ԻՍԿ ԳԻՏԵ՞Ք ՈՐ... Հ. ԱՖՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր Լուլուի (Լուսինե Բադալյան) երկրորդ գրառումըՙ միեւնույն թեմայի շուրջ ինձ գոնե ավելի հետաքրքրական թվացՙ առաջինից: Ի դեպ, Լուսինե Բադալյանին Լուլու ասել կարելի է: Օրինակՙ Առաքել Մովսիսյանինՙ Շմայս, Սամվել Ալեքսանյանինՙ Լֆիկ ասել չի կարելի, իսկ Լուսինե Բադալյանին կարելի է, քանի որ մարդն իր ֆեյսբուքյան էջում, այնտեղ, որտեղ գրանցում են անունը, գրել էՙ Լուսինե Բադալյան (Լուլու): Հիշեցնեմ, առաջին գրառումով Լուլուն պատերազմ է հայտարարում հայկական լրատվամիջոցներին: Ոչ բոլորին, իհարկե: Օրինակՙ «Հայկական ժամանակին»ՙ ոչ, Հանրային հեռուստաընկերությանըՙ ոչ, Սիվիլնեթին, 1.am-ին եւ «Հետք»-ինՙ ոչ: Մնացած բոլոր լրատվամիջոցները, ըստ Լուլուի կա՛մ Ռոբերտ Քոչարյանինն են, կա՛մ Սերժ Սարգսյանինն են, կամ էլ պարզապես ճշմարտությունը չեն ներկայացնում, քանի որ դրականը չեն տեսնում: Լուլուի այս գրառումը լայն արձագանք ստացավ: Նորմալ է, մարդը 32 անգամ խմբագրել է իր ֆեյսբուքյան գրառումը, այսինքն լուրջ աշխատանք է տարել, որպեսզի այն հանճարեղ ստացվի: Կարելի է, անշուշտ, լրագրությունից բան չհասկացող մարդկանց բացատրել, թե ի՞նչ է լրագրությունը, բայց դա համարում եմ անիմաստ գործ, մանավանդ որ լրագրության ֆակուլտետը գերազանցությամբ ավարտածներից շատերը նույնպես այդպես էլ չեն հասկանում, թե ինչ է լրագրությունը: Երկրորդ գրառմամբ Լուլուն շնորհակալություն հայտնեց, որ իր նախորդ գրառումը տարածել են (քննադատելու համար), եւ իրՙ «նվաստի» նշանակությունը, փաստորեն, կարեւորել ու ընդգծել են: Այս գրառումն ինձ հատկապես կարեւոր թվաց, քանի որ այստեղ հարցը միայն Լուլուն եւ նրա մտքերը չեն: Խնդիրն այն է, որ Հայաստանում շատ մարդիկ չգիտեն, թե նրանք ի՞նչ են անում եւ որտեղ են աշխատում: Առաջ էլ էր այդպես: Օրինակՙ նույն Առաքել Մովսիսյանը, երբ Ազգային ժողովում հայհոյում էր, լրագրողներին էլ բռնաբարության մասին հարցազրույցներ էր տալիս, չէր հասկանում, թե ինքը որտեղ է: Կամ, երբ Սամվել Ալեքսանյանը այդպես էլ գոնե մեկ անգամ ելույթ չունեցավՙ ԱԺ ամբիոնից, չհասկացավ, որ ինքը պատգամավոր է, իսկ պատգամավորները ելույթ են ունենում: Հիմաՙ Լուլուն է. մարդը չի հասկացել, որ ինքն արդեն Ազգային ժողովի պատգամավոր է, եւ ուրեմն ինչ էլ ասի, որտեղ էլ ասի, ում մասին էլ որ ասի, դա տարածվելու է, քանի որ ինքը նաեւ հայտնի պատգամավոր է: Ավելին, քանի որ ինքը իշխանական թիմի պատգամավոր է, ուրեմն նրան քննադատելու են ավելի շատ, քան գովելու են, որովհետեւ իշխանությանը գովում են այն երկրներում, որոնց կոչում են բռնապետություն: Ե՞րբ կսովորեն մեր պատգամավորները, որ իրենք արդեն պատգամավոր են, կամ նախարարները, որ իրենք նախարարներ են, կամ վարչապետը, որ Հայաստանի ոչ բոլոր քաղաքացիները գիտեն, թե Ֆեյսբուքն ինչ է, բայց Հայաստանի բոլոր քաղաքացիներն են հպարտ: |