ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ Անտիոքոսի վերջի՞ն հանգրվանը Քսամեկերորդ դարասկիզբ, թուրքերը հերթական անգամ հայկական հուշարձան են պղծել` Կոմմագենեի հայոց թագավոր Անտիոքոսի գերեզմանը, այնտեղից վերցրել նրա մարմարե արձանը, որ վաճառեն ու հարստանան: Արձանը, որի վրա գրված է` «Հայոց թագավոր Անտիոքոսի վերջին հանգրվանը», խորհրդանշում է հայոց` կորուստներով առլեցուն անցյալ ճակատագիրը եւ վկայում հայերիս անթիվ անելիքների մասին: Հայտնի չէ, թե թուրքերը ո՞ր Անտիոքոսի արձանն են փորել-հանել` Միհրդատի որդո՞ւ, Անտիոքոս Ա-ի որդու, Միհրդատ Երրորդի որդու, թե՞ Անտիոքոսի Չորրորդի, որին իշխանությունը վերադարձնել օգնեց Կալիգուլան: Եթե հարուստ եւ ինքնաբավ պետություն լինեինք, մի բողոքի նոտա կուղղեինք Թուրքիային, պահանջելով հայերի գանձերը որոնելով չպղծել Հայոց թագավորների գերեզմանը, ապա մի հայց կուղղեինք միջազգային ատյաններ` պահանջելով մակագրված եւ պատկանելության ապացույց չպահանջող մշակույթի առարկան վերադարձնել իրական տիրոջը` հայ ժողովրդին: Միգուցե կգա օրը, որ կկարողանանք դա անել որպես պետություն, իսկ առայժմ դա, ինչպես ցեղասպանության զոհերի ժառանգորդների պարագայում, կարող ենք անել անհատների միջոցով միայն, ու միգուցե կգտնվի մասնավոր անձ, որ հենց Անտիոքոսի արձանն ու հայկական պատկանելությամբ հանրահայտ այլ առարկաներ դատական գործընթացով կպահանջի Թուրքիայից: Մաքսավորի ճակատագիրը Հայկական պետության վարչապետն, իհարկե, Անտիոքոսի մասին մտածելու ոչ ժամանակ, եւ ոչ էլ հնարավորություն ունի: Գործերը առանց դրա էլ շատ են, բայց այդ դեպքում ինչու տրվել տեսախցիկների առջեւ դիտարժան շոուի ամեն պահի` հարկի ու անհարկի: Ասենք, այցելելով մաքսատուն` բարկանալ ու հրահանգել երիտասարդ մաքսավորին` ազատման դիմում գրել: Դա նման է նրան, որ ըտանիքի հայրը, չկարողանալով դաստիարակել իր երեխային` միայն ծեծում է: Երկրի ղեկավարը, ընդհակառակը, նման պետք է լինի այն հորը, որը ոչ թե ծեծով ու բարկությամբ է դաս տալիս, այլ սիրով եւ հոգածաբար, ու այդ դասը հաճելի զգացումներով է պարուրում որդուն, ոչ թե նվաստացման զգացումով: Իսկ միգուցե լսե՞ր երիտասարդին, նա անպայման ասելու բան կունենար, ու միգուցե դրանից հետո վարչապետը ազատման դիմում կպահանջեր մաքսավոր ղեկավարների՞ց: Միգուցե առիթ կստանար առարկայաբար տեսնելու, թե իր կյանքի վերջին 15 տարին ինչ «ուսանելի» բաներ է տեսել այդ երիտասրադն իր շուրջը, որ դրոշի մեջ ոչ թե դրոշ է տեսել, այլ սենյակի նախկին տիրապետողների գույք, որին մատով կպչել անգամ մտքով չի անցել: Բոլոր դեպքերում` բարկությամբ պահանջ ներկայացնելը, որի իրավական կողմը, մեղմ ասած, կաղում է` անհասկանալի է անգամ վարչապետի մոլի կողմնակիցներին, վկաՙ համացանցի բուռն եւ բացասական արձագանքը, քանի որ դրոշն իսկապես շատ բարձր բան է, բայց հավասար բարձր բան է քաղաքացին, որին մի հրահանգով չի կարելի հեռացնել աշխատանքից: Իսկ որ ԶԼՄ-ները խիստ քննադատության էին ենթարկելու իր այդ քայլը, վարչապետ Փաշինյանն անգամ չպետք է կասկածեր` նրանց զգալի մասը գրիչները սրած-նստած են ու սպասում են սխալի ու թերացման, մանավանդ այս դեպքում` Նիկոլը սխալ էր, մնացածն էին ճիշտ: Բայց, լավ, համարենք, որ դասը տեղ է հասել, ու այս երիտասարդ մաքսավորը, ու այն երկրորդը, որ նույնպես նույն սենյակից է, ազատման դիմում են գրել, բայց հիմա հարկ է , որ նոր դիմումներ գրեն ու վերադառնան համակարգ, համենայն դեպս` հանրության կարծիքն է դա պահանջում: Եթե վարչապետը շատ է ուզում պատժել` թող ՊԵԿ նախագահին պատժի, որի ղեկավարության ներքո այդպիսի բարքեր են: Իսկ մեզ կմնա ղեկավարի ոչ համարժեք պահվածքի մասին ոչ հաճելի հիշողությունը (թող Ալեն Սիմոնյանի վրա բարկանա` գործող հիմնի մասին ինչ ասես ասաց): Քաղաքական դժխեմ սովորույթների բացասումը Կան այնպիսի անհատներ, որ ամեն փոքրիկ սկանդալից հետո հաշվում են` ահա խորհրդարանում 31+ 18 +20 = 69-ի, ու սա այն թիվն է, որով կարելի է անվստահություն հայտնել գործող վարչապետին: Խոսքը ԲՀԿ-ի 31-ի, «Լուսավոր Հայաստանի» 18-ի, ու «Իմ քայլում» ենթադրաբար նախկին իշխանություններից ներդրված 20 պատգամավորի մասին է: Չեք փոխվում, էլի: Նախկինում առատ սնունդ ստացածներդ դեռ ապրում եք ձեզ համար հարմարավետ, իսկ ժողովրդի մեծ մասի համար անհարմարավետ եղած Հայաստանում, որտեղ առուծախի էր ենթարկվում ամեն բան: Բա լավ, որ այդ գումարում- հանումներն աշխատեին, ինչպես տասնյակ տարիներով աշխատել են, էլ ուր էր սովորական մարդը ոտքի կանգնում ու առանց խորանալու սատարում առաջին պատահած ոտքի կանգնեցնողին: Մնացել եք անցյալի մեջ, անգամ եթե նոր իշխանությանն անվստահություն հայտնելու պահը գա` անցյալի պլյուս -մինուսները մոռացեք, արդեն այլ օրենքներ են գործում, սերունդն իսկապես փոխվեց: Պատկերացրեք` եթե մի գիշերային նիստով էդ 69-ը միանում են, մտածեք, թե Ազգային ժողովի մոտ հաջորդ առավոտ քանի մարդ կգա` իրենց անտեսման ակտը առ ոչինչ դարձնելու համար: Դա ոչ թե նախկին կամ նոր իշխանությանն ուղղված հայտ կլինի, ալ հանրության լայն շերտերի ինքնահաստատման` արդեն այլ հետեւանքներով: Ոչ ոք այլեւս չի ուզում այն անցյալը, երբ ընտրությունները ոչինչ չորոշող միջոցառում էին, իսկ իշխանության հարցը լուծվում էր կաբինետներում, պատգամավոր առնել-ծախելով: Չենք ասում` օրվա իշխանությունն անսխալական եւ հավերժ է, քավ լիցի, ե՛ւ սխալներն են բազում, ե՛ւ իշխանափոխություն միշտ էլ կարող է լինել, բայց արդեն լուրջ ու ձեւավորված ընդդիմությամբ ու հանրությանն առարկայական առաջարկի շրջանակում, որի համար պետք է շատ լուրջ աշխատեն իրենց ընդդիմություն համարող նորանոր ուժեր: Բոլոր դեպքերում արժե հետաքրքրվել, թե ինչ իմքայլական 20-ի մասին են խոսում անցյալի կարոտախտով բռնված հաշվապահները: Վերջերս լրագրողներն Ազգային ժողովում հաշվում էին այսպես կոչված «միշիկական» պատգամավորներին, բայց ոչ մի կերպ այդ հաշիվը 10-ից չանցավ, ենթադրությունների մակարդակում` մի կերպ հաշվումները 12-ի էին հասցնում: Ուրեմն, հա, երեւոմ է` կան այդպիսի պատգամավորներ: Միգուցե «Սպայկայի» դեմ տեղի ունեցողն այս համատեքստում եւս պետք է դիտարկել, չգիտեմ, կամ էլ`նախկիններից սնվող լրատվամիջոցների` գործող իշխանություններին ուղղված միահամուռ հարվածի ուժը մի փոքր մեղմելու համատեքստում: Ինչ- որ սողացող գործընթաց որ կա` պարզից էլ պարզ է, իզուր չէր երեւի, որ Ազգային ժողովում տրանսգենդերի լավ պլանավորված ելույթի սկանդալը վարչապետը հասցեագրում էր ԲՀԿ-ին, իսկ Գագիկ Ծառուկյանը` «Իմ քայլին»: Քանի որ` ով էլ կազմակերպած լիներ արական Լիլիթիՙ համարյա քաղաքական ելույթը` վստահ է եղել ավերիչ արձագանքի վրա: Քանի որ հանրությունն , իրոք, բացասական է վերաբերվում ավանդական ընտանիքի դեմ այդպիսի անամոթ քարոզին, միեւնույն ժամանակ ԵՄ համաձայնագիր ունենք, որտեղ նաեւ գենդերային հավասարության համապատասխան դրույթներ եւս կան, ու եվրոպական խիստ արձագանք, նայած իշխանության բացատրություններին , լինելու էր: ԵԽԽՎ-ում վարչապետ Փաշինյանի ելույթից անմիջապես առաջ: Ով էլ կազմակերպեր, երկրին կպնող էդ նուրբ թեմայում զուսպ լինելու ավանդույթի վրա էլ թքած: Մի դեպքում իշխանությանը երկկողմանի էր կպչում` հանրության աչքում նրան դարձնելով ընտանեկան արժեքերի հակառակորդ, եվրոպացիների աչքում` մարդու իրավունքների ոտնահարող, երկրորդ` ԲՀԿ-ի դեպքում էլի երկկողմանի ազդեցությամբ` իշխանության ոտքի տակ ական դնելու, եւ, միաժամանակ, ավանդական արժեքների պաշտպանի դերում հանդես գալու հարմար առիթ վերագրելով: Ո՞րն է` դժվար է ասել, անձամբ ես կարծում եմ, որ տրանսգենդերների հրապարակային շնորհակալությանն արժանացած իմքայլական պատգամավոր Մարիա Կարապետյանն, այնուամենայնիվ, չափից ավելի է ջանացել` բազմազանների հարցում, թեկուզ հենց իր սոցիալական էջում, եւ նրա խորհրդարանում գտնվելը վատ նախադեպի շարունակություն է, ինչպես որ Հայ եկեղեցու քահանային փիլոնազրկելը... Չնայած, այսպես ասած` ԼԳԲՏ համայնքին սատարելու, խտրականության դեմ պայքարելու կոչով եվրոպական արձագանքին ի պատասխան Հայաստանի ԱԳՆ-ի արձագանքն արժանապատիվ ենք համարում` թե եվրոպացիք հարգանք եւ զգայունություն պետք է ցուցաբերեն հայկական հասարակության հանդեպ եւ ձեռնպահ մնան հասարակական քննարկումների անհարկի ուղղորդումից, եթե անգամ նրանք համաձայն չեն դրանց տոնայնության հետ: Առաջին անգամ նման բան տեսա պաշտոնական մակարդակով: Վերադառնալով վերջին օրերի` քաղաքական առումով հին ոճի կռվին, նշենք, թե սադրանքներով եւ ժողովրդի թիկունքում խորրդարանում դասավորություն փոխելու հետին միտքը հազիվ թե ապագա ունի: Փաշինյանից հետո վարչապետ կարող է դառնալ միայն ու միայն լավագույն կթրությամբ ու տնտեսությունը ինստիտուցիոնալ, ու ոչ թե միայն բիզնեսի մակարդակով իմացող մարդ, որն իր խոսքի մշակույթով նաեւ չպետք է «խայտառակի ռեսպուբլիկան», այնպես որ` «հանգիստ նստեք տեղներդ»: Իրադարձությունների հորձանուտում Իհարկե, Հայաստանում եւ նրա շուրջ վերջին շրջանում իրադարձություններն այնքան սրընթաց են զարգանում, որ անգամ ամենահնչեղ շոուները մնում են օրվա մեջ, հաճախ իմաստավորել չենք հասցնում դրանք: Ահա եւ հետ նայելու համարյա ժամանակ չկա`դեռ չմարսած Փաշինյան-Ալիեւ հանդիպման Վիեննայի արարը` երեկ պարզվեց, որ ապրիլի տասնհինգին Մոսկվայում հանդիպելու են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները, համանախագահող երկրի` Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ: Հետաքրքրական է` ի՞նչ օրակարգով, արդյոք ԱՄՆ-ում վարչապետի տիկին Աննա Հակոբյանի, ԵԽԽՎ-ում Նիկոլ Փաշինյանի պնդած խաղաղության օրակարգո՞վ, թե Վիեննան, այնուամենայնիվ, նոր բան ավելացրել է եղածին: Ասենք` Գոլանի բարձունքը յուրացրած Իսրայելին դիտարկելով որպես այդ քայլն իր կենսական իրավունքի պաշտպանությունն իրացնող`մի համանախագահ ԱՄՆ-ի դեպքում, մյուս համանախագահ Ռուսաստանի դեպքում դա կարելի՞ է վերաբերեցնել Արցախի համանման վիճակին, եւ արդյոք Լավրովի պլան շոշափած եւ Ղրիմն իրենով արած Ռուսաստանը կարո՞ղ է այդ ուղղությամբ ինչ-որ կառուցողական վերաբերմունք դրսեւորել: ԵԽԽՎ պատուհանը Այս պահին մի պատուհան էլ Հայաստանի համար բացվել էր ԵԽԽՎ-ում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթների ու շփումների միջոցով` Հայաստանի եւ Արցախի հարցերը արժանապատիվ ներկայացնելու առումով: Այս այցից Հայաստանում ակնկալիքներ կային` նաեւ համագործակցությունը տարբեր ոլորտներում ընդլայնելու առումով: Արդեն իսկ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում, մինչեւ վերջինիս ելույթը ԵԽԽՎ ամբիոնից, ասել էր, թե Եվրոմիությունը նոր, ավելի լայն պլան է հաստատել Հայաստանի համար` ողջունելով մեր երկրի վերջին քայլերը ժողովրդավարության ճանապարհին` ընտրություններով խաղաղ իշխանափոխությունն ու կոռուպցիայի դեմ պայքարը: Միեւնույն ժամանակ նույն Յագլանդը, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի` Արցախ (գորշ գոտիներ) այցելելու անհնարինությունը պարզապես անթույլատրելի էր անվանել` հումանիտար աշխատանք իրականցնելու անհնարինության պատճառով: ԵԽԽՎ ամբիոնից արդեն ղարաբաղյան բանակցային գործընթացի վերաբերյալ վարչապետ Փաշինյանը խոսում էր կողմերի` ոչ թե իրար ոչնչացնելու, այլ հարցերը կարգավորելու, խաղաղության օրակարգի մասին: Նա նշեց, թե բավական կառուցողական եւ դրական երկխոսություն է սկսել Ադրբեջանի նախագահի հետ, բայց միայն ղեկավարների երկխոսությամբ հարցը կարգավորել հնարավոր չէ, երկխոսություն պետք է լինի նաեւ երկու երկրների հանրությունների միջեւ` խաղաղությանը պատրաստելու համար, եւ որ` կարգավորման որեւէ տարբերակ պետք է ընդունելի լինի միաժամանակ Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի համար, իսկ այս կարգի հայտարարություն ադրբեջանական կողմից դեռ չի հնչել: Ադրբեջանցի պատվիրակի հարցին պատասխանելով` Փաշինյանը եւս մեկ անգամ կրկնեց, թե բանակցություններին Արցախի մասնակցության անհրաժեշտության դրույթը ոչ թե ձեւաչափի փոփոխություն է, ինչպես ադրբեջանական կողմից են պնդում, այլ Մինսկի խմբի ձեւաչափի լիարժեք վերականգնում: Յագլանդի հետ համատեղ ասուլիսում էլ, ԵԽԽՎ ամբիոնից էլ Փաշինյանը շեշտեց, թե կողմերը պետք է հրաժարվեն սպառնալիքների, ուժի կիրառման լեզվից եւ հանրություններին պատրաստեն խաղաղության, ոչ թե պատերազմի: Նա նաեւ ԵԽԽՎ ամբիոնը խաղաղության ամբիոն անվանեց, մինչդեռ այն երբեմն գործածվում է պատերազմ հրահրելու համար: Օրինակ 2016-ի հուվարին ԼՂ հարցի շուրջ բուռն քննարկումներին հաջորդեց ապրիլյան պատերազմը, այսինքն` քննարկումների ու փաստաթղթերի հեղինակները հակամարտություններից յուրաքանչյուրը պետք է պատճառահետեւանքային կապերով, ըստ էության դիտարկեն, որպեսզի միջազգային կառույցներին աշխարհաքաղաքական խաղերի մեջ չներքաշեն, հակամարտությունները չբորբոքեն ու խաղաղ մարդկանց կյանքի հետ չխաղան: «Մարդն ավելին է, քան որեւէ փաստաթուղթ», նշեց Փաշինյանըՙ կոչ անելով մարդու իրավունքներով զբաղվող եվրոկառույցներին աջակցելու Արցախի ժողովրդին` կատարելագործելու իր ժողովրավարական հաստատությունները: Առաջին հայացքի տպավորությամբ` Հայաստանի վարչապետի ելույթն ու հանդիպումները ԵԽԽՎ-ում դրական բացվածքով էին, անգամ եվրոպական ֆոնը լավ ապահովվեց` Իտալիայի խորհրդարանը նույն օրը հավանության արժանացրեց Հայոց ցեղասպանությունն ճանաչող բանաձեւը եւ Ֆրանսիայում` Էմմանուիլ Մակրոնը ստորագրեց հրաման` ապրիլի 24-ը Ֆրանսիայում ցեղասանության զոհերի հիշատակի օր հռչակելու մասին: |