի Բեգլարյան, որին ճանաչում էին հայոց սփյուռքի գրեթե բոլոր անկյուններում: |