ԵՎՐՈՊԱՆ ՄԵՐԺՈՒՄ Է ՎԵՐՋՆԱԳՐԱՅԻՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ Մյունխենյան համաժողովի արդյունքները Գերմանիայի Մյունխեն քաղաքում օրերս ավարտված խաղաղության եւ անվտանգության հարցերին նվիրված 55-րդ միջազգային կոնֆերանսի մասնակիցների թվում էին 35 պետությունների եւ կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաեւ 80 նախարարներ: Միեւնույն ժամանակ, տարբեր պատճառներով, համաժողովին չէին մասնակցում ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Էմանյուել Մակրոնը եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը: Վաշինգտոնը ավելի ու ավելի հաճախ է իրեն թույլ տալիս եվրոպացի գործընկերների հետ խոսել հրամայական տոնով: Մյունխենում դրա վկայությունը դարձավ, մասնավորապես, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի ելույթը, որը Եվրոմիությունից վերջնագրային ձեւով պահանջեց շարժվել Վաշինգտոնի նավարկուղիով: Իր հերթին, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ընդհանուր առմամբ պաշտպանելով ԱՄՆ-ի հակառուսական դիրքորորշումը, դժգոհություն արտահայտեց ԱՄՆ-ում գերմանական ավտոմեքենաների վրա սահմանված բարձր մաքսատուրքերի առնչությամբ: Եվրոպացիները երկար ժամանակ գտնում էին, որ Ռուսաստանը տնտեսապես ավելի թույլ է Եվրոմիությունից, ուստի չի կարող իրավահավասար հարաբերություններ կառուցել Արեւմուտքի հետ: Սակայն ներկայումս միջազգային գործերում սկսվում է նոր դարաշրջան, որին բնորոշ է ոչ թե տնտեսական, այլ ռազմական զորությունը: Այդ է վկայում ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի ելույթը, որը, ռուս փորձագետ Ալեքսանդր Ռարի բնորոշմամբ, կոնֆերանսում ներկայանում էր որպես ենթակաների առջեւ հանդես եկող գեներալ: Պաշտոնական Վաշինգտոնը պահանջում է, որ էներգառեսուրսները Եվրոպա մուտք գործեն բացառապես ԱՄՆ-ից, իսկ սպառազինությունը ձեռք բերվի միայն Հյուսիսատլանտյան դաշինքից: Ըստ փորձագետի, այս պայմաններում, երբ Եվրոպայի հետ խոսում են նման վերջնագրային տոնով, Եվրոմիությունը չի կարող չբարելավել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Մերկելը կարեւորել է Երկրորդ աշխարհամարտից հետո ձեւավորված Հյուսիսատլանտյան դաշինքի պահպանումը: Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու կապակցությամբ նա ասել է, որ նոր պայմանագրի մշակմանը պետք է մասնակցեն ոչ միայն ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը, այլեւ Չինաստանը: Մերկելի խոսքերով, 1987 թ. Ռոնալդ Ռեյգանի եւ Միխայիլ Գորբաչովի ստորագրած հրթիռային պայմանագիրը կնքվել էր ի շահ Եվրոպայի: Մերկելը խոսել է նաեւ Թեհրանի եւ Դամասկոսի հետ Եվրոմիության հարաբերությունների մասին: Նա հայտարարել է, որ այդ տարածաշրջանում Եվրոպան եւ ԱՄՆ-ը, փաստորեն, ունեն համանման նպատակներ: Խոսքը Իրանի ազդեցությունը նվազեցնելու մասին է: Սակայն Իրանական միջուկային բազմակողմ պայմանագրից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը, փաստորեն, հակառակ արդյունքն է տալիս: Հատկանշական է, որ Մերկելը հմտորեն քննադատել է Թրամփին, սակայն միաժամանակ հաջողեցնելով իր ելույթում ոչ մի անգամ չհիշատակել նրա անունը: «Մեժդունարոդնայա ժիզն» կայքը գրում է, որ Մերկելը չէր կարող չօգտվել իրեն մշտապես քննադատող Դոնալդ Թրամփի եւ Թերեզա Մեյի, ինչպես նաեւ «փոփոխամիտ» Էմանյուել Մակրոնի բացակայությունից եւ դեպի Եվրոպա գազի ներմուծման հարցում արտահայտել է միանգամայն գործնական դիրքորոշում: Մասնավորապես, նա հայտարարել է, որ «Հյուսիսային հոսք-2» գազամուղը կկառուցվի, քանի որ գազը ամեն դեպքում մնում է գազ, անկախ դրա ծագման վայրից: Գերմանիան պատրաստ է այսուհետեւ էլ կատարել իր պարտավորությունները անդրատլանտյան համերաշխության առումով, բայց չի համակերպվի եվրոպայի «թրամփացմանը» եւ Բեռլինին իրենց կամքը պարտադրելու արեւելաեվրոպական որոշ երկրների փորձերին: Որպես փոխզիջողական միջոց, Մերկելը հանդես է եկել հակառուսական պատժամիջոցների օգտին, սակայն ավելացրել է, որ ապագայում նման ձեռնարկումները պետք է իրականացվեն ԵՄ անդամ բոլոր երկրների համաձայնությամբ, այլ ոչ թե առանձին երկրների սեփական նախաձեռնությամբ: Ավելին, Մյունխենի համաժողովի նախօրեին Բեռլինը ակտիվացրեց երկկողմ կապերը Ֆրանսիայի հետ, այդ թվում սպառազինությունների բնագավարում: Դրա արդյունքը դարձավ ս.թ. հունվարի 22-ին Աախենի համաձայնագրի ստորագրումը, որը վերաբերում է երկկողմ համագործակցության ընդլայնմանը, մասնավորապեսՙ սպառազինությունների արտահանման ոլորտում: Իրադրությունը բարդանում է նրանով, որ ԵՄ Երրորդ էներգետիկ փաթեթի ստորագրման արդյունքում դեպի Եվրոպա ռուսական գազի արտահանումը կարող է անչափ դժվարանալ: Բարդությունն այն է, որ նախատեսվում է Եվրոմիության օրենսդրության գործողությունը տարածել երրորդ երկրներից եկող գազամուղների վրա: «Գազպրոմի» դեպքում դա նշանակում է, որ Եվրոհանձնաժողովը պահանջում է գազամատակարարմանը մասնակից դարձնել այլ ընկերությունների եւ փոխել խողովակաշարի օպերատորին, ինչը, բնականաբար, հակասում է Ռուսաստանի օրենսդրությանը: Բրյուսելի այդ պահանջները Ռուսաստանին ստիպում են խաղի նոր կանոններ հաստատել ածխաջրածինների համաշխարհային շուկայում եւ նույնիսկ հրատապ են դարձնում «Հյուսիսային հոսք-3» գազամուղի կառուցման անհրաժեշտությունը: Ներկայումս Գերմանիայի պահանջմունքները կազմում են ԵՄ էներգետիկ հաշվեկշռի 20 տոկոսը, ըստ որում, ռուսական գազի բաժինը կազմում է այդ թվի 35 տոկոսը: Ըստ որում, Բեռլինը ակտիվորեն յուրացնում է էներգիայի այլընտրական աղբյուրներ, իսկ մինչեւ 2038 թվականը նախատեսում է վերջնականապես հրաժարվել ածխի օգտագործումից: Ինչ վերաբերում է «Հյուսիսային հոսք-2» նախագծին, դրա իրականացումը անհրաժեշտ դարձավ Ուկրաինայի տարածքով գազի առաքման անհուսալիության պատճառով եւ Եվրոպային վառելիքի մատակարարման բազմազանեցման նպատակով: Եվրոպայի միասնականության հարցը եւս մնում է կարեւոր խնդիր: Ռուսաստանցի փորձագետներից շատերի համար արդեն Ջորջ Բուշ կրտսերի պաշտոնավարման տարիներին հայտնի դարձավ, որ Արեւելյան Եվրոպան (թերեւս բացի Հունգարիայից) Ռուսաստանի դեմ Վաշինգտոնի ստեղծած յուրատեսակ բուֆերային գոտու դեր է կատարում: Այս իմաստով, Դոնալդ Թրամփի քաղաքականությունը ոչնչով չի տարբերվում իր նախորդների ուղեգծից: |