RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2019-03-08 > #010, 2019-03-15 > #011, 2019-03-22 > #012, 2019-03-29 > #013, 2019-04-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 22-03-2019



ԱԶԳԱՅԻՆ

Տեղադրվել է` 2019-03-22 00:11:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 2337, Տպվել է` 33, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՓՈԹՈՐԿԱԼԻՑ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ՍՊԱՍՈՒՄՆԵՐՈՎ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Պատրիարքի մահվանից հետո

Ավելի քան մեկ տասնամյակ հայոց Սուրբ Փրկիչ հիվանդանոցում անբովանդակ կյանքով ապրող Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի համար երկար սպասված վախճանը ի վերջո հասավ մարտի 8-ին: Թերի կլինի ասել, որ իր կարճ կյանքի ընթացքում նա շատ տառապեց: Նա խորագիտակ անձնավորություն էր եւ անկախ, ինքնուրույն մտածողության տեր մի հոգեւորական, որ մեծ ազդեցություն էր թողել ստամբուլահայ համայնքի կյանքումՙ ինչպես իր կյանքի ակտիվ տարիներին, այնպես էլ հետագայում, երբ կապը կտրել էր իրեն շրջապատող աշխարհի հետ: Հայ նշանավոր գրող եւ խմբագիր Ռոբերտ Հատտեճյանն իրավացիորեն նշել է, որ նա ավելի շատ է ազդեցություն գործել համայնքի վրա, երբ կորցրել էր գիտակցությունը, քան երբ կարողանում էր վերահսկել իր ֆիզիկական ու մտավոր գոյությունը, որովհետեւ բավականաչափ վիճահարույց իրավիճակներ ստեղծվեցին իր անկարողության պատճառով: Նա վերջալույսի, անկման մի ամբողջ տասնամյակ պարգեւեց թրքահայությանը: Բավականաչափ առողջ չէր, որ կարողանար կատարել իր պարտականությունները, որպես համայնքի հոգեւոր առաջնորդի, ոչ էլ մահացածՙ որպեսզի հնարավոր լիներ կտրել Գորդյան հանգույցը եւ անցկացնել իրեն փոխարինողի ընտրություն:

Համայնքը դժոխքի միջով անցավ կարողանալ մշակելու համար մի հարմար ծրագիր, իսկ թուրքական կառավարությունը ամեն ջանք գործադրեց խոչընդոտելու համար որեւէ առաջընթաց այդ բնագավառում:

Մութաֆյան արքեպիսկոպոսը պատրիարքի գահին էր բազմել Ստամբուլում 1998-ի հոկտեմբերի 14-ին եւ ավելի քան տասը տարիներ նվիրվածությամբ ծառայել էր իր հոտին, զարգացնելով էկյումենիկ կապերը այլադավան համայնքների հետ: Ի հակադրություն իր հնացած բարոյական սկզբունքների, իր խարիզմատիկ կերպարի շնորհիվ շատ երիտասարդներ վերագտան իրենց նախնիների հավատը եւ սկսեցին եկեղեցի հաճախել: Պետության հետ իր հարաբերությունները շատ ավելի բարդ էին: Նա ստիպված էր պիրկ ձգված պարանի վրայով քայլել կարողանալ մի կողմից իշխանություններին հաճոյանալու, եւ մյուս կողմից իր հոտի շահերը պաշտպանելու համար: Նա նույնիսկ ինքնակամ թույլ տվեց, որ թուրքական կառավարությունը իրեն օգտագործի որպես «քաղաքական գործիքի», երբ սկսեց պայքարել տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծերի դեմ, եւ հանուն Թուրքիայի անդամակցությանը Եվրոմիություն:

Նման վարվելակերպն, անշուշտ, իր դեմ տրամադրեց ամբողջ աշխարհի հայությանը: Բայց դրանով նա չկարողացավ անվտանգության երաշխիքներ պոկել կառավարությունից: Նա ստացավ մահվան սպառնալիքներ եւ անգամ իր վարչական գլխավոր կենտրոնը ենթարկվեց ռմբակոծման: Կարծիք կա, որ նրա ֆիզիկական եւ մտավոր առողջության քայքայումն սկսվեց Հրանտ Դինքի թաղման արարողության ժամանակ: Չնայած ինքը բոլորովին տարբեր ուղի էր ընտրել համագործակցելու թուրքական իշխանությունների հետ, Դինքի սպանությունը ամբողջապես ցնցեց նրան: Գուցե այդ ժամանակ էր, որ նա հասկացավ Արփիար Արփիարյանի «Կարմիր ժամուց» վեպի քահանայի (Ղարիբ տերտերի) կերպարանափոխվելը: Բայց այդ պահից սկսած նա հանգստություն չգտավ եւ իր ֆիզիկական ու մտավոր կարողությունները անողոքաբար վատթարացան:

Մարտի 8-ին, ժամը ուղիղ 12.15-ին, երբ պատրիարքը վախճանվեց, առաջնորդական տեղապահ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին էր հանդիպում Դիարբեքիրի Սբ. Կիրակոս եկեղեցում: Դա, անշուշտ, խորհրդանշական զուգադիպություն էր, քանի որ այդ եկեղեցին խորհրդանշում է անձամբ իրՙ Մութաֆյան արքեպիսկոպոսի եւ իր ժողովրդի թշնամիներով շրջապատված լինելու հանգամանքը: Սուրբ Կիրակոս եկեղեցին առգրավված էր թուրքական կառավարության կողմից, հետո վերադարձվածՙ հայկական համայնքին, վերակառուցված հայերի եւ տեղի քուրդ քաղաքապետի ջանքերով, ապա նորից քանդված Էրդողանի կառավարության ձեռքով, երբ վերջինս ոչնչացման քաղաքականություն սկսեց վարել քուրդերի դեմ:

Հանդիպման ժամանակ, «Բարեպաշտ ու բարեսիրտ» Էրդողանը , որ վերահսկում էր եկեղեցու երկրորդ վերականգնման աշխատանքները, թվիթերյան իր էջում ցավակցություն էր հայտնում Մութաֆյանների ընտանիքին եւ Թուրքիայում ապրող հայ քաղաքացիներին... հայերեն լեզվով: Մինչ հիվանդանոցի իր մահճում անգիտակից պառկած էր պատրիարքը, կառավարությունը ամեն ջանք գործադրում էր խուսափելու համար վերջնական ու հստակ պատասխան տալուց համայնքինՙ նոր պատրիարքին ընտրության կապակցությամբ: Այդ խուսափողական կեցվածքն էլ համայնքը բաժանել էր երկու մասի, որոնցից մեկը պահանջում էր նոր պատրիարքի ընտրություն, իսկ մյուսըՙ աթոռակից պատրիարք: Երկար տարիների ձգձգումներից հետո երկու պահանջներն էլ մերժվել էին, բայց այդ ընթացքում Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը կարողացել էր համոզել եկեղեցական խորհրդի հնազանդ անդամներին, որ իրեն «ընտրեն» առաջնորդական տեղապահ: Գործընթացը հեշտ չընթացավ: Երեւան եկան չորս թեկնածուներ, որոնց թուրքական կառավարությունը փորձեց իրար դեմ հանել: Բայց կողմերը որոշեցին Գերմանիայի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկճյանին ընտրել որպես ժամանակավոր պաշտոնակատար: Թուրքական կառավարությունը մերժեց ընդունել համայնքի որոշումը: Փոխարենը ճանաչեց Աթեշյանին որպես պատրիարք, որովհետեւ վերջինս լավ էր ծառայել իր «եղբորը»ՙ նախագահ Էրդողանին: Աթեշյանը անպարկեշտ մի հոգեւորական է, որ իրեն շրջապատել է անշարժ գույքի հարուստ գործակալներով, բանկիրներով եւ կառուցապատողների խմբակցություններով, որոնք իրենց շահույթի ետեւից ընկած մասնատում են եւ տնօրինում համայնքին վերադարձված կալվածները: Նրանք անշուշտ մենակ չեն թողնելու Աթեշյանին, որն արդեն մոտ տասը տարի պաշտոնավարում է փաստորեն որպես պատրիարք, եւ կառավարությունն էլ հավաստիացնում է, որ համայնքն այլ ընտրանք չունի:

Մյուս կողմից Էրդողանի բանբեր, համայնքի առաջնորդ Պետրոս Շիրինօղլուն որոշ մարդկանց ականջին փսփսում է, որ ճիշտ չէ հակառակվել կառավարության ցանկություններին:

Վրդովված Բեկճյանին ճանապարհից վերացնելուց հետո, որպես թեկնածուներ մնացին Աթեշյան արքեպիսկոպոսը, եպիսկոպոսներ Սահակ Մաշալյանն ու Սեպուհ Չուլճյանըՙ Գուգարքի առաջնորդը Հայաստանից: Համայնքի համակրանքը եթե հաշվի առնենք, ապա ամենահարմարը Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանն է, որ թեեւ թեկնածուների շարքին չէ, բայց խիստ կարեւոր պաշտոն է զբաղեցնում Եվրոպայում, ավելի կոնկրետՙ Վատիկանում: Չուլճյանը չափից ավելի հայաստանյան է, որ ընդունելի լինի Էրդողանի կառավարության կողմից, որն արդեն իր ընտրությունը կատարել է: Հակառակ իրենց կասկածներին, երկու գործող կաթողիկոսներն էլ, ինչպես նաեւ տեղի հայ համայնքը, հարգանքով են վերաբերվում Աթեշյանին, նկատի ունենալով, երեւի, թե ի վերջո նա է, այս կամ այն կերպ, զբաղեցնելու հաջորդ պատրիարքի աթոռը: Էրդողանի բռնապետական իշխանությունը գործազուրկ է դարձրել ավելի քան 350 հազար գիտնականների, լրագրողների, իրավաբանների եւ զինվորականների: Ավելին, նա արհամարհում է, ձեռնոց է նետում ամբողջ աշխարհին: Պատրիարքի գահին հարկադրաբար հլու-հնազանդ մի հոգեւորական բազմեցնելը, ուստի, առաձնապես մեծ մարտահրավեր չէ նորին գերազանցություն Սուլթանի համար:

Մինչ ստամբուլահայերին փոթորկալից ժամանակներ են սպասում, թող խաղաղությամբ ի տեր հանգչի նորոգ հանգուցյալ պատրիարքը:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 22-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ