RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#012, 2019-03-29 > #013, 2019-04-05 > #014, 2019-04-12 > #015, 2019-04-19 > #016, 2019-04-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 12-04-2019



ՕՐԵՐԻ ՀԵՏ

Տեղադրվել է` 2019-04-11 23:16:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 2907, Տպվել է` 136, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆԵՐԴՐՈՒՄՆԵ՞Ր, ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏՈ՞ՒՄ...

ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Արդեն մեկ տարի է, որ Հայաստանը ղեկավարվում է լոզունգներով: Վերջինըՙ «տնտեսական հեղափոխությունն» է, որը դրսեւորվում է ամեն ինչում, մասնավորապես տնտեսության մեջ: Թեեւ հեղափոխություն ու տնտեսություն բառերը կամ հասկացությունները անհամատեղելի են իրենց դասական իմաստով: Եթե տնտեսության շարժիչը փողն է, ապա փողը վախկոտ կենդանի է եւ ատելով ատում է հեղափոխությունը, անկայունությունը, անորոշությունը, անհեռանկարայնությունը:

Դժվար է ասել, թե անցնող 8-10 ամիսներին որքան փող է փախուստ տվել Հայաստանից: Ոմանք 1 միլիարդ 200 միլիոն թիվն են նշում, ուրիշներ 850 միլիոն դոլարն են ճշգրտումՙ համեմատելով այն «նախահեղափոխական» տարվա 320 միլիոնի հետ: Որոշ մասնագետներ մատնանշում են ներքին շուկայում հատկապես փոքր նախաձեռնությունների աճը եւ հույս հայտնում, որ այն վարակիչ կլինի նաեւ միջին ձեռնարկությունների ասպարեզում: Իսկ ուրիշներ, ավելի գլոբալ մոտեցման կողմնակիցներ, մատնացույց են անում գազի սպառման ծավալների նվազման փաստըՙ շուրջ 21 տոկոս, ինչը ուղիղ ցուցիչն է արտադրական կարողությունների, ավելի ճիշտՙ գործունեության անկման:

Չլինելով մասնագետՙ չեմ կարող որեւէ եզրակացության գալ, սակայն կարծում եմ, որ պետք է որպես մեկնակետային տվյալ ընդունել մեր երկրի համար ամենաբնորոշըՙ արտաքին ներդրումների էական նշանակությունը հայրենական տնտեսության զարգացման համար: Դա ապացուցված է պատմականորենՙ ե՛ւ նախասովետական, ե՛ւ սովետական, ե՛ւ անկախության տասնամյակների տվյալներով: Երբ կայունություն է եղել մեր երկրում, ներդրումների հարմար միջավայր, ապա արտաքին կապիտալը ներհոսել է Հայաստան, խթանված ոչ այնքան ու ոչ միայն հայրենասիրությունից կամ հայասիրությունից (որոնք էական նշանակություն չունեն կապիտալի տեղաշարժի համար), այլՙ մեր ազգաբնակչության ստեղծագործական բնատուր կարողությունից, ընդերքի եւ բնության գրավչությունից:

Ասացիՙ կայունություն եւ հարմար կամ նպաստավոր միջավայր: Մինչդեռ ամենալավատես մարդն անգամ չի կարող ժխտել, որ մերօրյա Հայաստանը կայուն չէ, տնտեսական միջավայրըՙ անորոշ է, ռիսկային, երկարաժամկետ ներդրումների համարՙ հակացուցված: Հետապնդումներ, կալանավորումներ, քաղաքական հաշվեհարդարներ, անվերջանալի ստուգումներ, ամեն օր փոփոխվող օրենքներ, 1-3 տարի տեւող դատական գործընթացներ, հարկային ու մաքսային չուսումնասիրված տնօրինումներ, գործիմաց չինովնիկների փոխարեն անփորձ երիտասարդներ, ինքնասիրահարվածության ջղաձիգ դրսեւորումներ,- այս բոլորը հակամիջավայր են կապիտալի ներհոսքի համար:

Չեմ խտացնում գույները. միջավայրն արդեն թանձր քսված նկարի է նման:

Ժողովուրդն ասում էՙ «Ուղտի պարը կամրջին է բռնում»: Այս օրերին ուղտը նորից պարեց, այս անգամՙ գյուղատնտեսական բուռն սեզոնի նախօրեին, երբ, չորս-հինգ շաբաթ հետո, կհասունանա հայկական ոսկինՙ ծիրանը, եւ այգեգործները տագնապի կմատնվեն 15-20 օրում իրենց բերքը արտահանելու, իրացնելու համար: Դրան կհաջորդեն մյուս մրգերն ու լոլիկ-վարունգը, որոնք, փառք Աստծո, ջրառատ այս տարում խոստանում են առատ լինել: Ընդառաջ խոստմնալից սեզոնինՙ գլխատել արտահանման շուկայում տիրապետող դիրք գրավող (շուրջ 40 տոկոս) հսկայինՙ Spayka ընկերությանը, թերեւս շատ հատկանշական ու բնորոշ է հեղափոխականների համար, խիստ համահունչՙ հեղափոխական լոզունգներին, սակայն, ավա՜ղ, վնասաբեր գյուղատնտեսության, հետեւաբար երկրի համար:

Անշուշտ կգտնվեն այժմ կալանված տնօրենին, ակտիվները սառեցված եւ գործունեությունը անշարժության մատնված այդ ընկերության փոխարինողներ, նրաՙ «պարտքի դիմաց» բռնագանձված 280 ֆուրերը (սառնարան-բեռնատարներ), «ռոկֆոր» պանրի նորաբաց գործարանը, 120 հեկտար ջերմոցները օգտագործելու պատրաստ մարդիկ (օրերս արդեն ասպարեզ իջավ այդպիսի մի ընկերությունՙ Best Fruit Logistical Center անունով), սակայն գերկարճ ժամկետներում ո՞վ կարող է փոխարինել տարիներով մասնագիտացած, կապեր ստեղծած, մանավանդՙ ձեռքին պայմանագրեր ու վարկեր ունեցող ընկերությանը: Մեծ բիզնեսում նման բան չի պատահում: Մանավանդ, երբ այն ուղղված է դեպի դուրս, դեպի արտահանում, դեպի օտար շուկաներ, դեպի տարատեսակ գործընկերային հարաբերություններ: Մինչդեռ կարելի էր շատ հանգիստ կարգավորել ամեն ինչ, մանավանդ որ Spayka-ի հիմնադիր-տնօրենը շոշափելի պատրաստակամությամբ արդեն վճարել է որպես հատուցում պահանջված 2,5 մլրդ դրամը: Բայց հիմա պատրաստ չէ ընդառաջելու ՊԵԿ 700 միլիարդանոց ռեկետին, որը ավելանալու է, ինչպես խոստանում էր ՊԵԿ-ի նախագահ Դավիթ Անանյանը երեկ:

Եվ այս բոլորիցՙ ամենակարեւորը. վերոհիշյալ գործողություններով ՀՀ կառավարությունը ի՞նչ ուղերձ է հղում ներդնողներին...

Ի գիտություն մեր հեղափոխականներին ասենք, որ դրսի ներդնողներին բնավ չի հետաքրքրում Հայաստանում հնչող լոզունգները, ոչ էլ «տնտեսական հեղափոխության» հոխորտանքները: Կայունություն, բիզնես միջավայր, հարաբերությունների զարգացման հեռանկար եւ շահ. սրա՛նք են հետաքրքրում նրանց: Կարո՞ղ ենք ապահովել դրանք, լավ, եթե ոչՙ ոչ ոք չի նայի դեպի մեր կողմ, անշուշտ եթե Lydian Armenia-ի թնջուկից հետո արտերկրում մնացել է մեր կողմ նայելու որեւէ ցանկություն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 12-04-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ