RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#012, 2019-03-29 > #013, 2019-04-05 > #014, 2019-04-12 > #015, 2019-04-19 > #016, 2019-04-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 12-04-2019



ՀԱՅԱՑՔ

Տեղադրվել է` 2019-04-11 23:16:22 (GMT +04:00)


Ընթերցված է` 2367, Տպվել է` 138, Ուղարկվել է էլ.փոստով` 0

Ի՞ՆՉ Է ՍՊԱՍՎՈՒՄ ՎԻԵՆՆԱՅԻ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԻՑ ՀԵՏՈ

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ

Վիեննայում մարտի 30-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ կայացած գագաթաժողովի մասին լուրերը սակավ են, մեկնաբանություններըՙ առատ: Առաջընթաց չէր ակնկալվում եւ չարձանագրվեց: ԵԱՀԿ Մինսկի խումբի հայտարարությունը նման էր վերջնագրիՙ ուղղված բանակցող կողմերին, սակայն երեք երկրներիՙ Մ. Նահանգների, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի ներկայացուցիչ համանախագահների տոնը հռետորականից դարձյալ նախկին դիվանագիտական անորոշ տեսքն էր ստացել: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարները, սակայն հանդիպման երկրորդ մասում երկու առաջնորդները երկու ժամ առանձնազրույց ունեցան: Ավարտինՙ քննարկումների վերաբերյալ գրեթե ոչինչ չհրապարակեցին նրանք, ամեն ինչ թողնելով տարատեսակ ենթադրությունների ձեւավորմանը:

Մոսկվայից արձագանքը աղոտ էր, մռայլ: Հակամարտության բնույթի մասին խոսելիս քաղաքական եւ ռազմավարական վերլուծությունների կենտրոնի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխին ասաց. «Եթե կողմերը անհամերաշխ են, ինչպե՞ս կարող են փոխզիջումների գնալ, որպեսզի կարգավորեն խնդիրը: Ես միայն մի ելք եմ տեսնում այստեղ: Կողմերից մեկը լուռ հանձնվելու է, բայց ինչպե՞ս կարելի է հաձնվել առանց պատերազմ մղելու»:

Երկար տարիների բանակցությունների ընթացքում Ադրբեջանի դիրքորոշումը եղել է անզիջող եւ ռազմատենչ: Դա պատերազմի հետեւանքում տեղահանված ազերիների վրդովմունքը ճնշելուն էր ծառայում հիմնականում: Վերջին ամիսներին որոշ բաներ փոխվել են գուցե: Երկխոսությունը դարձել է ավելի լուրջ, եւ Ալիեւը, ըստ երեւույթին, կարծես պատրաստ է զիջումների գնալ որոշ երկրորդական հարցերում: Փաշինյանից մի քանի րոպե պահանջվեց Դուշանբեում (Տաճիկստանում) 2018-ի սեպտեմբերին, որպեսզի նվազեցնի լարվածությունը սահմանում: Մինչեւ վերջերս երկրների առաջնորդների եւ նրանց արտգործնախարարների հանդիպումները բնութագրվում էին որպես «խոսակցություններ» կամ «երկխոսություններ», մինչդեռ Վիեննայի հանդիպումը կարծես մի փոքր բարձր մակարդակի հասցնելով բնութագրվեց որպես «բանակցություններ»:

Ալիեւի հանգիստ ու քաղաքավարի պահվածքը հանդիպումների ընթացքում միշտ էլ հակադարձվել է նրա թշնամական հայտարարություններով, որոնք շփոթության են մատնել Մինսկի համանախագահներին: Չնայած պատերազմի դաշտում Ադրբեջանն էր պարտվող կողմը, նրա առաջնորդ Ալիեւը միշտ էլ փորձում էր թելադրել հանդիպումների օրակարգը: Հայկական կողմին հաճելի չէր լսել նրա նպատակների մասին խորհրդածությունները, չնայած որոշ իմաստով դրանք տրամաբանական էին: Ալիեւը բառեր չէր խնայում, երբ ասում էր, որ Հայաստանի տնտեսությունը խղճուկ վիճակում է, եւ բնակչությունը զանգվածներով արտագաղթում է: Նա եզրակացնում էր, որ կսպասի մինչեւ Հայաստանը վերջնականապես դատարկվի, եւ Ադրբեջանը հեշտությամբ, առանց կռվի, տիրանա նրա ամբողջ տարածքին: Պետք է խոստովանել, որ ինչքան էլ ցավալի լիներ, Ալիեւի այդ մտադրությունը իրականություն էր դառնում:

Այսօր, բարեբախտաբար, նոր սցենար է երեւան եկել «թավշյա հեղափոխության» հաղթանակի հետեւանքում: Հայաստանի համար զարգացման նոր հեռանկարներ են բացվել եւ արտագաղթի հոսքը դադարել է: Նույնիսկ կարելի է խոսել հակառակ երեւույթիՙ ներգաղթի մասին: Ավելին, հայկական կողմը հասկացել է, որ թուրքերն ու ազերիները հարգում են ուժը եւ խաղաղության կոչերը նրանք թուլության նշան են համարում: Այդ իմաստով նոր մտածելակերպն իր արտահայտությունն է գտել նաեւ Հայաստանի նոր քաղաքականության եւ հռետորաբանության մեջ: Միեւնույն ժամանակ Փաշինյանի համընդհանուր ժողովրդականություն վայելող մանդատը ամբողջովին հակասում է Ալիեւի բռնատիրական իշխանությանը: Սա ակնհայտ է, եւ ներկայիս կարծես թե հայկական կողմն է թելադրում հանդիպումների օրակարգը:

Հանրությանը շատ քիչ փաստեր են հայտնի, որպեսզի հնարավոր լինի անաչառ մոտեցմամբ գնահատել գագաթաժողովի անցուդարձը: Մնում է վերլուծել այն իրադարձությունները, որոնք նախորդեցին գագաթաժողովին: Հենց Վիեննայի հանդիպման մասին հայտարարվեց, Ադրբեջանը դիմեց մեծամասշտաբ զորավարժությունների անցկացմանը, որպեսզի ձգված պահի զինվորների մկանները: Հայաստանը համապատասխան քայլի դիմեց: Առաջին անգամ Հայաստանի առաջնորդները Ղարաբաղում հանդիպում կազմակերպեցին երկու երկրների ազգային անվտանգության խորհուրդների հետ: Դա միասնականության, համատեղ գործելու ուղերձ հղեց բոլոր նրանց, ովքեր կասկածներ ունեին դրանում: Հետո, երկու հանրապետությունների օրենսդիր եւ գործադիր մարմինների ներկայացուցիչները համարձակ ուղերձ հղեցին Ադրբեջանին: «Իմ քայլը» խմբակցությունից Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ որեւէ հարձակման դեպքում հայկական կողմը կշարժվի ուղիղ դեպի Բաքու:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ելույթը նույնպես տոնի փոփոխություն էր իր մեջ ներառում: Նյու Յորքում ամերիկահայ համայնքի առաջ խոսելով, նա ասաց, որ վերաձեւավորել են «տարածքներ հանուն խաղաղության» մոտեցումը եւ այժմ այն հնչում է «Նոր պատերազմ-նոր տարածքներ» նշանաբանով, որը նախատեսում է ձերբազատվել նախկին զուտ պաշտպանողական դիրքորոշումից եւ ավելացնել հակառակորդի տարածքում ռազմական գործողությունների իրականացումը:

Այս հայտարարությունը վրդովեցրեց Ադրբեջանի պաշտպանության գերատեսչությանը, որ բացատրություն, պարզաբանում պահանջեց Հայաստանի պաշտպանության նախարարից:

Հայաստանում նկատվող նորահայտ այս խիզախ հռետորաբանությունը վերագրվում է զինված ուժերում տեղի ունեցող ռազմավարական ձեւափոխմանը: Միջազգային հարաբերությունների եւ անվտանգության հայկական ինստիտուտի տնօրեն Ստեփան Սաֆարյանի խոսքերով, հայկական կողմը դասեր քաղեց 2016-ի ապրիլյան քառօրյայից, եւ Ադրբեջանն այսօր Հայաստանին անակնկալի բերելու տարրերից զրկված է: Միաժամանակ սահմանային սարքավորումների մակարդակի հետապրիլյան բարձրացումը զգալիորեն նվազեցրել է ադրբեջանական հարձակումների եւ սաբոտաժի հնարավորությունները: Այսինքն Հայաստանը ի վիճակի է պարտության մատնելու ազերիների կողմից սանձազերծված ամեն տեսակի ագրեսիա:

Վիեննայի հանդիպումը դրական են գնահատել շահագրգիռ բոլոր կողմերը: Փաշինյանը Վիեննայի հայերի հետ հանդիպման ընթացքում որոշ զգուշավոր լավատեսություն արտահայտեց: Ալիեւը զերծ մնաց մեկնաբանություններից եւ լրագրողներին խնդրեց օգտվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից, որը ընդհանուր առմամբ համահունչ է Փաշինյանի բնութագրմանը:

Իր մեկնաբանություններում Հայաստանի վարչապետը անդրադարձավ հանրության ընդհանուր ակնկալիքներին, որ փորձում է միշտ նման հանդիպումներից հետո որոնել հաղթողների եւ պարտվողների: Նա վստահեցրեց, որ նման մոտեցում չի կարելի դրսեւորել այս դեպքում եւ շարունակեց ասելով, որ կողմերը գաղափարներ են փոխանակել եւ առկախ հարցերի լուծման իրենց տեսակետներն են արտահայտել:

Թվում է, թե Դուշանբեի համաձայնությունները վերարժեւորվել են եւ հավելյալ մարդասիրական գործողություններ են հաշվի առնվել: Չնայած Ալիեւը նշեց, որ շատ շուտ է իրականացնել քայլեր, որոնք առնչվում են սահմանամերձ բնակիչներին անարգելք հողագործությամբ զբաղվելուն, կամ պատերազմի գերիների ընտանիքների այցելություններին: Նա նաեւ ակնարկեց, որ հանդիպումից փոքրիկ հաղթանակով է դուրս եկել: Նա ողջունեց համանախագահների դիրքորոշումը բանակցություններին Ղարաբաղի մասնակցության փաշինյանական առաջարկին ընդառաջ չգնալու համար:

Պետք է նշել, որ համանախագահների ուղերձը ուղղված էր երկու կողմերին: Երբ նրանք հայկական կողմին խնդրեցին ոչ մի նոր տարր չմտցնել բանակցությունների գործընթացում, նկատի ունենալով Արցախի մասնակցությունը, նրանք միաժամանակ զգուշացրին Ալիեւին, որ զերծ մնա ռազմատենչ հռետորաբանությունից: Ալիեւը կատարեց պահանջվածը: Ինչ վերաբերում է Փաշինյանին, Ղարաբաղի մասնակցության նրա առաջարկը նախապայման չէր: Այդուհանդերձ, նա պահպանեց անհրաժեշտ ճկունությունը, որպեսզի չտապալի բանակցությունները: Ի դեպ, նրա առաջարկը «նոր տարր» չէր, այլ սոսկ վերադարձ դեպի բանակցությունների նախասկզբնական ձեւաչափը: Ղարաբաղը 1994 թվի հրադադարի պայմանագիրը ստորագրող կողմերից մեկն էր եւ որեւէ վերջնական կարգավորում այսօր էլ պետք է վավերացվի Ղարաբաղի օրենսդիր մարմնի կողմից:

Առայժմ երկու երկրներիՙ Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին հանձնարարված է շարունակել բանակցությունների գործընթացը եւ պատրաստվել հաջորդ գագաթաժողովին:

Հենց այս բանակցությունները շարունակելու կողմերի համաձայնությունն էլ կարելի է համարել ձեռքբերում, եւ համանախագահները կարող են վստահ լինել դրանում: Այդուհանդերձ, թե ի՞նչ հաճախականությամբ եւ ի՞նչ ուղղությամբ կընթանան բանակցություններըՙ միայն ժամանակը կարող է թելադրել:

Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator)

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 12-04-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ