ՏՈՆ ԵՎ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ Սովորական ու իշխանական կանանց Մարտի 8-ը Առիթ եղել է` ասել եմ, կանանց տոնը հենց կանանց հանդեպ խտրականության դրսեւորում է, համենայնդեպս` ես այդպես եմ զգում: Բայց քանի որ աշխարհի հետխորհրդային հատվածը շարունակում է կարեւորություն տալ այդ տոնին, չնայած նրան, որ զարգացած շատ պետություններում այդ տոնը դանդաղորեն անցնում է պատմության գիրկը, մենք էլ առայժմ ստիպված տոնի բովանդակության մեջ մնանք` գոնե օրացույցով ու այս ենթավերնագրի տակ: Հետաքրքրական զուգադիպությամբ` մամուլում վերջին մի քանի օրը ամենաքննարկվող անձը վարչապետի տիկին Աննա Հակոբյանն էր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցին զուգահեռ` նրա ու իր դստեր եւս Բրյուսել մեկնելու պարագան: Այն, որ լրագրողները, Բրյուսելում գտնվելով եւ փողոցում Աննային ու դստերը հանդիպելով` հարցեր չեն ուղղել նրան, ինչպես գրել է Աննա Հակոբյանը «Հայկական ժամանակում», կարող է նշանակել երկու բան` կամ բոլորն էլ եղել են «մերոնքական» լրագրողներ, ինչպես որ տասնյակ տարիներով իշխանություններն իրենց սիրելի լրագրողների շրջանակն են ունեցել, ու ոչ մի` իշխանության քիմքին անհաճելի լրագրող չի հայտնվել առաջին դեմքերի արտերկրյա այցերը լուսաբանող լրագրողների շարքում, կամ, եթե այդպես չէ` վախեցել են հարցեր տալ, որ մյուս անգամ արտերկիր այցից չզրկվեն, որը վերջին հաշվով նույնական է առաջին տարբերակի հետ (ես ինձ թույլ չեմ տալիս կասկածել մեր լրագրողների մասնագիտական կարողություններին): Մինչդեռ իշխանափոխությանը նպաստած շատ լրագրողներ հենց դրա համար էին ջանում, որ այլեւս Հայաստանը չբաժանվի մերոնքականների ու ձերոնքականների: Իհարկե, հայաստանյան ԶԼՄ-ների շատ զգալի հատված նախկին իշխանություններից է սնվում, այնպես որ`միգուցե դժվարությամբ, բայց Աննային էլ կարելի է հասկանալ: Բոլոր դեպքերում, սակայն, Աննա Հակոբյանը լավ կլինի այդպես զգայական չարձագանքի մամուլի հրապարակումներին, սովորաբար իշխանության առաջին դեմքերի տիկնանց լավ լույսի տակ չներկայացնելը մամուլի հիվանդությունն ու սովորությունն է ողջ աշխարհում, դրան միայն կարելի է հակադրել տեղեկատվության բացարձակ թափանցիկությունը, ժամանակին իրազեկելը, թե ուր եւ ինչու է մեկնում գործադիր իշխանության ղեկավարի կինը: Սա թույլ կտա գոնե ծածուկ մեկնելու փաստ չշահարկել, իսկ էմոցիոնալ, կասեինք` անգամ վիճահարույց հրապարակում-պատասխանը տիկնոջ օգտին չէ: Դրան հակադրենք ավելի տխուր բան. պատկերացնո՞ւմ եք` ինչ սարսափելի բան կլիներ, եթե մամուլը մոռանար Աննա Հակոբյանին, կարեւոր չէ` դրական , թե բացասական երանգով են գրում նրա մասին: Մինչդեռ մամուլում նրա մշտական ներկայությունն ու աղմուկը նրա անվան շուրջ խոսում են նրա գործոն ու գործիչ լինելու մասին: Այնպես որ` նա եւ նոր իշխանության այլ դեմքերի տիկնայք եւս պետք է սովորեն հանդարտ ու հանգիստ նայել ամեն տեսակի քննադատության, իսկ որ ավելի կարեւոր է` իսկապես զսպեն իրենց այրերի հետ առիթ-անառիթ մեկնելու ցանկությունը, առայժմ գոնե... Բայց բոլոր դեպքերում Աննա Հակոբյանին մամուլային անդրադարձների քանակն ( անկախ ուղղվածությունից) վարկանիշի խնդիր լուծում էՙ նա կարող է մրցակցային նույն հարթության մեջ գտնվել, ասենք, հանրաճանաչ Հասմիկ Պապյանի հետ: Այս բոլորին անդրադարձ ենք անում կանանց տոնի թեմայի մեջ: Այս իմաստով` իշխանափոխությունից հետո հանրային մակարդակում քննարկվող կանանց, կամ, եթե ավելի ստույգ լինենք` նրանց անունների շուրջ աղմուկի պակաս չկա մեր մամուլում: Վերջին շրջանում հանրային դիսկուրսի նյութ էին դարձել մշակույթի լուծարված նախարարության` դեռեւս մինչեւ երեկ նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի տեսակետները, լրագրողների ուշադրությունից անմասն չեն մնում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը , մի երկու կին փոխնախարարներ: Իսկ խորհրդարանում կին պատգամավորները սպառնում են ամենակտիվ դերակատարներ դառնալ` նոր ԱԺ-ի առաջին նիստերում ելույթ ունեցողների մեջ զգալի կշիռ կազմելով, խորհրդարանի միջանցքներով օծանելիքի, սանրվածքի ու հագուստի մի բազմաբղետ ու անդադար բրուոնյան շարժում կազմակերպելով: Ամենամեծ խմբակցությունում, «Իմ քայլում», 22 կին պատգամավոր կա, իշխող քաղաքական ուժի խմբակցության ղեկավարը կին է` աննախադեպ բան մինչեւ հիմա, Լիլիթ Մակունցը , որն առաջին հայացքից թվում է կանացի եւ անպաշտպան, բայց կամաց- կամաց բնավորություն է ցույց տալիս: Իսկ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի առումով նորությունը շատ մեծ չէ, նրանից առաջ կին փոխնախագահներն էին Արեւիկ Պետրոսյանը , Հերմինե Նաղդալյանն ու Արփինե Հովհաննիսյանը : 22 կին պատգամավոր` «Իմ քայլի» 88-ից, սա խոստովանենք, առաջընթաց է` նախկինում խորհրդարանական կանանց նվազ թվերի հետ եթե համեմատենք: ԲՀԿ խմբակցությունում 5 կին պատգամավոր կա 26-ից, նրանցից ամենահայտնին ու մամուլում քննարկվողը շարունակում է մնալ Նաիրա Զոհրաբյանը ` հատկապես վերջին շրջանում ոճային լուսանկարների իր հավաքածուի հրապարակմամբ: «Լուսավոր Հայաստանում»`18-ից 4-ն են կին` իսկ այդ խմբակցության անդամ Մանե Թանդիլյանին շատերն են ճանաչում : Ընդհանուր թվով խորհրդարանի մոտ մեկ քառորդը կին է, թեեւ դեռ վաղ է խոսել ԱԺ աշխատանքի վրա այդ հարաբերակցության դրական կամ բացասական անդրադարձի մասին, մանավանդՙ այնտեղ են հայտնվել նաեւ որոշ էպատաժային կերպարներ: Ազգային ժողովի նախագահի տիկնոջը լայն հանրությունը չի ճանաչում, նրա անվանը հանդիպել եմ մի երկու անգամ սոցիալական ցանցի քննարկումներում: Բոլոր դեպքերում սեփական կանանց թաքցնելը չի սպառնում մեր իշխանավորներին, որն առկա էր նախկին իշխանության դեպքում, ինչպես երեւում է` նորերի կանայք ուզում են ներգրավված լինել հանրային կյանքում: Հայաստանի նախագահի տիկինն, անգամ իր համեստ տեսակով հանդերձ, ճանաչելի է` գոնե իր ձեռնարկների շրջանակում: Բոլոր դեպքերում մենք շնորհավորում ենք իշխանական եւ ոչ իշխանական բոլոր կանանց, ու առանձնապես հայ սովորական կնոջը, որը վերը նշված իշխանական կանանց օգնությամբ է նաեւ դեռեւս գտնվում սարսափելի սոցիալական պայմաններն ամեն օր հերոսաբար հաղթահարելու անհավասար պայքարի մեջ ու հույսը չի կորցնում, որ մի օր պայքարող զինվորից, իրոք, կվերածվի կնոջ: Փաշինյան-Ալիեւ հանդիպումից առաջ Արցախի խնդրի շուրջ խոսքի մակարդակում այս շաբաթ կուտակումներ եղան Բրյուսելում, Հայաստանում, եւ ոչ միայն: Արտառոց մտքեր թեեւ չեն հնչել, բայց ինչ- որ տարօրինակ աշխուժություն, այնուամենայնիվ, հարցի շուրջ կա, ու դա հավանաբար կապ ունի այն բանի հետ, որ մարտի կեսերին սպասվում է Փաշինյան-Ալիեւ հանդիպում: Մինչեւ Փաշինյանի Բրյուսել այցը` ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը եղել էր Արցախում, ի թիվս այլ հայտարարությունների նշել վերաբնակեցման ծրագրի` ազգային անվտանգության երաշխիք լինելու մասին, ընդգծելով, որ հողերի բնակեցումը կչեզոքացնի հողերը հանձնելու մասին խոսակցությունները, իսկ հայկական պետականությունը պատասխանատու է իր վերահսկողության տակ գտնվող աշխարհագրական եւ աշխարհաքաղաքական տարածքի համար: Սրան հաջորդել էին ադրբեջանական կողմից անհանգստություն եւ քայլեր` միջազգային աջակցություն եւ պարզաբանում ստանալու այս հայտարարության վերաբերյալ: Բրյուսելում եւ Հայստանում հնչած մի շարք հայտարարություններ իրար համադրելը թողնելով ընթերցողին, առայժմ արձանագրենք միայն մի քանի ձեւակերպումներ: Եվրոհանձնակատար Յոհանես Հանը ասում էր` բանակցությունների ձեւաչափը չպետք է փոխվի: Սա ադրբեջանցիք ընկալել են, թե Արցախը չի վերադառնա բանակցությունների սեղան, մինչդեռ Արցախի մասնակցության անհրաժեշտության վերաբերյալ բանակցային ձեւաչափում Հայաստանի վարչապետն ասել է համարյա բրյուսելյան բոլոր հրապարակային հանդիպումներում: Նույն Հանը խոսում էր Արցախի հարցի շուտափույթ կարգավորումից` միջազգային իրավունքին համապատասխան, իսկ վարչապետ Փաշինյանի հնչեցրած մտքերից է, որ Ադրբեջանը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել, թե իրենք պատրաստ են հակամարտությունը լուծել ուժի միջոցովՙ առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի ազգաբնակչության շահերը: Եւ այս այս պայմաններում դժվար է ակնկալել խնդրի շուտափույթ լուծում: Բանակցությունների ձեւաչափի վերաբերյալ Հանի ասածն էլ ուղղակի Մինսկի խմբի շրջանակն է մատնանշում, քանի որ միջազգայնորեն վաղուց ընդունված է, որ Ղարաբաղյան հակամարտությունն ունի երեք կողմ, ամրագրված 1994 թվականին Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ: Այս ֆոնին` ռուս փորձագետ Ստանիսլավ Տարասովի այն ենթադրությունը, թե ԵԱՀԿ ՄԽ պասիվությունն ու Հայաստան-Ադրբեջան շփումների ակտիվությունը այս վերջին ամիսներին նշանակում են, թե աշխատանքային ինչ-որ նախագիծ գոյություն ունի, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խումբը երկկողմ հանդիպումների արդյունքների արձանագրողի նոր դեր է ստանձնել սոսկ, թվում է միտումնավոր արտահոսք` Փաշինյան-Ալիեվ հանդիպումից առաջ: Նպատակը կարող է լինել կասկածամտության սերմանումն ու իր երկրի համանախագահության դերի հետ կապված ինչ-որ միտում: Մինչդեռ նախօրեին վարչապետ Փաշինյանը խորհրդարանում ասում էր, թե Հայաստանի քաղաքականությունն Ադրբեջանի հանդեպ չի կոշտացել է, այլ անցնող ամիսներին եղել է նույնը` այսինքն` Ադրբեջանի պահվածքին եւ իրավիճակին համարժեք: Իսկ Արցախի հարցի` Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համաձայնությամբ, Արցախի մասնակցությամբ լուծման իր կողմից բազմիցս արված հայտարարություններն անարձագանք է թողել հենց Ադրբեջանը: Արցախի` բանակցային սեղան վերադարձը բանակցային ձեւաչափի փոփոխությանը վերագրողներին ի պատասխան էլ Փաշինյանն ասում է` ոչ թե ձեւաչափն ենք փոխում` այլ վերականգնում ենք 1994-ի ձեւաչափը, երբ Արցախը մասնակից էր բանակցություններին: Ըստ Փաշինյանի` Ալիեւի հետ առաջիկա հանդիպմանը միայն այս մասին են խոսելու, սակայն, իհարկե, շատ փորձագետներ շարունակում են կասկածել, թե միգուցե այլ թեմա եւս կա, որի մասին հանրությունը տեղյակ չէ: Փաշինայնն ասում է` ոչ, ամեն ինչ հայտնի է: Տարասովը խոսում տապալված փաստաթղթի մասին: Նախկին իշխանության ներկայացուցիչներն անվերջ աղմուկ են բարձրացնում, թե` հայ-հարայ, հողերը չենք թողնի հանձնեք: Դե լավ, մի քանի օր անց կհետեւենք հանդիպմանը: Բոլոր դեպքերում եթե երկկողմ հանդիպումներով Հայաստանն ու Ադրբեջանը ուղղակի ժամանակ են շահում` հետաձգելով ինչ-որ առաջարկի ձեւավորումը, արժե մեր շահած ժամանակը ծախսել Հայաստանի տնտեսական ուժեղացման վրա, ընդ որում` դրանով պետք է զբաղվի ողջ հայությունը, եթե ուզում է հայկական կողմին տեսնել ուժեղի դիրքում բանակցային գործընթացում: Մյուս կողմից տեսնում ենք, որ ինչ-որ մեկին (ներհայկական կողմերի մասին է խոսքը) շատ անհրաժեշտ է Արցախի եւ Հայաստանի իշխանության հակադրությունն այս պահին, համենայնդեպս` Ռուբեն Հախվերդյանի արտահայտած անզգույշ մտքերին Արցախի` նաեւ պաշտոնական շրջանակներից հնչող անպաշտոն հակահարվածները հուշում են, որ առավել խորքային ներիշխանական հակադրություն եւ լարվածություն կա Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ: Ենթատեքստն Արցախում կայանալիք նախագահական ընտրություններն են, պարզ է, ու պայքար կա ժառանգորդ դառնալու համար: Իսկ Վազգեն Սարգսյանի 60-ամյակի լայն նշումն Արցախում, որին մասնակցել է նաեւ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը , խոսում է այդ գործընթացների համատեքստերից մեկի մասին` պայքարը ոչ թե եւ ոչ այնքան անձերի, որքան Հայաստանի նախկին եւ ներկա իշխանություններին հարող արցախյան շրջանակների մրցակցության մասին է: Եկող տարի տեղի ունենալիք նախագահական ընտրություններին մասնակցելու հավակնության մասին հայտարարել են Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, մասնակցության հավակնությունը չի թաքցնում նաեւ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը : Բոլոր դեպքերում այդ մարդկանց առաջադրումն ուղիղ կապ կունենա այն բանի հետ, թե ինչ ուղղությամբ կզարգանան իրադարձությունները Արցախի հարցի շուրջ, կվերականգնվե՞ն բանակցությունները, դրանց կմասնակցի՞ Արցախը, որի դեպքում պետք է բանակցելու կարողություն ունեցող եւ դիվանագիտական հատկություններով օժտված նախագահ: |