«ԶԵՅԹՈՒՆԻ ԱՎԵՏԱՐԱՆԻ» ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ «ՊԱԿԱՍՈՂ ԷՋԵՐՈՒՄ» Հ.Ծ. Դոկտ. Հեղնար Զեյթլյան-Ուաթենպոն արվեստի պատմության դասախոս է Դեյվիսի Կալիֆոռնիա համալսարանում: «Օսմանյան մի քաղաքի պատկերը: Ճարտարապետությունը Հալեպում» (The Image of an Ottoman City: Architecture in Aleppo) խորագրով 2004-ին հեղինակած նրա գիրքը մրցանակի է արժանացել: Նրա ուսումնասիրությունները հաճախակի տպագրվում են «Huffington Post» եւ «Los Angeles Times» պարբերականներում: Վերջերս Ստենֆորդ համալսարանի հրատարակչությունը լույս է ընծայել նրա նոր հատորը «Պակասող էջերը: Միջնադարյան մի ձեռագրի արդի կյանքը: Ցեղասպանությունից արդարություն» (The Missing Pages: The Modern Life of a Medieval Manuscript, from Genocide to Justice) խորագրով, որը նվիրված է «Զեյթունի Ավետարանին», գրված 1256 թվին մեր մեծագույն մանրանկարիչ, ծաղկող եւ գրիչ Թորոս Ռոսլինի ձեռամբ: Այն համարվում է ինչպես արվեստի, եւ ընդհանրապես մշակույթի անզուգական ժառանգություն, այնպես էլ սրբազան մասունքՙ սփռված համայնքների իր պատմությամբ: Դոկտ. Ուաթենպոն մանրակրկիտ ուսումնասիրությամբ հետեւում է ձեռագրի գծած ուղուն եւ յոթ դարերի միջով անցնելով հասնում մինչեւ 1915, Հալեպի որբանոցները, Էլիս Այլենդ, Խորհրդային Հայաստան եւ Լոս Անջելես: Նա ներկայացնում է արտակարգ արվեստի հարուստ ներկապնակը եւ դրա հետ առնչվող մարդկանց վերապրելու կամքը, հակառակ բազում կորուստների եւ դժվարությունների: Նկար 1. Հեղնար Զեյթլյան |