ԴԱԼԱՅ ԼԱՄԱՅԻ ԸՆԿԵՐԸ Հ. ԱՖՅԱՆ Չի բացառվում, որ աշխարհի ամենաերջանիկ երկրներին որոշողները այդ որոշումը կայացնում են սաունայում: Ամեն դեպքում արդեն երկրորդ տարին անընդմեջ, աշխարհի ամենաերջանիկ երկիր է ճանաչվում Ֆինլանդիան: Ամենադժբախտըՙ Հարավային Սուդանն է, բայց քանի որ մենք սիրո հեղափոխություն իրականացրած ժողովուրդ ենք, իսկ սերը երջանկության հիմքն է, խոսենք երջանկությունից: Միանգամից ասեմ, որ մարդն ամենեւին էլ երջանկության համար չի ստեղծվել, քանի որ աշխարհում ավելի կարեւոր բաներ կան: Օրինակ կյանքը, որի միայն մի մասն է երջանկություն, այն էլՙ չնչին: Չնայած սրանՙ Հայաստանի նոր կառավարության ծրագրում կարդում ենք, որ կառավարության նպատակը Հայաստանի քաղաքացիներին երջանիկ դարձնելն է: Ցավոք չեն մանրամասնել, թե Հայաստանի քաղաքացիները պետք է երջանիկ լինեն ամբողջ կյանքո՞ւմ եւ օրվա բոլոր ժամերի՞ն: Իսկ սա շատ կարեւոր է, քանի որ համատարած եւ հավերժ երջանկությունը հոգեբանության մեջ հիվանդություն է, եւ ես մեծ հույս ունեմ, որ կառավարությունը այս մասին չգիտի, հակառակ դեպքում նպատակ չէր ունենա Հայաստանի բոլոր քաղաքացիներին հիվանդացնել: Բոլոր պարագաներում կառավարության այս նպատակը օրերս քննարկեցին Ազգային ժողովում: Կարող եք հավատալ, կարող եքՙ ոչ, բայց պատգամավորներն ու արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը շատ լուրջ դեմքերով, նույնիսկ կոշտ բանավեճերով, փորձել են պարզել, թե ի՞նչ է երջանկությունը: Սա այն պարագայում, երբ աշխարհի ոչ մի փիլիսոփա, ինչ աշխարհը փիլիսոփայում է, չգիտի այս հարցի պատասխանը: Նախարար Զեյնալյանն, օրինակ, ասել է, որ հեղափոխությունից հետո Հայաստանի քաղաքացիները իրենց ավելի երջանիկ են համարում, քանի որ եթե առաջ ստանում էին աղքատության 16 հազար նպաստ, ապա հիմա ստանում են 25 հազար դրամ: Նախարարը, սակայն, չի մանրամասնել, թե ինչպե՞ս կարող է մարդն իրեն երջանիկ համարել, երբ աղքատության նպաստ է ստանում, թեկուզ 9 հազար դրամով ավելին, քան առաջ, բայց դա կարեւոր չէ: Կարեւորն այն է, որ Ազգային ժողովում այդպես էլ չեն հասկացել, որ երջանկությունը չի կարող ունենալ հստակ սահմանում, բանաձեւ եւ լինել համընդհանուր: Օրինակ Էստոնիայում մարդիկ երջանկանում են, երբ օրը արեւոտ է լինում (ի դեպ, Ֆինլանդիայում էլ), իսկ օրինակ Չադում ամենաերջանիկ օրերը մռայլ օրերն են, իսկ եթե նաեւ անձրեւ է գալիս, ապա չադեցիները պարզապես դողում են երջանկությունից: Կամ, ասենք Նյու Յորքի ֆոնդային բորսայում աշխատողը երջանկանում է, երբ նավթի համաշխարհային գները տատանվում են, քանի որ այդ տատանումներից ինքը միլիոններ է աշխատում, իսկ օրինակ Բուենոս Այրեսի արվարձանում ապրող ձկնորսը երջանկանում է, երբ գտնում է այն միակին, որի հետ ամբողջ կյանքում երազել է տանգո պարել: Առհասարակ մարդիկ երջանկանում են տարբեր առիթներով, քանի որ նրանց տխրության պատճառներն են տարբեր: Օրինակ պերուացի գրողը անտարբեր է, երբ իր եղբայրը հիվանդ է, բայց տխրում է, երբ իմանում է, որ Անտարկտիդայում մանուշակներ չեն աճում: Իմիջիայլոց, չնայած աշխարհի ամենաերջանիկ երկիրը Ֆինլանդիան է, բայց աշխարհի ամենաերջանիկ մարդն ամենեւին էլ Ֆինլանդիայում չի ապրում, ավելինՙ ֆինն էլ չէ: Ըստ միջազգային հետազոտողներիՙ նա ծագումով ֆրանսիացի Մատյե Ռիկարդն է, որն ապրում է Հնդկաստանի բուդդայական վանքերից մեկում: 66-ամյա վանականը բուդդիզմով զբաղվում է արդեն 40 տարի եւ թողել է փարիզյան քաղաքակիրթ եւ բարեկեցիկ կյանքըՙ հանուն... երջանկության: Ռիկարդը համարվում է Դալայ Լամայի ընկերը: Հայաստանը անցյալ տարվա համեմատ 13 կետով առաջադիմել է երջանկության ցուցանիշներով: Եւ հիմա 116-րդն էՙ... 156 երկրի մեջ: Երջանիկ եղեք: |