RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#009, 2019-03-08 > #010, 2019-03-15 > #011, 2019-03-22 > #012, 2019-03-29 > #013, 2019-04-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 22-03-2019



Տեղադրվել է` 2019-03-22 00:11:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 1882, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ԱՐԷ» ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԱՐՎԵՍՏՆԵՐԻ ՓԱՌԱՏՈՆԸ ԱՊՐԻԼԻ 4-ԻՑ ՍԿՍՈՒՄ Է ԻՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԹՈՂԱՐԿՈՒՄԸ

ՄԱՐԻՆԵ ԿԱՐՈՅԱՆ, ԱՐէ փառատոնի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար

«ԱՐէ» կատարողական արվեստի փառատոնը (http://www.arepaf.am) ստեղծվել է 2015 թ.-ինՙ Երեւանի Ժամանակակից Արվեստի Ինստիտուտի (http://www.ica.am) շրջանակներում:

Յուրաքանչյուր գարուն «ԱՐէ»-ն նորովի է ներկայացնում այն առանձնահատուկ բովանդակությունը, որը տարածաշրջանում միայն այս փառատոնի մենաշնորհն է, այն էՙ պերֆորմանս ժանր եւ ամեն տեսակի արվեստների խաչաձեւումներ եւ հիբրիդներ: Հատկապես մեզ հետաքրքրում են արվեստի այն նոր ձեւերն ու տեսակները, որոնք իրականություն են դառնում կատարողական եւ տեսողական արվեստների սահմանային ծակոտկենության միջակայքում, փորձարկում յուրօրինակ եւ անսովոր ձեւեր:

Քանզի մեր օրերում ավելի ու ավելի քիչ արվեստագետներ են հետամուտ «ժանր» հասկացությանը, հեշտությամբ կարելի է հանդիպել արվեստագետների, որոնք աշխատում են արվեստի տարբեր տեսակների սահմանագծային տարածքներում: Սա ոչ թե ապստամբություն է կամ քննադատության ակտ, այլ պարզապես մերօրյա խնդիրները արվեստի լեզվով քննարկելու ընթացքում արվեստագետները հաճախ դուրս են գալիս ավանդական ժանրի կարծրատիպային սահմաններից: Այս նոր մոտեցումները ընդլայնում են արվեստագետների եւ հանդիսատեսի մտահորիզոնըՙ ներկայացնելով նոր տեսակի, ժանրային եւ տեսակային փոխկապակված, միջդիսցիպլինար աշխատանքներ, որոնք յուրօրինակ են ու համապատասխան ժամանակի ոգուն:

«ԱՐէ»-ն միջազգային փառատոն է, որ հետամուտ է մասնակից արվեստագետներին ներկայացնել իրենց բազմաբովանդակ գործունեությամբ: Այդ իմաստով փառատոնը նույնպես յուրահատուկ է: Մենք արվեստագետներին հնարավորություն ենք տալիս ներկայանալ իրենց տեսողական (ցուցահանդեսներ, ինստալյացիաներ, վիդեոարտ, եւ այլն) եւ կատարողական (կենդանի եւ վիդեո պերֆորմանսներ) բազմաշերտ ստեղծագործություններովՙ հնարավորություն ստեղծելով նրանց համար հանրությանը ներկայանալ որպես մի ամբողջական համակարգ: Սեմինարները, սիմպոզիումները, կլոր սեղաններն ու արվեստագետների հետ հանդիպումները փառատոնի կարեւոր բաղկացուցիչներն են:

Տեղացի արվեստագետների հետ մեկտեղ, փառատոնը աշխատում է տարբեր երկրների արվեստագետների հետ, որոնք ներկայացնում են ժամանակակից կատարողական արվեստի ամբողջ տեսականին: Փառատոնը համագործակցել է ոչ միայն տարածաշրջանի (Իրան, Թուրքիա, Սիրիա, Իսրայել), այլեւ եվրոպացի (Գերմանիա, Ֆրանսիա, Ավստրիա, Շվեյցարիա, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա) եւ ավստրալացի արվեստագետների հետ:

Փառատոնը IETM եւ EEPAP միջազգային կազմակերպությունների ակտիվ անդամ է:

Յուրաքանչյուր տարի մենք առաջարկում ենք մեկ հիմնական թեմա, որի շուրջն էլ մշակվում է փառատոնի հայեցակարգը եւ հրավիրվում են արվեստագետներ:

2019 թ. թողարկման թեման է - «ՁԱԽՈՂՈՒՄ»:

Մենք հետեւելու ենք Ջ.Ք.Ռոուլինգի այն մտքին, թե «Անհնար է ապրել առանց սխալվելու, եթե միայն դուք այնքան զգույշ չեք, որ նույնիսկ իրականում չեք էլ ապրում, այդ դեպքում դուք ի սկզբանէ արդեն ձախողվել եք»:

Մեզ հետ «կձախողվեն» ինչպես տեղացի, այնպես էլ գերմանացի, շվեյցարացի, ռուս, մակեդոնացի, կանադացի, չինացի եւ ճապոնացի արվեստագետներ, որոնք կներկայացնեն ինստալյացիաներ, ցուցահանդեսներ, կենդանի եւ վիդեո պերֆորմանսներ, տարատեսակ ժանրային խաչաձեւումներ (crossovers).

Այս տարվա թողարկման կիզակետը Գերմանիան է, որը կներկայանա հատուկ ծրագրով:

Իսկ «ձախողումների» հաղթարշավը եւ «Կիզակետըՙ Գերմանիա» հատուկ ծրագիրը կսկսի Անտուան Վագներըՙ Ֆրանց Լիստի, Ռիխարդ Վագների եւ Մարի Դ՛ագույի ծոռը, որը ապրիլի 4-ին Հայաստանի Ազգային Պատկերասրահում կհրամցնի իր ձայնա/վիդեո/լուսանկարչական ինստալյացիա/պերֆորմանսը, որ ոգեշնչված է «Արա Գեղեցիկ եւ Շամիրամ» առասպելով եւ Վարդգես Սուրենյանցի համանուն գլուխգործոցով (որ Ազգային Պատկերասրահի հպարտության առարկաներից մեկն է): Ցուցադրությունը կկազմակերպվի ԿԱՐՈՅԱՆ ՑՈՒՑԱՍՐԱՀԻ հետ համատեղ:

Մոտ երկու ամիս «ԱՐէ» կատարողական արվեստների փառատոնը Ձեզ կհրամցնի հետաքրքրական բայց տարօրինակ, ժամանակակից մարդու խառնիխուռն ապրելակերպի հետ երկխոսության մեջ մտնող պերֆորմանսներ ու ցուցահանդեսներ:

Մենք շնորհակալ ենք բոլոր այն անհատներին եւ կազմակերպություններից, որոնք հավատացել են, որ ձախողումները մեր ինքությունը հղկելու անքակտելի ուղեկցորդներն են:

Մեզ հովանավորում ենՙ

Գերմանիայի դեսպանատունը, Ճապոնիայի դեսպանատունը, Եվրոպական մշակութային հիմնադրամը, Գյոթե ինստիտուտը, Պրո-Հելվեցիա հիմնադրամը, Մոնդրիան հիմնադրամը, Մշակույթի նախարարությունը, Զանգեզուրի մոլիբդենային գործարանը:

Մեզ աջակցում ենՙ

Հայաստանի Ազգային Պատկերասրահը, Հայկական Արտ Ֆեըրը, Ա.Թամանյանի անվ. Ճարտարապետության թանգարանը, Բյուրականի արվեստի ակադեմիան, «Անտարես» հրատարակչությունը, «Ազգ» շաբաթաթերթը, «Դալան» ցուցասրահը, ՆՓԱԿ-ը, ԱԿՈՒՄԲ-ը, ԱրթԲրիջը, Սիթի Ինֆոն, Իսրայելի Էյն Հոդ արվեստագետների գյուղը:

Հետեւեք մեր ծրագրերին եւ եկեք ձախողվենք միասի՛ն:

Հետեւեք մեզՙ http://www.arepaf, https://www.facebook.com/AR%C3%A9-performing-arts-festival-351725405016414/

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #11, 22-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ