RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#007, 2019-02-22 > #008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15 > #011, 2019-03-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 08-03-2019



ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2019-03-08 00:25:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 1576, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՑԱՆԿԱՆՈՒՄ ԵՆՔ ԼԱՎ ԲԱՆ ԱՆԵԼ, ՍՏԱՑՎՈՒՄ Էՙ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ»

ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ

Վերնագրում ասվածը հետխորհրդային տնտեսվարական միջավայրում հայտնի արտահայտություն է, հեղինակըՙ ՌԴ երկարամյա երբեմնի վարչապետ Վիկտոր Չերնոմիրդինը : Ելցինյան շրջանի սույն պետական այրը հիմա էլ հարգված է պուտինյան Ռուսաստանում, նրա խոսքին ունկնդիր են: Այնպես որ կասկածից դուրս է, որ ՌԴ տնտեսության ղեկավարման տարիներին նա բացառապես առաջնորդվել է տնտեսությունը բարեփոխելու, երկրի շահը գերակայելու մղումներով, սակայն ինչպես ինքն է վկայումՙ ստացվել է ինչպես միշտ, ասել է թե սպասվածից թե ցանկալիից պակաս, չգոհացնող:

Ինչո՞ւ կարիք առաջացավ հիշել այս մասին: Այն պարզ պատճառով, որ մեզանում էլ նորոգ իշխանությունը ցանկանում է լավ բան անել, իսկ որպեսզի այն իրականություն դառնա, յուրաքանչյուրն իր փորձն ու գիտելիքները հարկ է որ ներկայացնի, փաստարկներ ու հիմնավորումներ նշի, այդկերպ ՀՀ վարչապետի ակնկալիքն ու հանձնարարությունը կատարի: Հեռուստացույցի առջեւ հորանջելով նստած թե շենքի նկուղային հատվածում բլոտ խաղալով տարված ՀՀ հպարտ քաղաքացիներ հռչակված հայաստանաբնակի պակաս մեզանում չկա, իրոք չկա, որոնց հանդեպ իշխանության բարձրագույն ներկայացուցիչների «աշխատել չեն սիրում» պահվածքը մասամբ հասկանալի է: Մասամբ, քանզի նրանք էլ առաջնորդվում են տառապանքներս փորձ ունի մոտեցմամբ, երբ համոզվել են, որ իրենց առաջարկները լինի թե ահազանգերը, վրդովմունքը թե բողոքները նվազագույն ուշադրության անգամ չեն արժանանում, պարզապես անհետեւանք են մնում: Ասվածը փորձեմ հիմնավորել մեզանում եւ մեր օրերում գյուղատնտեսության մեկ ոլորտի, ասենքՙ ոչխարաբուծության շուրջ ընթացող գործընթացներով:

Բարձրագույն իշխանությունն անցած 8-9 ամիսներին մեկ անգամ չէ որ հավաստեց անասնապահության այդ ճյուղի խթանման խնդիրը, ընդգծելով մեկ հիմնական գործոնՙ հարավային հարեւանի ներմուծման պատրաստակամությունը: Այնքանով որքանով երկրի տնտեսության կայացման նախապայման է դիտարկվում արտահանումը, հարկ է անվարան նպաստել ոչխարների գլխաքանակի աննախադեպ աճին, ինչպես հետագայում պարզվեց, անգամ ՌԴ-ից ներկրելու եւ Իրան արտահանելու շնորհիվ: Չգիտես ինչու հաշվի չառնվեցին ոլորտի հետ կապված այլ խնդիրները, որոնք ավելի բնորոշիչ են իրենց հետեւանքներով: Այդպիսիք նկատի ունենալով, դեռեւս 1970-80 թվականներին ՀՍՍՀ բարձրագույն ղեկավարությունը միջոցառումներ նախատեսեց ոչխարների գլխաքանակի կտրուկ աճ չունենալու ուղղությամբ, որին փորձ արվեց անգամ քաղաքական որակում տալ, իմաՙ ճնշում են ոլորտով հիմնականում զբաղվող ազգային փոքրամասնություններին: Հանրապետության գործադիր ու կուսակցական ղեկավարությունն իր փաստարկները պնդեց. ոլորտի մասնագետները հիմնավորում են, որ այս անասնատեսակի դունչը սրացած է, ունի շարժուն շրթեր, սուր կտրիչներ, որոնց շնորհիվ բուսածածկի խոտը հանում է արմատից, իր անցած տարածքը առժամանակ անապատացնում, ուստիեւ նպատակահարմար չէ ճյուղի զարգացումը սահմանափակ տարածք ունեցող ՀՍՍՀ-ում: Արդյունքում 1976 թ.ի 2,3 միլիոն մանր եղջերավորի գլխաքանակը 1989-ին իջավ 1,3 մլն-ի: Ահա իրողությունը, որի հետ պարտավոր ենք հաշվի նստել, քանզի հետագա տարիներին այսօրինակ գործընթացի հիմնավորման ականատես բազմիցս դարձանք: Ոչխարների գլխաքանակը իջավ 600 հազարի:

Բոլորովին պաատահական չէ, որ ս.թ. փետրվարի 15-ին ստորեւ ներկայացվող նամակով կարիք առաջացավ կրկին դիմել ՀՀ հարգարժան վարչոպետին: Այն մեջբերում եմ ամբողջությամբ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ քաղաքացի Գեղամ Քյուրումյանից

Պատճենՙ պատմությանը

Դիմում - ահազանգ

Անցած 6-7 ամիսներին արդեն 3-րդ անգամ եմ Ձեզ դիմում ՀՀ-ում ոչխարաբուծության շուրջ Ձեր մոտեցման առիթով: Այս անասնատեսակի արտահանման նպատակով զարգացում տեսնելը նման է տնտեսական ցանկացած գործարքից շահույթ ակնկալելու մոտեցման, որը համաշխարհային տնտեսվարական միտքը միանշանակ չի դիտարկում: Ապացույցըՙ երկիր մոլորակի թիվ 1 տնտեսությունն ունեցող ԱՄՆ-ում 1940-ականների 52 մլն գլուխ մանր եղջերավորների քանակը ներկայիս 5 մլն-ի իջեցնելը: Նման պատկեր է Թուրքիայում. 1983-ին երկրում պահվում էր 67,5 մլն գլուխ մանր եղջերավոր, 2015-ինՙ 35,8 մլն գլուխ, հիմա թերեւս ավելի պակաս: Երբեմնի խորհրդային Լիտվա, Լատվիա եւ Էստոնիայում, որոնք հիմա մոտ են գերզարգացած երկրների մակարդակին եւ որոնց ընդհանուր տարածքը ՀՀ-ի 6-ապատիկն է, հազիվ 230 հազար գլուխ մանր եղջերավոր է պահվում, երբ ՀՀ ցուցանիշը 600-700 հազար է եւ ծրագրվում է հասցնել 1,5-2 մլն-ի: Կարող եմ տարբեր այլ փաստարկումներով շարունակել ոչխարաբուծությունը տնտեսապես ոչ նախընտրելի ոլորտ որակելու հիմնավորումս:

Ահազանգում եմ, քանզի մտահոգ եմ ՀՀ տնտեսության առաջիկա տարիների համար:

Մնացյալըՙ ակնկալվող հանդիպման ընթացքում:

Կանխավ շնորհակալությամբՙ Գեղամ Քյուրումյան 15.02.2019 թ.

Ի՞նչ նկատի ունեի «Մնացյալըՙ ակնկալվող հանդիպման ընթացքում» նշելով: Այն, որ բազմազբաղ վարչապետը, կամ իր համապատասխան օգնականներից ու խորհրդականներից մեկը կլսի այն լրացում-փաստարկները, որոնցով ցանկալի չէ ծանրաբեռնել երկրի բարձրագույն ղեկավարին ուղղված գրությունը: Մեր պատմության խորհրդային շրջանում ոչխարաբուծության հանդեպ ուշադրությունը պայմանավորված էր պլանային համակարգով: Թեեւ այստեղ էլ կային բացառություններ, ասենքՙ մերձբալթյան 3 երկրներում ոչխարների գլխաքանակը 400 հազար էր, անդրկովկասյան 3 հանրապետություններումՙ 8,6 մլն: Ոչխարի մթերատվությունը կաթի ու մսի տեսքով հիմնավորապես է զիջում խոզի մսի արտադրությանն ու կովերի կաթնատվությանը: Առաջինի պարագայում 1 խոզամայրից տարեկան ստացվում է 1,5-2 տոննա միս, երկրորդի դեպքում նվազագույնը 7-8 հազար լիտր կաթ, երբ ոչխարի մթերատվությունը գրեթե աննշան է:

Կա նաեւ մի գործոն, որին հանդիպել եմ գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Լեւոն Վարդեւանյանի աշխատություններից մեկում: Պարզվում է ոչխարների մոտ միս-ոսկրազանգված հարաբերակցությունը 40-60 տոկոս է, խոզերի մոտՙ հակառակը: Այնպես որ դիմում-ահազանգիս ավելացնելու շատ բան կար, ասենքՙ հաճախ հիշատակվող Ավստրալիայում ոչխարաբուծության պատկերը: 1980-ականներին այստեղ ոչխարների գլխաքանակը 130 մլն էր, մեր օրերումՙ մոտ 70 մլն: Անգամ Իրանում է այս անասնատեսակի նվազում արձանագրվել, որի փոխարեն կտրուկ աճել է հավի մսի արտադրությունը, 2000-2016 թթ-ին 800 հազար տոննայից հասնելով 2,2 մլն տոննայի, 1 բնակչի հաշվով մոտ 30 կգ, երբ ՀՀ ցուցանիշը հազիվ 3 կգ է:

ՀՀ վարչապետի աշխատակազմում թերեւս ինչ-ինչ գործընթացներ կանխատեսելով նպատակահարմար են գտել ահազանգիս կապակցությամբ ստանալ մասնագիտական կառույց ՀՀ գյուղնախարարության կարծիքը: Օրեր անց այն ստացվել է, որը ուղարկվել է ՀՀ կառավարություն եւ այստեղից վերահասցեագրվել դիմումատուիս: Այն նույնությամբ ներկայացնում եմ:

Նախագիծ

Հարգելի պարոն Քյուրումյան.

Ուսումնասիրելով Ձեր կողմից բարձրացված հարցըՙ ՀՀ-ում ոչխարաբուծության զարգացման վերաբերյալ տեղեկացնում եմ, որ այն անասնաբուծության ավանդական ճյուղերից է, որը կարեւոր նշանակություն ունի մեր ժողովրդի սոցիալ-տնտեսական կյանքում եւ մշակութային արժեքների ստեղծման գործում: Երկրում ոչխարաբուծության զարգացումը պայմանավորված է նպաստավոր բնակլիմայական պայմանների եւ ընդարձակ լեռնային արոտավայրերի առկայությամբ: Ներկայումս ոչխարաբուծությունը զարգանում է իր իրական հնարավորությունների 25-30 տոկոսի չափով, մինչդեռ ցածր ռիսկայնության եւ ցածր ինքնարժեքով մթերքների արտադրության առումով այն հեռանկարային է մեր երկրի համար: Ոչխարաբուծությունը հանդիսանում է արժեքավոր մսի, կաթի, ճարպի ստացման աղբյուր: 2018-ի հունվարի 1-ի դրությամբ արտադրվել է 11 հազար տոննա սպանդային զանգվածով ոչխարի ու այծի միսՙ շուրջ 30,5 մլրդ ՀՀ դրամ արժողությամբ:

Վերջին տարիներին ԻԻՀ կենդանի ոչխարների արտահանումը եւ արաբական մի շարք երկրների գործարարների կողմից ՀՀ-ում աճեցված ոչխարների ձեռքբերման վերաբերյալ առաջարկությունները հուսալի երաշխիք են ստեղծում այս ոլորտի ներդաշնակ զարգացման, ինչպես նաեւ արտահանման տեսանկյունից մրցունակ ու մենաշնորհային անասնաբուծության ճյուղ դարձնելու համար: ՀՀ կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տվյալների հանաձայն, 2018-ի հունվար-դեկտեմբեր ամիսների դրությամբ ՀՀ-ից արտահանվել են 12110 գլուխ մանր եղջերավոր կենդանիներ եւ 2347 տոննա ոչխարի միս:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ ոչխարաբուծության համար առկա բարենպաստ պայմանները, ավանդույթները եւ դարերի ընթացքում ձեռքբերված փորձըՙ ՀՀ-ում ոչխարաբուծությունն ունի բավարար ներուժ ոչ միայն ներկայանալու որպես կարեւոր անասնաբուծական ճյուղ, այլեւ զբաղեցնելու մրցակցային դիրք արտահանման շուկայում:

Գյուղնախարարի առաջին տեղակալ` Գեղամ Գեւորգյան

Բացարձակապես անհասկանալի մի վիճակ. ինչո՞ւ է ՀՀ պետական կառույց գյուղատնտեսության նախարարության կողմից ՀՀ կառավարություն ուղարկվող փաստաթուղթը «Նախագիծ» անվանվել: Սույն հասկացությունը ըստ «Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան»-ի ներկայացվում է որպես որեւէ փաստաթղթիՙ ակտի նախնական տեքստ: Թե ինչո՞ւ են երկրի գործադիրում նախընտրել բավարարվել պատասխանի նախնական տեքստով եւ այն ահազանգողիս ուղարկել կառավարության կողմից, խնդրի մի մասն է: Եթե ՀՀ տնտեսության առաջիկա տարիների համար մտահոգ քաղաքացուս կարծիքն են ակնկալում, ապա մեկ անգամ չէ որ փաստարկված նշել եմ այս մասին: «Հանրապետությունում ոչխարաբուծության զարգացումը պայմանավորված է նպաստավոր բնակլիմայական պայմանների եւ ընդարձակ լեռնային արոտավայրերի առկայությամբ» մտայնությունն ընդամենը հաճոյախոսություն է եւ տվյալ պարագայում որեւէ կապ չունի ՀՀ տնտեսության կայացման հետ: Ասվածը բազմիցս հիմնավորել է ՀՀ գյուղաբնակըՙ անցած 25-ամյակում մերժելով գյուղոլորտում 1,5 մլն եւ ավելի գլխաքանակով մանր եղջերավոր պահելու ՀՀ գյուղնախի ռազմավարական հռչակվող ծրագրերը, որոնք բարեխղճորեն հաստատվել են ՀՀ կառավարությունների կողմից: Հայոցս հողա-ջրա-ջերմային կարողունակությունները հարկ է ծառայեցնել ապահովելու հայաստանաբնակի առավելագույն սննդակարգը, առաջիկա տարիներին կառավարության կանխատեսած 6 մլն եւ ավելի բնակչության պարենապահովությունն ու երկրի պարենանվտանգությունը: Հանրահայտ է, որ այսօր խնդիրը լրջագույնս վտանգված է, երկիրը ներմուծում է ինչ պատահի եւ որտեղից պատահի: Այնպես որ «ինչպես անել»-ը հարցի առավել տեսանելի մասն է, որտեղ ոչխարաբուծությունն առաջնահերթությունների ցանկում չէ: Խնդրի վերջնամասից դիտարկումն է, որ ինչ-որ լավ բան անելու պարզ ցանկությունը հանգեցնում է այն բարդ գործընթացի վերածելուն:

Տխուր է, պարոնայք կառավարիչներ:

04.03.2019 թ. Երեւան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #9, 08-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ