RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#006, 2019-02-15 > #007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 01-03-2019



ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2019-02-28 23:33:40 (GMT +04:00)


Ընթերցված է` 2399, Տպվել է` 88, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՅՍՈՒՀԱՆԴԵՐՁՙ ԴՈՒ ՃԻՇՏ ԵՍ, ՎԱՐՉԱՊԵՏ

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Նախորդ տարվա ապրիլ-մայիսյան հայաստանյան գործընթացները, որոնք նաեւ սիրո եւ համերաշխության թավշյա հեղափոխություն որակվեցին, կարծես միանշանակ է, որ զուտ ներհայաստանյան երեւույթ էին: Թեեւ մինչ այդ երկրում անորոշությունից մինչեւ հուսալքության տրամադրություններ էին տիրում, իշխանության ջահել ու ահել ներկայացուցիչներն իրենց խոսքով ու պահվածքով անցնում էին թույլատրելիի ու բարոյականի սահմանները, որի արդյունքում տպավորություն էր ստեղծվում, որ հայաստանյան միջավայրը հենց այդպիսին էլ պետք է լինի, գրեթե անհավատալիորեն հնչեցին «ես սխալ էի...» խոսքերը: Դրանք արտասանեց մեկը, որը տնօրինում էր հայաստանաբնակներիս անգամ շնչելու իրավունքը, եթե այլ պատկեր չներկայացնենք, քանզի հնարավոր չէ մոռանալ նրա ոչ պակաս հիշարժան «ընտրոթյուններին ինչ տոկոս ուզենք, կխփենք» պահվածքը, որն արհամարհանք էր երկրի քաղաքացուՙ իր կարծիքն ունենալու հանդեպ, քանզի նրանից այդկերպ խլվում էր սեփական երկիրն ունենալու իրավունքը, որն ամրագրված է ՀՀ սահմանադրությունում: Մեր պատմության այս հատվածի մասին դեռ շատ է խոսվելու ու նաեւ գրվելու, ուսումնասիրվելու ու վերլուծվելու, հայտնի ու անհայտ խութերը բացահայտվելու: Այնպես որ, ուր որ է կլրանա հերթական փոթորկալի ժամանակահատվածի մեկ տարին, ամբողջ 300 եւ ավելի օրերը, որոնց ընթացքում արվածն ու չարվածը հարկ է թող որ հանրային մակարդակով դիտարկել, ինչու ոչՙ մտորելու եւ մտահոգվելու հարթակ ստեղծել:

Առաջիններից մեկը թերեւս մեր ուժերի հանդեպ վստահության հարցն է: Երբ խոսք է գնում համաշխարհային գործընթացների այս կամ այն զարգացումների եւ ուղղությունների շուրջ, մեր հայրենակիցներն առանց որեւէ դժվարության են գտնում կամ հայտնաբերում հայազգի այն ներկայացուցիչներին, որոնք անուրանալի ներդրում են կատարել զարգացող ու գերզարգացած երկրների բոլոր ոլորտներումՙ սկսած Վիեննայում հարյուրամյակներ առաջ առաջին սրճարանը բացելուց մինչեւ ՌԴ-ում եւ ԱՄՆ-ում տիեզերական նվաճումներին մասնակցությունը: Շատ դեպքերում դրանք իրողություններ են, լուրջ թե լրջագույն փաստարկումներ, որոնց հանդեպ իրենց հավաստիացումներն են հայտնել եւ մեր օրերում էլ հայտնում են համաշխարհային մեծությունները, պետությունների հայտնի ղեկավարները: Եվ հարցըՙ թե ինչու ենք, ասենք ՀՀ տնտեսությունում ինչ-ինչ գործեր ու խնդիրներ կանոնավորելու թե կանոնակարգելու նպատակով հայացքներս հառում այլոց կողմը, հնչում է բնականաբար: Չէ՞ որ խոսքը ինչ-որ նոր բան հայտնագործելու մասին չէ, գերարագ թե գերհզոր մեխանիզմների բացահայտմանը չի նվիրված, որտեղ նեղ մասնագետներ եւ հմուտ փորձագետներ են պահանջվում, տեսական ու կիրառական ժամանակակից լաբորատորիաների անհրաժեշտություն կա, ահռելի ֆինանսական միջոցների էլ պակաս, հասկանալի էՙ արտարժույթով: Խոսքն ընդամենը տնտեսության մի ճյուղի, ասենք, մեր երկրի պարենապահովության եւ պարենանվտանգության խնդրի մասին է, որն արդեն ամբողջ երեք տասնամյակ անլուծելի է հայտարարվել, իր ազդեցությունը թողնելով ՀՀ տնտեսության մասամբ թե լիարժեք կայացման վրա: Ի՞նչ է փաստում նորանկախ Հայաստանի պատմությունն այս առումով, թող որ քաղաքացուս մտահոգությամբ: Առանց որեւէ կանխակալության ներկայացնեմ հետեւյալ գործընթացը:

Հեռավոր 1993 թվականին, մեր պետականության կայացման արշալույսին, Հայաստանի Հանրապետությունը կամովին անդամագրվեց համաշխարհային մի կառույցիՙ ՊԳԿ-ին: Ինչ-որ առումով հանելուկային այս հապավումը պարզից էլ պարզագույն բացատրություն ունի, որի գործունեությունը թեեւ պայմանավորված է մեր փոքր թե մեծ բնակչի հանդեպ մտահոգությամբ, սակայն նվազագույնս է հայտնի հայաստանյան հանրության լայն շրջանակներին: ՊԳԿ-ն (FAO) ընդամենը պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպություն է, որը գործում է հանրահայտ ՄԱԿ-ի հովանու ներքո: Կազմակերպության հիմնական նպատակներից էՙ աջակցել անդամ 200-ից ավելի երկրներին կրճատելու մարդկանց թերսնումը եւ բարձրացնելու գյուղական բնակչության բարեկեցությունը: Անդամակցությունից անցել է ամբողջ 25 տարի... եւ ի՞նչ: Ընդամենը հռչակագրային այս խնդիրների նպատակով տասնյակ միլիոնավոր դոլարներ են ծախսվել, կոնկրետՙ կատարելագործված հողաշինարարական սխեմաների պատրաստման եւ իրականացման, մորեխների դեմ պայքարի, լեռնային շրջանների կայուն զարգացման, մկնանման կրծողների դեմ միջոցառումների, տարածաշրջանային իրականացվող ծրագրերի անվան տակ, որոնց արդյունքում նաեւ հայ գյուղն ու գյուղաբնակը հայտնվել են գրեթե ծայրագույն անմխիթար վիճակում, երբ անգամ ռալֆյիրիկյանական ամենահամեստ լուսավորության անցկացումը լրջագույն գործ է դիտարկվում: Հայաստանի գյուղատնտեսությունը, որն ունի հողային, ջրային ու ջերմային բավարար հնարավորություններ իր բնակչությանը լավագույնս կերակրելու առումով, երկրի պարենանվտանգությունն անգամ նվազագույնը չի ապահովում: Նկատենք, որ հիմնական սննդատեսակներից կենդանական ու բուսական յուղերը, շաքարավազը, հատիկաընդեղենները, ստեպղինն ու սմբուկը, սոխն ու սխտորը մեծամասամբ պարսկա-չինա-թուրքա-իսրայելական են: Երշիկեղենն ամբողջությամբ պատրաստվում է հեռավոր Բրազիլիայից ու Կանադայից ներկրված խոր սառեցված տավարի ու խոզի մսից ու հիմնականում ինչ-ինչ հավելումներից: Նույնն է հավի մսի պարագայում, որը ՀՀ առեւտրային ցանցում վաճառվում է տեղական արտադրանքի կես գնով: Ահա այսպես հայտնվեցինք 2000-ականների սկզբին, երբ Անդրանիկ Մարգարյանի կառավարությունը կազմեց երկրում աղքատությունը կրճատելու ծրագիրը: Շուրջ երկու տարի տեւած քննարկումների արդյունքում, որոնց ընթացքում ակտիվ ու գերակտիվ էին Հայաստանում գործող համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի, Եվրոմիության ու Եվրոխորհրդի, ԱՄՆ-ի միջազգային զարգացման կառույցի, տասնյակ դեսպանատների փորձագետներն ու խորհրդատուները, 2003 թ. օգոստոսի 8-ին ՀՀ կառավարությունն ընդունեց «ՀՀ-ում աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիր» հռչակված 190 էջերից կազմված փաստաթուղթը: Ընդամենը մեջբերեմ կառավարության ղեկավարի հետեւյալ մաղթանքը. «Ակնկալում ենք, որ սույն ծրագրի իրականացման ընթացքում նույնպես կառավարության եւ աջակցող միջազգային կազմակերպությունների հետագա համագործակցության շնորհիվ մեզ կհաջողվի լուծել առկա խնդիրները եւ հասնել դրված նպատակներին»:

Թե ինչ ստացվեց այս ամենի արդյունքում, տեղյակ ենք բոլորս. տարիներ անց ՀՀ-ում աղքատության մակարդակը կազմեց շուրջ 50 տոկոս, երկիրը թիվ 1 պաշտոնյայի, ՀՀ նախագահի բնորոշմամբ հայտնվեց գաղջ որակվող միջավայրում: Վիճակն ինչ-որ կերպ շտկելու նպատակով հետագայում կրկին դիմեցին այլոց օգնությանը: ՀՀ հրավիրվեցին հանրահայտ Սինգապուրի հրաշագործության հեղինակ, երկիրը 31 տարի ղեկավարած Լի Կուան Յեն, մեկ տասնյակից ավելի տնտեսագետ նոբելյան մրցանակակիրներ, էռնեկյանական ֆորումներին մասնակցեցին հարյուրավոր համաշխարհային հեղինակություններ, մերոնք դավոսյան համաժողովների մեկնեցին, ուր մեկ անձի մասնակցության անդամավճարը 40 հազար դոլար է, եւ... վիճակը թե պատկերը բոլորիս առջեւ էրՙ ահագնացող արտագաղթ, գների շարունակական աճ, կյանքի որակի անկում:

Ինչո՞ւ կարիք առաջացավ անդրադառնալ մեր նորագույն շրջանի այս գործընթացներին: Որովհետեւ կարծես համոզվել ենք, որ այլոց միջոցով չէ որ հարկ է կարգ ու կանոն հաստատել մեր առօրյայում, այլ այդ բանն անել սեփական ուժերով ու միջոցներով, ընդամենն այլոց անցած ճանապարհը լավագույնս հաղթահարելով: ՀՀ շարքային քաղաքացիս, որը նաեւ վերլուծական լրագրությամբ է զբաղվում եւ հիմնականում փաստագրությամբ ներկայանում հանրությանը, հարցնում է. Լի Կուան Յեն հանդես գալով հայաստանյան տնտեսվարական ու տնտեսագիտական մտքի ներկայացուցիչների առաջ, շուրջ 2 ժամ խոսելով կոռուպցիոն ընդհանրական դրսեւորումների ու դրանց դեմ պայքարի մասին, քանի՞ վայրկյան հատկացրեց իր երկրում պարենապահովության հարցին: Մերոնք համանման հարց չուղղեցին փորձառու ղեկավարին, քանզի Սինգապուր ասվածը Երեւանի հազիվ երեք չափն ընդգրկող մի տարածք-պետություն է, ասել է թե հողազուրկ, բնականաբարՙ գյուղնախարարություն չունեցող: Այս պայմաններում երկիրը որտե՞ղ եւ ինչպե՞ս է յուրաքանչյուր տարի մոտ 100 հազար տոննա հավի միս արտադրում, երբ ՀՀ ցուցանիշն անգամ 8 հազար տոննա չի կազմում: Սինգապուրի կառավարիչների ինչի՞ն է պետք նման գործունեություն ծավալել, երբ երբեմնի դաշնակից Մալայզիայում, հարեւան Բիրմայում կամ Թայիլանդում այս մսատեսակի ահռելի ծավալների արտադրություն կա, որը գերհարուստ սինգապուրցիների կողմից գնելը որեւէ խնդիր չէ: Կամ. Նոբելյան ո՞ր մրցանակակիրն է իր ելույթների ընթացքում անգամ ակնթարթային ակնարկ արել, ասենք ԱՄՆ-ում կամ Եվրոպայում եգիպտացորենի հատիկի արտադրության ծավալներից, որը հիմնականում օգտագործվում է որպես լիարժեք անասնակեր, ապահովելով անասնատեսակների էապես բարձր մթերատվություն, երբ ՀՀ-ում անասնակեր ասելիս հասկացվում է պարզ, էներգիա չպարունակող չոր խոտը: Խնդրի կարեւորությունը ներկայացնելու համար նշեմ, որ ԱՄՆ-ում 2016 թ-ին հավաքվել է 63 մլն տոննա ցորեն եւ 385 մլն տոննա եգիպտացորենի հատիկ, 6-ապատիկը: 2000-2016 թթ-ին համեմատաբար սակավահող Եվրոպայում եգիպտացորենի հատիկի արտադրությունը 63 մլն տոննայից հասել է 117 մլն տոննայի: Երբ տողերիս հեղինակը բարձրաձայնում է այս մշակաբույսի կարեւորությունը, անմիջապես հայտնվում են յուրօրինակ բնապահպաններ, աղաղակում ինչ-ինչ ԳՄՕ-ների սպառնալիքից, չպատասխանելով անգամ մեկ հարցի, ինչու՞ չեն աղմկում, երբ ՀՀ առեւտրային ցանցում ամիսներ շարունակ վաճառվաւմ են մեր բարեբեր հողերում աճեցված հարյուր հազարավոր եգիպտացորենի կողրերը, որոնք խաշած թե խորոված տեսքով վայելում են թե հղիներն ու հիվանդները, թե փոքրերն ու մեծերը: Դե բարի եղեք ՀՀ գյուղաբնակին աղքատության ճիրաններից փրկելու այլ միջոց առաջարկել, երկրի պարենանվտանգությունը հիմնավորապես վտանգված վիճակից դուրս բերելու ձեր հիմնավորումները ներկայացնել: Իվերջո համոզվել ենք չէ՞, որ այս մոլորակի վրա յուրաքանչյուրն իր շահն ու հետաքրքրությունների շրջանակն ունի, գդալ-պատառաքաղից մինչեւ գերժամանակակից տեխնիկա արտահանելու խնդիր կա: Հենց այնպես չէր հզոր երկրներից մեկի դեսպանը մերոնց խորհուրդ տալիս այծի պանրի արտադրությամբ զբաղվել, մյուսը խոստանում էր դիվանագիտական աշխատանքի ավարտից հետո իր երկրում հայկական տոմատ փնտրել, երրորդըՙ Արարատյան դաշտում աճեցրած հատիկ լոբին... Հերթը հասավ այնտեղ, որ մեզ աջակցության ձեռք մեկնած միջազգային կառույցներից մեկի աֆրիկացի փորձագետը խորհուրդ էր տալիս... ինչպես ծիրան մշակել: Զավեշտ է, զա-վեշտ, տխուրից մինչեւ ողբերգության հասնող մի վիճակ:

Կփոխվի՞ արդյոք այս ամենը նորօրյա պայմաններում. հավանաբար կամ անշուշտՙ ոչ: Հիմնավորումսՙ առայժմ ՀՀ գյուղնախարարի փաստացի պաշտոնը զբաղեցնող առաջին տեղակալի կոչումով հանդես եկող պաշտոնյայի օրերս արած այն հայտարարությունը, ըստ որի ՀՀ-ում գյուղգործունեությունն անարդյունավետ ոլորտ է: Թե ինչո՞ւ, արդյոք 340 հազար գյուղացիական տնտեսություններից մի քանիսում չկան արդյունավետության դրսեւորումնե՞ր, ոչ մի խոսք: Անշուշտ կան, երբ հեկտարից 2 տոննա միջին բերքի ստացման կողքին կան 6-7 տոննա ցորեն ստացողներ, կովի 1,5 տոննա տարեկան կաթնատվության կողքին էլՙ 4-4,5 տոննա կաթ ստացողներ: Կան խոզապահներ, որոնց անասունները լիարժեք կերակրման արդյունքում օրական 700-800 գրամ քաշաճ են ապահովում:

Նախարարի առաջին տեղակալին յուրօրինակ արձագանքեց ՀՀ սննդի անվտանգության ծառայության պետը, հայտարարելով. երկրում անասնապահություն որպես ոլորտ, գոյություն չունի: Թե ինչի՞ վրա են ծախսվում պետբյուջեից տրվող հատկացումները, ինչի՞ դիմաց են թող որ աննշան աշխատավարձ ստանում շուրջ 600 անասնաբույժները, նոր սպանդանոցներ կառուցելու ծրագրեր են մշակվում, երբ արդեն կառուցված մոտ 10 կետերը չեն գործում. հարցերը պատասխան չունեն: Կամ. արդյո՞ք անլուծելի է, ասենք, Երեւանի էլեկտրալամպերի հիմնականում կանգուն գործարանի վերաշահագործումը, որպիսի արտադրանք միլիոններով ներմուծում ենք, աշխատանք երաշխավորում այլոց համար: Երբեւէ կունենա՞նք արդյոք 21-րդ դարի ավտոմոբիլաշինություն, ապագային միտված սարքաշինություն, նոր որակի զբոսաշրջություն...

Անկեղծ գտնվեմ եւ նշեմ, որ սրանք լրագրային էջի հարցեր էլ չեն, այլ աշխատասենյակային քննարկումների եւ որոշումների կայացման արժանի խնդիրներ, որոնք մեզանում հիմնականում փոխարինվում են երկիրը փոքր հռչակելու մտայնությամբ, դրանից բխող բացասական հետեւանքներով: Պարզվում է, որ ուղեղային փոփոխությունների ժամանակը դեռ չի եկել, դրանք 7-ը սարերի հետեւում են: Այնպես որ, ուզենք թե ոչՙ վարչապետի հետ չհամաձայնվել չենք կարող:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #8, 01-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ