RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15 > #011, 2019-03-22 > #012, 2019-03-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 15-03-2019



Տեղադրվել է` 2019-03-15 00:15:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 2134, Տպվել է` 61, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊՈՒՏԻՆԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Վերջին շրջանում Ռուսաստանում թերեւս ոչ մի հրապարակում չէր առաջացրել այնքան բուռն քննարկումներ եւ իրարամերժ տեսակետներ, որքան Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիսլավ Սուրկովի հոդվածը «Պուտինի տեւական պետությունը» վերնագրով: Պետության ղեկավարին մոտ կանգնած ոչ միանշանակ հեղինակությամբ չինովնիկը փորձել էր գնահատել Պուտինի դերը Ռուսաստանի նորագույն պատմության մեջՙ խնդրին մոտենալով քաղաքական, պատմափիլիսոփայական բազմակողմ տեսանկյուններից:

Վլադիսլավ Սուրկովը ինտերնացիոնալ ընտանիքի ծնունդ է: Մայրը ռուս է, հայրըՙ չեչեն, սակայն հայրը լքել է ընտանիքը, երբ որդին ընդամենը հինգ տարեկան էր: Մայրը տեղափոխվել է Ռուսաստան, եւ Վլադիսլավը այստեղ ձեւավորվել է որպես ուղղափառ ռուս (թեեւ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը միշտ հպարտանում է իր «հայրենակցով»): Եվ մի որոշ ժամանակահատված լինելով Պուտինի վարչակազմի գաղափարախոսը, Սուրկովը միշտ ելել է ռուսական պետականության, ռուս ժողովրդի ազգային շահերի տեսանկյունից:

Ո՞րն է Սուրկովը համարում Պուտինի իրագործած գլխավոր առաքելությունը: Այն, որ Խորհրդային Միության մակարդակից փուլ գալով Ռուսաստանի Դաշնության մակարդակին, երկիրն այնուամենայնիվ Պուտինի շնորհիվ վերջ տվեց փուլ գալուն, սկսեց վերականգնվել եւ վերադարձավ մեծ, հողերն ավելացնող ու հավաքող ժողովուրդների հանրության իր բնականոն ու միակ հնարավոր իրավիճակին: Ահա եւ, Ռուսական պետությունը հարատեւում է, եւ դա նոր տիպի պետություն է, առայժմ նվազ ուսումնասիրված, սակայն յուրօրինակ ու կենսունակ: Նոր պետությունը, հավաստում է Սուրկովը, ռուսաստանյան ժողովուրդների կենսունակության ու վերելքի արդյունավետ միջոց կլինի ոչ միայն առաջիկա տարիներին, այլեւ առաջիկա տասնամյակներ եւ առհասարակ ամբողջ ներկա դարի ընթացքում:

Սուրկովը Ռուսաստանի պատմության մեջ պայմանականորեն առանձնացնում է պետության չորս հիմնական մոդելներՙ Իվան Երրորդի պետություն, Պետրոս Մեծի պետություն, Լենինի պետություն եւ Պուտինի պետություն, եւ այդ քաղաքական մեծ մեքենաները, հերթափոխվելով, վերանորոգվելով ու ինքնահարմարվելով, դար առ դար ռուսական աշխարհին ապահովել են վերընթաց շարժում:

Սուրկովը Պուտինի աշխարհայացքային առանձնահատկություններից է համարում նաեւ այն, որ նա անհարկի տուրք չի տալիս արեւմտյան դեմոկրատական բազում «արժեքներին», երբ արտաքին ցուցադրական դեմոկրատական ինստիտուտների ետեւում թաքնված է ուժային կառուցների իրական իշխանության ստվերային կազմվածքը, մի մեխանիզմ, որը գործում է բռնության, կաշառքի ու շահարկումների միջոցով:

Պուտինի քաղաքական մեքենան, լավատեսություն է հայտնում Սուրկովը, առայժմ միայն թափ է առնում եւ տրամադրվում տեւական, դժվարին ու հետաքրքրական աշխատանքի: Դեռ երկար Ռուսաստանը կմնա որպես Պուտինի պետություն, ինչպես, օրինակ, Ֆրանսիան է իրեն համարում դը Գոլի Հինգերորդ Հանրապետություն: Մոսկվան Արեւմուտքին անընդհատ հիշեցնում է, որ գլոբալացումը չի կարող աշխարհը վերածել տափակ հարթության առանց սահմանների, որ ինքնիշխանությունը եւ ազգային շահերը կորսված արժեքներ չեն, որ, իբր, 21-րդ դարում չեն լինի ինքնուրույն ազգեր ու ազգային պետություններ:

Սուրկովը իսկապես շատ խորն ու բազմաշերտ է իր դատողություններում, թեեւ կարող է որպես չինովնիկ սուբյեկտիվ ու կանխակալ լինել իր պուտինամետ կողմնորոշումներում: Մի կողմ դնենք այդ մոտեցումները: Ամենաուշագրավն այն է, որ Ռուսաստանում իրոք ստեղծվել է պարադոքսալ իրավիճակ: Հայաստանում թավշյա հեղափոխության գլխավոր շարժիչ ուժը ոչ միայն համընդհանուր ատելությունն էր անձամբ Սերժ Սարգսյանի հանդեպ, այլեւ նրա կառավարած քաղաքական-տնտեսական վերնախավի նկատմամբ, լիներ դա նախարար, քաղաքապետ, մարզպետ, գյուղապետ թե ընդհանուր կնիքովՙ հանրապետական: Ռուսաստանում նույն մերժողական վերաբերմունքն է իշխող ընտրախավի նկատմամբ, բայց, ահա, ոչ Պուտինի հանդեպ: Զարմանալիորեն ինչքան էլ որ ընկնում է բնակչության կենսամակարդակը, հատկապես արեւմտյան պատժամիջոցների հետեւանքով, ինչքան էլ որ նվազում է Պուտինի հարգանիշը, այնուամենայնիվ դա չի վերածվում համազգային հակակրանքի պետության ղեկավարի հանդեպ: Եվ շատ քաղաքական մեկնաբանների կարծիքով, այս հիրավի պարադոքսալ իրավիճակն է կանխում գունավոր հեղափոխության կամ Ռուսաստանում ավելի հաճախ օգտագործվողՙ ապստամբության բռնկումը: Եվ այս պարագայում ո՞րն է համարվում Պուտինի գործունեության եզակի ու գլխավոր արժանիքը: Առաջին հերթին նշվում է ժողովրդին լսելու եւ հասկանալու, նրա խորքային էությունը տեսնելու ունակությունը, այդ հանրության հետ հաղորդակցման պաշտոնական եւ ոչ պաշտոնական ձեւամիջոցների ապահովումն ու կիրառումը (հատկություններ, որոնք իսպառ բացակայում էին Ս. Սարգսյանի մոտ): Իսկ երբ մարդկանց հանդեպ վերնախավի ցուցաբերած արհամարհանքի, տկարամտության, կոռուպցիայի հետեւանքով ժողովրդի հետ կապը վտանգվում է, ապա Պուտինը եռանդուն ջանքեր է գործադրում փոխադարձ լսելիությունը վերականգնելու համար, դիմելով անմիջական շփումներին:

Եթե Ռուսաստանում լայն առումով իրոք չկա պուտինամերժություն, ապա զուգահեռ չկա նաեւ անհարկի պուտինապաշտություն: Ավելին, ի պատասխան նաեւ Սուրկովիՙ պուտինական պետության տեւականության պնդումին, առարկություններ են հնչում, թե որ օրը Պուտինը ավարտի իր իշխանապատումը, նույն օրը նրան կմոռանան, ինչպես մոռացան Գորբաչովին ու Ելցինին: Եվ հենց այստեղ արդեն այսօր հառնում է հեռանկարային կարեւորագույն խնդիրըՙ իսկ ո՞վ կփոխարինի Պուտինին:

Բնական է, որ խոսքը չի վերաբերում որեւէ կոնկրետ անձնավորության, քանզի առջեւում դեռեւս հնգամյա ժամանակահատված է ընկած: Սակայն հարցը դարձնելով համապարփակ ու ելնելով տակավին անցյալ դարի 80-ական թվականներից, երբ ԽՍՀՄ-ն արդեն բռնել էր ինքնակործանման ուղին, այնուհետեւ աչքի առաջ ունենալով 90-ականների եւ ելցինյան ժամանակների քայքայման ու այլասերման տարիները, ապա տարօրինակ չի թվում, որ ներկա ռուս իրականության մեջ գնալով ուժեղանում է... Ստալինի պաշտամունքը: Երկիրը կարոտ է ուժեղ ձեռքիՙ ընդունակ ճեղքումային առաջընթացի: Ընդ որում, կապշեք, եթե ասենք, թե ի՞նչ Ստալինի մասին է երազանքը: Լիբերալ... Ստալինի: Ոչ թե բռնությունների, համակենտրոնացման ճամբարների, գնդակահարությունների Ստալին, այլ նորագույն ժամանակների ուժեղագույն կամքի տեր անձնավորություն, որն ի վիճակի լինի դեմոկրատական ազատությունների պայմաններում մոբիլիզացնելու ժողովրդին հանուն երկրի կտրուկ առաջընթացի ու արմատական արդիականացման:

Համատեղելի՞ են լիբերալ մտայնությունն ու Ստալինը: Բայց սա արդեն նոր ու մեծ թեմա է: Կամ էլ ընդհանրապես թեմա չէ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 15-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ