RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#010, 2019-03-15 > #011, 2019-03-22 > #012, 2019-03-29 > #013, 2019-04-05 > #014, 2019-04-12

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 29-03-2019



Տեղադրվել է` 2019-03-28 22:42:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1219, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՇՎԵՑ ՋՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԸ

ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ

Մարտի 22-ին բազմաթիվ երկրներում նշվեց ջրի եւ ջրային ռեսուրսների համաշխարհային օրը: Համապատասխան որոշումը 1993 թ. փետրվարի 22-ին ընդունել է ՄԱԿ-ի Ընդհանուր ժողովը: Ջրի համաշխարհային օրը կոչված է տարբեր երկրների հանրության ուշադրությունը բեւեռել ջրային օբյեկտների վիճակի եւ դրանց պահպանության խնդիրների վրա, ուշադրություն հրավիրել խմելու ջրի պաշարների անբավարարության եւ դրանց ճիշտ օգտագործման կարեւորության վրա, անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել բնակչությանը խմելու ջրով ապահովելու համար:

Հայտնի է, որ երկրագնդի մակերեւույթի մոտ 70 տոկոսը ծածկված է ջրով, բայց մոտավորապես 1,4 մլրդ խորանարդ մետր ջրի 97,5 տոկոսը աղի է, եւ միայն 2,5 %-ն են կազմում մակերեւութային քաղցրահամ ջրերըՙ գետերը, առուները, լճերը, ճահիճները: Մոտավորապես 35 մլն քառ. կմ քաղցրահամ ջրի մեծ մասը ամփոփված է սառցադաշտերի, սառույցների, հավերժական սառցամածության մեջ: 10,7 մլն քառ. կմ-ը հողի տակ է: Եվ, վերջապես, գետերին բաժին է ընկնում բոլոր քաղցրահամ ջրերի 0.01 տոկոսը: Օվկիանոսներից տարեկան գոլորշիանում է 500 հազար քառ. կմ ջուր: Բոլոր տեղումների մոտ 80 %-ը թափվում է հենց օվկիանոսների վրա:

Երկրի վրա քաղցրահամ ջրի պաշարները բաշխված են խիստ անհավասարաչափ: Ցամաքի 40 տոկոսից ավելին կազմող չորային եւ կիսաչորային տարածաշրջանները օգտագործում են ջրային պաշարների միայն 2 տոկոսը: Աշխարհի քաղցրահամ ջրի պաշարները չեն ավելանում, իսկ դրա սպառումը անշեղորեն աճում է:

20-րդ դարում երկրագնդի բնակչության թիվը եռապատկվել է: Նույն ժամանակամիջոցում քաղցրահամ ջրի օգտագործումն ավելացել է յոթ անգամ, այդ թվում կոմունալ եւ խմելու նպատակներովՙ 13 անգամ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով, այսօր մոլորակի ավելի քան 2 մլրդ բնակիչներ տառապում են խմելու ջրի պակասից:

Գետաջրերի հոսքի ծավալով Ռուսաստանն աշխարհում առավել ապահովված երկրներից է եւ երկրորդ տեղն է զբաղեցնում Բրազիլիայից հետո, իսկ մեկ անձի ջրապահովվածության մակարդակով երրորդն է Բրազիլիայից եւ Կանադայից հետո: Ռուսաստանն աշխարհում առաջինն է քաղցրահամ ջրերի գծով. երկրի տարածքում է գտնվում դրանց համաշխարհային պաշարների 20 տոկոսը, տեղեկացնում է ՌԻԱ գործակալությունը: Սակայն ՌԴ Բնապահպանության նոր նախագծի համաձայն, թույլատրվում է Բայկալ լճի մեջ լցնել նիտրատներով շատ ավելի աղտոտված հոսքաջրեր, քան նույնիսկ բնապահպանության նվազ մակարդակ ունեցող հարեւան Չինաստանը:

Ջրի պատճառով արդեն իսկ հակասություններ են ծագել Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ Ինդոս գետի ջրերի բաշխման առնչությամբ: Հնդկաստանում կառուցվող ամբարտակների պատճառով նվազում է Պակիստան հասնող ջրի քանակությունը:

Միջազգային փորձագետների կարծիքովՙ քաղցրահամ ջրի պակասը ամենասուր խնդիրներից մեկն է լինելու 21-րդ դարի կեսերին: Գիտնականների հաշվարկների համաձայն, 2025 թվականին աշխարհում 3,2 մլրդ մարդ կտառապի ջրի պակասից: ՄԱԿ-ի տվյալներով, արդյունաբերության եւ գյուղատնտեսության մեջ ջրի պակասը, ներառյալ արդյունաբերության եւ գյուղատնտեսության ոլորտները, գնահատվում է տարեկան 230 մլրդ խորանարդ մետր: Բնակչության աճի պատճառով ջրային ռեսուրսների անբավարարությունը ավելի ու ավելի է խորանում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #12, 29-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ