ՅՈՒՍՈՒՖ ԸՆՏԱՆԻՔԻ «ԱՐՅՈՒՆՈՏՎԱԾ ԲԱՅՑ ՉԸՆԿՃՎԱԾ» ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ Հ.Ծ. Գլենդեյլի «Ապրիլ» գրախանութում մարտի 5-ին կայացել է Ալիս Նազարյանի «Արյունոտված, բայց չընկճված: Աշուր եւ Արշալույս Յուսուֆ ընտանիքի հուշագրությունը» (Bloodied But Unbowed: A Memoir of the Ashur & Arshaluys Yousuf Family, published by Nineveh Press) 426 էջից բաղկացած անգլերեն հատորի շնորհանդեսը: Թարգմանությունը կատարել է Իշխան Ճինբաշյանը , որ ծանոթ է հանրահայտ հեղինակներիՙ Հակոբ Օշականի, Շահան Շահնուրի, Զարեհ Որբունու, Եղիշե Չարենցի եւ այլոց գրական երկերի թարգմանություններով: Ներկա են եղել եւ ելույթ են ունեցել սիրիահայ հայտնի մանկավարժ-դաստիարակ եւ բեմադրիչ հեղինակիՙ Ալիս Նազարյանի հարազատները, որդինՙ Ջոնը, թոռնուհինՙ Արտա Տարաքչյան Քլարքը եւ Հայկ Բոյաջյանըՙ հեղինակի ծոռը: Ալիսը Բեյրութում իր հուշագրության հայերեն բնօրինակը հրատարակված տեսնելուց երկու տարի անց Մ. Նահանգներ է գաղթել 1967-ին, որտեղ էլ կնքել է իր մահկանացուն 1976-ին: Գլխավոր բանախոսները եղել են Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանի պրոֆ.ներ դոկտ. Փիթեր Քաուին եւ դոկտ. Ռուբինա Փիրումյանը : Գրքում Ալիսը պատմել է իր հորՙ հայտնի ասորի մտավորական եւ Խարբերդի Եփրատյան քոլեջի դասախոս Աշուր Յուսուֆի, որ 1915-ին սպանվել է, եւ մորՙ Արշալույսի հերոսական պայքարի դրվագներով հարուստ կյանքի մասին: Արշալույսը բացի իր 6 զավակներին մեծացնելուց որբանոցներում եւ դպրոցներում հարյուրավոր երեխաների դաստիարակման հոգսն է վերցրել իր ուսերին: Ալիսը եղել է Արշալույսի 5-րդ զավակը: Անգլերենի թարգմանված այս նոր տարբերակը պարունակում է նաեւ ընտանեկան տոհմածառի վերաբերյալ նոր մանրամասնություններ: Հատորն ունենալ ցանկացողները կարող են դիմել www.ninevehpress.com կամ Գլենդեյլի «Ապրիլ» գրախանութ: |