RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2019-03-08 > #010, 2019-03-15 > #011, 2019-03-22 > #012, 2019-03-29 > #013, 2019-04-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 22-03-2019



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2019-03-22 00:11:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1790, Տպվել է` 28, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԱԶԱՐԲԱԵՎԻ ԴԱՍԸ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը դիմել է ղազախ ժողովրդին: Եւ քանի որ ղազախ ժողովուրդը մեզ համար ռազմավարական դաշնակից է, դարավոր էլ կասեիՙ ուղղակի պատմության իմացությունս թույլ չի տալիս, ուրեմն մենք էլ լսենք, թե ի՞նչ է ասել Նուրսուլթան Աբիշեւիչը: Մենք բոլորս տեսնում ենք, որ աշխարհը փոխվում է, տեղում չի մնում: Ի հայտ են գալիս նոր հնարավորություններ, նոր գլոբալ տեխնոլոգիական, ժողովրդագրական մարտահրավերներ: Աշխարհի անկայունությանը մենք հետեւում ենք ամեն օր: Յուրաքանչյուր սերնդի տրված է լուծելու իր ժամանակի խնդիրները: Ես եւ իմ սերունդը մեր երկրի համար արել ենք այն ամենն, ինչ կարող էինք, թող հաջորդ սերունդը Ղազախստանն ավելի լավը դարձնի: Նոր սերունդը թող աշխատի հանուն երկրի, հանուն ժողովրդի, որ կյանքն ավելի լավը լինի, քան մեր ժամանակ էր:

Նազարբաեւն էլի շատ բան է ասել, բայց կարեւորն այն է, որ հետսովետական տարածաշրջանում ամենաերկարակյաց նախագահը հրաժարական է տվել: Շատ կարեւոր է այն, որ Նազարբաեւը 79 տարեկան է եւ Ղազախստանի 29 տարվա նախագահն է, եթե եւս մեկ տարի մնար, ապա կլիներ 80 տարեկան եւ Ղազախստանի 30 տարվա նախագահը, բայց մարդը թիթիզությունների հետեւից չի ընկել եւ դժվարին որոշում է կայացրել: Հեռանալը միշտ դժվար որոշում է, կապ չունիՙ երկրի՞ց, կնոջի՞ց, ամուսնո՞ւց, ծնողի՞ց: Հեռանալը ամենադժվար որոշումն է հատկապես երբ հեռանում ես իշխանությունից:

Ես չեմ ուզում խոսել աշխարհում կատարվող փոփոխությունների մասին, որոնց ամեն օր հետեւել են Ղազախստանի նախագահի աշխատակազմում եւ զեկուցել Նազարբաեւին, առավել եւս չեմ ուզում խոսել Ղազախստանի մասինՙ Նազարբաեւից հետո: Միայն ասեմ, որ Նազարբաեւը նախագահական լիազորությունները հանձնել է Սենատի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւին, որն իմիջիայլոց 62 տարեկան է եւ արդեն առաջարկել է երկրի մայրաքաղաք Աստանան անվանափոխելՙ Նուրսուլթան:

Ես ուզում եմ խոսել Նազարբաեւի տված դասից: Նախ նա չմնաց այնքան, որ ղազախները Աստանայիցՙ մինչեւ Ալմա-Աթի բղավեն «Նուրսուլթան, հեռացիր», ինչն ի դեպ նույնիսկ Ղազախստանում է հնարավոր: Մարդն ինքը որոշեց հեռանալու իր ժամանակը: Ընդ որում, քանի որ իրեն ոչ ոք չի հեռացրել, Նազարբաեւը մնում է իշխանության: Նա շարունակելու է լինել Ղազախստանի Անվտանգության խորհրդի քարտուղար, ինչը Սահմանադրությունը Նազարբաեւին թույլ է տալիս, եւ մնալու է իշխողՙ Նուր Օթան կուսակցության նախագահը, այսինքն երկրի հաջորդ նախագահը, ով էլ որ նա լինի, եւ հասկանալի է, որ նուրօթանցի է լինելու, հաշվետու է լինելու ոչ միայն ղազախ ժողովրդին, այլեւ Նազարբաեւին, գուցե նույնիսկ նախ Նազարբաեւին կամ միայն Նազարբաեւին: Ղազախստանի արդեն նախկին նախագահը խաղաղություն, ներդաշնակություն եւ տրամաբանություն չի մաղթել իր երկրին, քանի որ կարողացել է հեռանալ այն ժամին, երբ ինքը դեռ այդ ամենի համար կարող է լինել պատասխանատու: Նազարբաեւը նաեւ ասել է մի շատ կարեւոր բանՙ աշխարհի հետ պետք է փոխվենք նաեւ մենք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 22-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ