ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԵՆ... Գ. Գ. Ադրբեջանի ՊՆ ՀՕՊ զորքերն ապրիլի 1-ին հատուկ տակտիկական վարժանքներ են իրականացրելՙ պայմանական հակառակորդի հրթիռահրետակոծումից պաշտպանելով կարեւոր նշանակության օբյեկտները: Մոտ մեկ շաբաթ անց, ապրիլի 8-ին, Ադրբեջանի ՊՆ նախարար Զաքիր Հասանովը հանդիպում է ունեցել բանակի բարձրաստիճան պաշտոնյաների հետՙ վերջիններիս հրահանգավորելով առավել հաճախակի դարձնել զորավարժությունները, դրանք կազմակերպել այնպիսի վայրերում եւ այնպիսի ժամերին, որ հնարավորինս մոտ լինեն մարտական գործողություններին, քանի որ այդ ամենը միտված են հնարավոր հարձակողական պատերազմին: Դրանից մեկ օր անց, ապրիլի 9-ին, օդ են բարձրաձել ադրբեջանական զինուժի մարտական ուղղաթիռներըՙ թռիչքամարտավարական վարժանքներ անցկացնելու: Ավելի ուշՙ ապրիլի 11-ին, հաստատված զորավարժությունների պլանի շրջանակում, տակտիկական վարժություններ են անցկացրել նաեւ հրթիռահրետանային զորամիավորումները: Վերջին շրջանում Ադրբեջանն սկսել է ինտենսիվ զորավարժություններ անցկացնել, այնպես, ինչպես Ապրիլյան պատերազմից առաջ: Հ.Գ. Ապրիլի 4-ին, խոսելով 2016թ. Ապրիլյան պատերազմի մասին, Զաքիր Հասանովը հայտարարել էլ, որ ադրբեջանական բանակն ամեն պահ կարող է հարձակվել ու «ազատագրել իր հողերը»: |