RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#010, 2019-03-15 > #011, 2019-03-22 > #012, 2019-03-29 > #013, 2019-04-05 > #014, 2019-04-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 29-03-2019



ՄԱՏՆԱՆՇՈՒՄՆԵՐ

Տեղադրվել է` 2019-03-28 22:42:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1842, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՇԱԲԱԹՕՐՅԱԿՆԵՐԸ ԵՎ ՄԵՆՔ

ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ

Շաբաթօրյակ (ռուսերեն` Субботник, անգլերեն` community work day կամ unpaid work day) ընդունված է համարել աշխատանքային ժամերից դուրս կամ հանգստյան օրը կոլեկտիվ կերպով հասարակայնորեն հանրօգուտ ձրի կամավոր աշխատանքը (սկզբնապես կատարվում էր շաբաթ օրերը): Որքան էլ փորձեցի չկարողացա հստակ ու վերջնական ճշտել, թե որ երկրում, երբ եւ ում կողմից առաջին անգամ շաբաթօրյակ իրականացվեց: Ավանդույթի համաձայն, շաբաթօրյակների հիմքը դրվեց 100 տարի առաջ, բոլշեւիկյան հեղափոխությունից հետո, երբ 15 պրոլետար`13-ը կոմունիստ, մյուս երկուսն էլՙ հավանաբար մազոխիստ, 1919 թվի, չորրորդ ամսի 12-ին ամբողջ գիշեր աշխատեցին, վերջում «Ինտերնացիոնալ» երգեցին, հետո տուն գնացին: Դրանից հետո շաբաթօրյակ (երբեմն էլՙ կիրակնօրյակ) հասկացությունը մոգոնվեց, 70 տարի շարունակ կիրառվեց, մինչեւ Սովետը փլվեց, բայց մարդկանց ձրի աշխատացնելու սովորույթը մնաց անսասան:

Շաբաթօրյակ հանրօգուտ աշխատանք կատարելու նպատակով շաբաթ կամ երբեմն նաեւ կիրակի օրը ձրի աշխատելու գաղափարն է: Սկզբում այն արվում էր էնտուզիազմով, քանզի զանգվածները (հատկապես առաջադեմ հռչակված պրոլետարիատը) հավատում էին կոմունիստական պայծառ ապագային: Հետո շաբաթօրյակները դարձան կամավոր-պարտադիր: Մարդիկ չէին ուզում ձրի աշխատել եւ այնքան էլ չէին հավատում պայծառ ապագային, բայց քանի որ կարող էին կասկածվել հակասովետականության եւ հակահեղափոխական լինելու մեջ, ուստի ձեւ էին անում, թե, իբր, ուրախությամբ մաքրում են փողոցն ու հավաքում ծխախոտի մնացուկները: ԽՍՀՄ-ի տարիներին էլ, ինչպես մեր օրերում, շաբաթօրյակից քարոզչական արտադրանք ստանալու մոտեցում կար: Գերանն ուսին շաբաթօրյակի մասնակցող հեղափոխության առաջնորդ Լենինի նկարն ամեն ինչ արժեր: Բայց շոուից զատ կար նաեւ հսկայական գաղափարախոսություն, եւ այդ գաղափարախոսությունը կյանքի կոչելու պատրաստ թիմ:

Ամենացավալին այն է, որ մեզանում տեղի ունեցածը նույնպես դառնում է բոլշեւիկյանի խղճուկ նմանակում: Գաղափարական դատարկությունը միշտ էլ ինչ-որ բանով լցվելու հատկություն ունի: Տվյալ դեպքում լցվել է բոլշեւիկյանի նմանակմամբ: Նմականում են աշխատանքի մեթոդները, ոճը, ձեւերը: Նաեւՙ շաբաթօրյակը: Ի դեպ, բոլշեւիկյան նոմենկլատուրան էլ էր պրոլետարիատին հռչակել հպարտ ու առաջադեմ, բայց շահագործում եւ օգտագործում էր մինչեւ վերջ: Եվ որքան վատանա սոցիալ-տնտեսական վիճակը եւ իշխանությունները չկարողանան կոնկրետ արդյունքներ ապահովել, այնքան շոուները շատանալու են:

Կամավոր-պարտադիրը սովետական կատեգորիա է: Իրականում, երբ նախապես գիտես, թե քանիսն են գալու, ուրեմն սխալ ես հասկացել կամավորության արժեքն ու սկզբունքը, ու վերեւից պարտադրում ես: Բայց որպես կանոն վերջում որեւէ ամփոփում չի էլ արվում, թե իրականում քանի մարդ ու տեխնիկա մասնակցեց համապետական հայտարարված միջոցառմանը:

Մարտի 23-ին հանրապետության 10 մարզերում, շուրջ 500 համայնքներում եւ մայրաքաղաք Երեւանում համապետական շաբաթօրյակ անցկացվեց, որին Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի կանխատեսմամբ 125-150 հազար քաղաքացու եւ շուրջ 1700 միավոր տեխնիկայի մասնակցություն էր ակնկալվում: Ընդ որում շաբաթօրյակի յուրաքանչյուր մասնակից ինքը պետք է ընտրեր այն տարածքն ու կատարելիք աշխատանքի ծավալները, որը պատրաստվում էր մաքրել: Ենթադրվում էր, որ այդ օրը կփակվեն 6 աղբանոց եւ կվերացվեն շուրջ 447 աղբակույտ: Բայց արի ու տես, որ հիգիենիկ պարագաների ու գործիքների համար որեւէ գումար նախատեսված չէր եւ դրանք պետք է տրամադրվեին մարզպետարանների եւ համայնքապետարանների կողմից:

Շաբաթօրյակն իհարկե վատ բան չէ: Իմ սերնդակիցները հիշում են, որ այն «մայովկայի» նման մի բան էր, որն ավանդույթ էր դարձել ԽՍՀՄ տարիներին: Անկախության տարիներին էլ փորձ է արվում վերականգնել այդ ավանդույթը, բայց ամեն ինչ այնքան ձեւական ու թատերականացված է արվում, որ ինչպես մյուս դեպքերում` ստացվում է էժանագին մի բան եւ ավելի շատ կապակցվում է ձանձրալի, ստիպողական եւ ընդհանուր առմամբ ոչ հաճելի գործողության հետ: Պարզից էլ պարզ է, որ փողոցում աղբ թափող մարդը երբեք շաբաթօրյակի դուրս չի գա, իսկ սպառողի հոգեբանությամբ կյանք ապրող մարդը ծխուկը գետնին նետելիս անպայման մտածում է, որ երկիրը երկիր չի, դրա համար ինքն այսպես հանրային նստարան է մաշում եւ հաստատ շաբաթօրյակի, կամ մյուս այլ օրյակի դուրս չի գա: Կարեւորն այս հարցում մարդու քաղաքացիական դիրքորոշումն է ամենակենցաղային թվացող հարցում. չաղտոտել եւ նույնը սովորեցնել երեխաներին, Երեւանն ու Հայաստանը սիրել ոչ միայն բառերով, այլեւ ամենուրեք աղբ չշպրտելով, սովորեցնլ փողոցները չաղտոտելու հեշտ ու արագ արվեստը:

Աղբը մեր կյանքում շատ է, անխուսափելի շատ: Շաբաթօրյակներն էլ անհրաժեշտ են ոչ միայն քաղաքի աղբակույտերը, այլ նաեւ սեփական մտքերի աղբը մաքրելու համար: Ու չնայած տարիներ շարունակ մեզանում խոսվում է աղբի տեսակավորման եւ վերամշակման անհրաժեշտության մասին, սակայն այսօր դեռ լայնածավալ ավանդական աղբավայրերի հույսին ենք: Մեր աչքն այնքան է սովորել աղբին, որ առանձնապես չենք զարմանում, երբ հարեւանը լուսամուտից աղբ է նետում փողոց` ջանադրաբար պլպլացնելով սեփական օջախը: Ի դեպ, փողոցների եւ հանրային մյուս տարածքների աղտոտվածության աղբն ամենուր է, բացի աղբամաններից: Ու հենց մեր կյանքի աղբի հետ առերեսման առիթը հերթական շաբաթօրյակն էր: Երբ քաղաքում մի քանի տոննա լրացուցիչ աղբ հավաքվեց, մի քանի հազար մարդ էլՙ հիմնականում աշխատողները, կազմակերպված, քչերըՙ կամավոր, դուրս եկան մաքրության: Հասկանալի է, որ շաբաթօրյակը Լենինից մեզ ժառանգություն մնացած եզակի խորհրդային բարիքներից է, որի պիտանելիության ժամկետը չի սպառվում, քանի դեռ աղբը քչություն չի անում:

Նկատենք նաեւ, որ շաբաթօրյակՙ ինքնակազմակերպման տրամաբանության մեջ չի կարող լինել պետական, առավել եւս` համապետական: Քանի որ շաբաթօրյակներիՙ իբրեւ պետական միջոցառումների դարն անցել է: Հետո էլ` ուժեղ պետությանը (իշխանությունների ասելով մենք ուժեղ պետություն ենք) վայել չէ մարդկանց ձրի գործի դնել, թող հոգատար հանրությունն ինքն իր օրակարգը սահմանի, երջանիկ անհատն էլ վայելի իր սրբության սրբոց հանգստյան օրը: Այլապես անցյալի մնացուկի հոտ է բուրում համապետական շաբաթօրյակից:

Լավագույն ելքն այս դեպքում այն է, որ մաքուր պահենք մեր սրտերն ու միջավայրը: Առիթը ներկայացել է նշեմ, որ դա լիուլի վերաբերում է նաեւ վիրտուալ դաշտին: Հարկավոր է այս դեպքում պարզապես սոցցանցերի գրառումներից ձերբազատվենք եւ հայտարարենք ջնջումների ու «սքրինշոթերի» շաբաթօրյակ:

Վերջում ուզում եմ նշել, որ մենք մաքրասեր ժողովուրդ ենք, բոլորիս տանը մաքրություն է, բայց տնից դուրս հատվածի մասին նույնը չես ասի: Այդ բացը շտկելու համար անհրաժեշտ է մաքրասիրություն ասվածը ներարկել ամենափոքր տարիքից, սակայն ոչ ստիպողական շաբաթօրյակներով, այլ յուրաքանչյուրիս օրինակով եւ հետեւողական դաստիարակությամբ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 29-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ