RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#008, 2019-03-01 > #009, 2019-03-08 > #010, 2019-03-15 > #011, 2019-03-22 > #012, 2019-03-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 15-03-2019



Տեղադրվել է` 2019-03-15 00:15:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 1024, Տպվել է` 56, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՈՐ ԼԻՆԵՆՔ ԵՎ... ՈՒՆԵՆԱ՛ՆՔ

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, Հայաստանի վաստակավոր լրագրող

Անցյալ շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես եկավ Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման մասին նոր հայտարարությամբ: Դրանում, ըստ իս, հայկական կողմի շահերի բացարձակ ոտնահարում կար: Նախ, այս հայտարարությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը 1-ին անգամ Արցախյան հակամարտությունը բացեիբաց դիտարկում էր իբրեւ... տարածքային վեճ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, ոչ թե որպես Ադրբեջանի բռնատիրությունից ազատագրվելու արցախահայության ազգային-ազատագրական պայքարի արտահայտություն: (Նման մոտեցում ի սկզբանե չի եղել: Ծ.Խ.): Մերժվում էր բանակցային գործընթացի մասնակիցների թիվը փոխելու, դրանում պաշտոնական Ստեփանակերտին ներգրավելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, որ նա անում էր թավշյա հեղափոխությունից հետո: Հայաստանին առաջարկվում էր... վերադարձնե՛լ այսպես կոչված 7 գրավյալ շրջանները: Պարզ ասած, նախկինում հակամարտության խաղաղ կարգավորման համար բոլոր սկզբունքների համաժամանակյա կիրառումը պարտադիր պայման համարող ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահները այս անգամ պետությունների տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքին... նախապատվություն էին տվել: Փոխարենը մշուշոտ մի ակնարկ կար, թե դրա դիմաց Արցախին կշնորհվի ինչ-որ միջանկյալ կարգավիճակ: Ո՞վ պիտի «շնորհի»ՙ Աստվա՛ծ գիտե: Դրանից հետո բոլոր փախստականները իրավունք կստանան վերադառնալու «իրենց բնակավայրերը»: Սա նշանակում էր միայն ազերի բնակիչների վերադարձ... Արցախ: Հայ փախստականների վերադարձի մասին, նույնիսկ Արցախի երբեմնի հայաբնակ վայրեր, որոնք այժմ գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ,...խոսք չկար: Ենթադրվում էր հակամարտության գոտի մտցնել խաղաղարար ուժեր, որոնք պիտի «կանխեն նոր բռնությունը հայկական եւ ադրբեջանական բնակչության միջեւ»: Իսկ ժամանակ անց միջազգային վերահսկողության ներքո պիտի անցկացվի արցախահայության ինքնորոշման նոր հանրաքվե:

Սա մեզ համար միանգամայն անընդունելի ծրագիր էր: Խոսք չկար հակամարտության գոտում վերահսկողության տեխնիկական միջոցներ տեղադրելու մասին, մինչդեռ բանակցային գործընթացի նախորդ փուլերում այդպիսի համաձայնություն արդեն ձեռք էր բերվել, թեեւ Ադրբեջանը դա երբեք չի պահպանել: Չկար նաեւ այն հարցի պատասխանը, թե ո՞վ է երաշխավորելու Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների անվտանգությունը, եթե Ադրբեջանը շարունակի արգեսիան հայկական երկու պետությունների նկատմամբ: Չէ՞ որ ըստ Իլահամ Հեյդար-օղլու բարբաջանքներիՙ «ադրբեջանական հող» են թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի Հանրապետության տարածքները, որոնք իրենք «վաղ թե ուշ կազատագրեն անիծյալ հայերից»:

ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահների այս հայտարարությունը գոհունակությամբ ընդունվեց Բաքվում, եւ հիասթափությամբՙ Հայաստանում: Մենք հասկացանք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահներին ամենեւին չի հուզում Արցախի ու Հայաստանի քաղաքացիների անվտանգությունը: Նրանց չի հուզում նաեւ այն հանգամանքը, որ Հայաստանում հաղթանակած ժողովրդավարություն է, իսկ Ադրբեջանումՙ ամբողջատիրական-արեւելաասիական բռնատիրություն: Ուստի բավական է անիմաստ հրճվենք «թավշյա հեղափոխության» շնորհիվ իբրեւ թե մեր երկրի ձեռք բերած «միջազգային բարձր հեղինակությամբ»: Դա մեզ էական ոչինչ չի՛ տվել եւ... չի՛ տալու: Եթե թուրքը հարձակվեցՙ առանց խտրականության բոլորի՛ս են հոշոտելու, չեն նայելու, թե մեզնից ո՞վ է դաշնակ, ո՞վՙ ռամկավար, հնչակ կամ անկուսակցական, ո՞վ է քայլում եւ ո՞վՙ նստում... Հա՞յ եսՙ թուրքի թշնամին ես: Սա՛ է թուրք-ազերիների վերաբերմունքը մեր հանդեպ: Իսկ մենք մեկս մյուսի դեմ ոխով լցվածՙ չենք հասկանում, որ... եղբայրներ ենք: Ուստի պարտավոր ենք միմյանց թեւ ու թիկունք դառնալ: Մինչդեռ երեկ կառավարող ՀՀՇ-ն դաշնակցականներին էր թշնամի հռչակել, հետո ի՛նքը հայտնվեց նույն վիճակում: Այժմ նիկոլականներն են պատրաստ հոշոտելու դեռ երեկ իշխանության կրող ՀՀԿ-ին, իսկ այսօր իրենց բոլոր ակնհայտ ձախողումների մեղքը «արդարացնում» են... նախորդների սխալներով: Վաղը, միանգամայն հնարավոր է, թշնամի հայտարարվեն... նիկոլականներն իրե՛նք: Եթե վերջ չտանք հատվածական անհեթեթ պայքարներին, երկրի ներսում թշնամիներ որոնելու մոլագարությանը, ապա ոչ-հեռու ապագայում, Աստված չանի, ո՛չ ինքներս կլինենք, ո՛չ պետություն կունենանք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #10, 15-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ