ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՂԳՈԹԱՅԻ ՄԱՍԻՆ ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ Գրիգորիս Պալաքյանի «Հայկական Գողգոթայի» վերահրատարակությունը ֆրանսերեն նոր թարգմանությամբ Ցեղասպանության մասին ամենաարժեքավոր վկայություններից մեկն է, որ մղում է մեզ վերսկսելու քննարկումներն այն դասերի մասին, որոնք այդպես էլ չքաղվեցին 1915-ից: Նրա անունը մոռացության է մատնվել, սակայն նա առաջիններից էր, որը դրեց Ֆրանսիայի Հայ Առաքելական եկեղեցու թեմի հիմքերը: Մանչեսթրից հետո մարսելահայերի եպիսկոպոս գերաշնորհ Գրիգորիս Պալաքյանը (1875-1934) աստվածաբանության դոկտոր էր, կրթություն էր ստացել Գերմանիայում եւ ծառայել Անատոլիայում: Բազմալեզվագետ եւ գիտնական այս մարդը լույս աշխարհ եկավ Թոքաթ քաղաքում եւ վաղաժամ մահացավ Մարսելում, աղքատության մեջՙ առանց իրեն լիարժեքորեն դրսեւորելու հնարավորության: Կյանքի վերջում վերադառնալով աշխարհիկ կյանք, խորապես խոցված բազում նվաստացումներիցՙ նա, որպես Ֆրանսիայի հարավի հայության սրբազան, կատարեց հսկայական աշխատանք, ընդհուպ բազմաթիվ եկեղեցիների կառուցման վերահսկողությունը (ինչպեսՙ Մարսելի Պրադոյի եկեղեցին) անմիջապես Ցեղասպանությունից հետո: 1921 թվականին նա գտնվում էր Բեռլինում, պաստոր Հովհաննես Լեփսիուսի հետ, վկայելու Սողոմոն Թեհլիրյանի օգտինՙ նրա դատավարության ժամանակՙ Թալեաթ փաշայի սպանության համար: Հայ Եկեղեցու Կանոնական իրավունքի մասնագետ, ինչպես նաեւ ինժեներ երկրաչափ լինելը նրա բազմաթիվ ձիրքերը, ինչպես նաեւ լեզուների իմացությունը, բազմիցս փրկել են նրա կյանքը: Նրաՙ մոխիրից նոր Հայաստան վերակառուցելու կիրքը, մենք գտնում ենք նրաՙ 1919-1920 թվականներին «տաք-տաք» գրված «Հայկական Գողգոթայում»: Անփոխարինելի վկայություն 1914 թվականին նա Բեռլինում էր, եւ որոշեց վերադառնալ Կոստանդնուպոլիսՙ Գերմանիայի պատերազմ սկսվելուց հետո: Լինելով հասարակական գործիչՙ Գրիգորիս Պալաքյանն այն ժամանակ ականավոր եկեղեցական էր օսմանյան Թուրքիայի հայության մեջ: 1915 թ. ապրիլի 24-ից 25-ի գիշերվա հարձակումների ժամանակ նա այն 69 մտավորականներից էր, որոնց տարան Չանղըրը, մինչդեռ եւս 62 հոգի ուղարկվեցին Այաշ: Նա Աղետի իր պատմությունն ապրեցնում է մեզ ներսից: Սակայն այնտեղ, որտեղ շատ-շատերը սահմանափակվել ենՙ համրելով աննկարագրելի վայրագությունների շարանի հատիկները, նրա վկայությունը երանգված է քաղաքական եւ բարոյական մտորումներով, որոնք առավել հնչեղություն ունեն, քան իր ժողովրդի անտանելի տառապանքների սոսկական թվարկումը: Հարցաքննելով իր դահիճներին, ինչպես տարեց մի թուրք սպայի, որն ուղեկցում էր շարասյունըՙ նա կարողանում է բազմաթիվ տեղեկություններ հավաքել տեղի ունեցող ոճրագործության ծավալի վերաբերյալ: Նա պատմում է ամենախելագար, անմարդկայնության անդունդն ի վայր անվերջանալի անկման մասին, որտեղ համընթաց են ցինիզմն ու իրավունքի լիակատար բացակայությունը: Սակայն նա գիտակցում է, որ ինքը նաեւ հովիվ էՙ պարտավորված փրկելու իր հոտը կամ գոնե ողջ մնալՙ աշխարհին պատմելու համար իր ազգի Գողգոթան: Հովիվն ուղղորդում է իր գառներին եւ հոգեւոր նեցուկ ու մխիթարություն բերում նրանց, գիտակ մտավորականը դատապարտում է հայերի հաշվին տեղի ունեցող մանիպուլյացիաները, թուրքերի դաշնակից գերմանացիների եւ ռուսների միջեւ, որոնք ձգտում էին հենվել Կայսրության ազգությունների վրա: Հայկական վերնախավն արդյո՞ք մեղսակից է այս անուղղելի եղելությանը 1914 թվականին վերադառնալով Թուրքիաՙ Պալաքյանը տեսնում է, որ Պոլսո պատրիարքարանի նվիրվածությունն ու հայ ղեկավարների պահվածքը Ադանայի կոտորածների հանցավոր երիտթուրքերի նկատմաբ հասնում են կուրության աստիճանի: Հազվադեպ են այն աշխատությունները, որոնք քննադատական մեկնություն են տալիս հայ-օսմանյան վերնախավի դերի մասին: Մենք գիտենք, որ Պոլսո հայոց պատրիարքն ի վերջո վստահեց Կայսերական Գերմանիայի դեսպանության երաշխիքներին: Մեզ անհայտ չեն նաեւ հայ ղեկավարների եւ իթթիհադականների («Միություն եւ առաջադիմություն» կոմիտեի անդամներ, որոնց թվում էին Թալեաթը, Էնվերը եւ Քեմալը - խմբ.) միջեւ եղած սերտ կապերը, որ ստեղծվել էին նույն մասոնական օթյակներում եւ աքսորավայրերում: Մենք հիշում ենք նաեւ դաշնակցական Խաչատուր Մալումյանի դժբախտ ճակատագիրը, որը երեք տարի առաջ փրկել էր Թալեաթ փաշայի կյանքըՙ թաքցնելով նրան իր տանը... Գաղտնիքի պահպանության տակ գտնվող կրոնավոր Պալաքյանին եւ իր ուսուցիչ, մեծանուն լրագրող Տիրան Քելեկյանին մի թուրք պաշտոնյա ի զուր ցույց տվեց Թալեաթի մի հեռագիրը, որը հաղորդում էր հայ մտավորականների ոչնչացման մասին. ո՛չ մեկը եւ ո՛չ էլ մյուսը չկարողացան ըմբռնել օսմանյան կառավարության «հանցագործ ծրագիրը»: Միամտությո՞ւն, թե՞ կույր հավատ էր դա հարյուրավոր այդ հայ պաշտոնյաների ու քաղաքական գործիչների կողմից, որոնց քնեցրել էին իթթիհադականների խոստումները: Մինչ փրկվածները պանթեոն են կանգնեցնում 1915 թվականին սպանված նահատակ մտավորականների հիշատակին, շատ քիչ ուսումնասիրություններ են անդրադառնում այն խոր տարաձայնություններին, որոնք բաժանում էին հայ ղեկավարներին երիտթուրքերի կողմնակիցների ու հակառակորդների: Դրա վկայությունն են Ադանայի կոտորածներից անմիջապես հետո, 1909 թվականին, Կոստանդնուպոլսի Ազգային ժողովում բուռն վիճաբանությունները աշխարհիկ տարրերի (ի դեմս Գրիգոր Զոհրապի) եւ Գրիգորիս Պալաքյանի պես իրատես եկեղեցականների միջեւ, որոնք համոզված էին «Միություն եւ առաջադիմություն» կոմիտեի մեղավորության մեջ: Փոքրամասնություն կազմող Պալաքյանին չի հաջողվում համոզել իր գործակիցներին կանխատեսել ճախրող վտանգի ծայրահեղ լրջությունը, ոչ էլ ընկալել 1915 թվականի սկզբի այն հազվադեպ տագնապի ազդանշանները, որ թվարկում էր հեղինակը եւ որի քննադատությունը չի խնայում Կոստանդնուպոլսի հայ հասարակությանը: Մինչ Դարդանելի խորքերից լսվում էին դաշնակից նավատորմի թնդանոթների ձայները, Կոստանդնուպոլսի հայկական մամուլը թավ տառերով հրճվում եւ ուրախանում էր ֆրանս-բրիտանական հաղթանակներով: Փոխանակ աննկատ մնալու, երբ Վանի նահանգում տեղի էին ունենում անլուր կոտորածներ, Պոլսո հայերը, գրում է հեղինակը, տրվել էին «անառողջ ոգեւորության մի մթնոլորտիՙ ծնված խառը երազներից»: Մոռանում էին, որ կայսերական այդ բանակը, անկասկած, նվաճել է Հիմալայների գագաթները, սակայն, հղում անելով բրիտանական մի սպայի. «Անգլիական նավատորմը, ցավոք, չի կարող մագլցել Արարատը», նշում է Պալաքյանը: Եվ արձանագրում է հետեւյալ տխուր փաստը. «Մենք մեղավոր ենք: Արեւելքի բոլոր քրիստոնյա փոքրամասնությունների մեջ, մենքՙ հայերս, չնայած մեր համբավին, թե այն ցեղն ենք, որն աչքաբաց է, այն էլՙ ճիշտ աչքով, կատարյալ հիմարությամբ եւ գեղջուկի պարզամտությամբ հավատացինք եվրոպացիների պայքարինՙ հանուն արդարության եւ իրավունքի, կեղծ խոսքերին ու ստերինՙ չգիտակցելով, որ միլիոնավոր քրիստոնյաների կյանքից ավելի, Մոսուլի նավթն էր արդարադատության կշեռքի նժարին...»: Դավաճանի ամենուրական պատկերը Լինելով սաստիկ իրատես Փոքր Ասիայում եւ Կիլիկիայում Գերմանիայի գաղութատիրական նկրտումների վերաբերյալ, ինչպես եւ գերմանական գլխավոր շտաբում տարածված հստակ հայատյացության վերաբերյալՙ իր «Գողգոթայում» Պալաքյանը չի անտեսում այն չարաբաստիկ դերը, որ ունեցան բազմաթիվ հայեր իրենց հայրենակիցների բնաջնջման մեջ: Նրա քննադատության կենտրոնում Պոլսո Հայոց պատրիարքարանում տիրող անկարությունն էրՙ պատրիարք Զավեն Տեր-Եղիայանի գլխավորությամբ, որը համարվում էր թույլ եւ անտեսված եւ որը 1916 թվականի օգոստոսին արտաքսվեց Բաղդադ: Ի՞նչ կարող էր անել հուսահատության անկարողությանը մատնված Պատրիարքը: Փրկել սեփական կյա՞նքը, թե՞ ընտրել նահատակությունը, ինչպես Կոստանդնուպոլսի հույն պատրիարք Գրիգորոսը, որին իր եկեղեցական հանդերձանքով կախեցին Ֆեների մուտքի մոտ 1821 թվականինՙ հունական ազգային ապստամբության ժամանակ: Գում-Գաբուում, Հայոց պատրիարքարանի նստավայրում, ներքին գործերի նախարար Թալեաթի ծառայության տակ գտնվող ջերմեռանդ մատնիչները բազմաթիվ էին. Պատրիարքարանի գործերի հավատարմատար երիտասարդ Գամեր Շիրինյանը կապ էր պահում պատրիարքության եւ թուրքական կառավարության միջեւՙ իր «տիրոջը» հասցնելով տան գաղտնիքները: Այստեղ դարձյալ հարց է ծագում. ինչպե՞ս օսմանյան Հայաստանի բաբախող սիրտը կարող էր վերածվել օձի բնի: Պատճառը պարզ ագահությո՞ւնն էր: Օսմանյան համակարգի նենգամտությո՞ւնը քրիստոնյաների նկատմամբ: Ինչ վերաբերում է «քահանա» Հրանտ Հովսեփյանին, որն իր հրատարակած «Տաճար» շաբաթաթերթում «անդադար վիրավորանքներ եւ հայհոյանքներ էր թափում քաղաքական պայքարողների ու նահատակ հայ ժողովրդի վրա», ապա նա նույնպես հաճախ էր լինում այնտեղ: «Կոստանդնուպոլսի ոստիկանության գլխավոր տնօրեն Բեդրին խոստովանել էր, որ ոստիկանությունը հավաքագրել էր ավելի քան 150 հայ լրտեսների, որոնց առաջնորդներն էին տխրահռչակ Հարություն Մկրտիչյանը, նախկին ուսուցիչ Մուխթար Պեշիկթաշցին, Հմայակ Արամյանցըՙ Հնչակյան կուսակցության պատմական կերպարներից մեկը, Խորհրդարանի անդամ, Կոստանդնուպոլսի «Կոհակ» եւ «Դայլայլիկ» թերթերի գլխավոր խմբագիր»: Չմոռանանք նաեւ, որ կախաղան հանված հայտնի 20 հնչակյանները ձերբակալվել էին յուրայիններից մեկի դրդմամբ: Սակայն այն, ինչ Պալաքյանը չի ասում, այն է, որ երիտթուրքական իշխանության վարձկան լրտեսների այս ավանդույթը չի առաջացել 1908 թվականի հեղափոխության հետ. Աբդուլ Համիդի ռեժիմը Օսմանյան ամբողջ տարածքում կարողացել էր հաջողությամբ ստեղծել ցուցմունք տվողների մի շատ արդյունավետ ցանց: Թունավոր Ժառանգությո՞ւն Լինելով հավատքի մարդ, անդրդվելի ու իրատես, քաջատեղյակՙ քաղաքական գործիչներին եւ կուլիսային գործելակերպին, Պալաքյանի կարեւոր վկայությունը պետք է դառնար հիմնական հումք հայոց պատմության մասնագետների, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Գերմանիայի համար, որոնք մեղսակից են իր նախնիների հողի վրա հայ ազգի ֆիզիկական եւ մշակութային ոչնչացման համար: Զարմանալի է, որ բացի անգլերեն թարգմանությունից, կատարված նրա եղբոր թոռանՙ պատմաբան Փիթեր Բալաքյանի համագործակցությամբ, հայերեն վերահրատակությունըՙ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության տպագրատանը եւ սույն ֆրանսերեն թարգմանությունը, մնացին գրեթե աննկատ: Իրականում, հարցականի տակ դնել Թեոդիկի ստեղծած հայ նահատակների պանթեոնի սրբությունը համարժեք է սրբապղծության: Սակայն դա նշանակում է մոռանալ Օսմանյան խորհրդարանի հայ պատգամավորներին նվիրված Երվանդ Օտյանի մեղմ ու զավեշտական գրվածքները, ժամանակի երգիծական մամուլում ներկայացված խայթիչ դիմանկարները: Ժամանակը կատարեց իր գործը, եւ այդ կերպարները, նահատակվելով, կորցրին իրենց մարդկային էությունը: «Կառավարելը կանխատեսել է, ոչինչ չկանխատեսելը սեփական կորստին գնալ է»,- ասում էր 19-րդ դարի ֆրանսիացի լրագրող եւ քաղաքական գործիչ Էմիլ դը Ժիրարդենը: Կարելի՞ է արդյոք նույնն ասել մարող Օսմանյան կայսրության հայ ղեկավարների մասին: Կայսրության հայ համայնքի ակտիվ անդամ Գաբրիել Նորատունկյանն (1852-1936), անկասկած, քաղել էր այդ դասը: Թուրքական քաղաքական դասի այս նուրբ գիտակը երկար ժամանակ ծառայել է օսմանյան պետությանը եւ երկու անգամ եղել նախարար, ինչպեսՙ արտաքին գործերի նախարար 1912-1913 թվականներին: Նա այն հազվադեպ հայ-օսմանյան քաղաքական գործիչներից էր, որը գրեթե քառասուն տարի կշռել է կայսրության ճակատագրի վրա: Նա, իր հռչակավոր նախորդ Գրիգոր Օտյանի պես, մշտապես զգուշավորություն է քարոզել հայ առաջնորդներինՙ գիտակից լինելով, որ թուրք քաղաքական վերնախավը պատրաստ չէր կիսել իշխանությունը կայսրության մյուս տարրերի հետ, եւ որ նրանց աչքին Օսմանյան պետությունը վերաբերում էր միայն թուրքերին: Անհնար էր պաշտպանել քաղաքացիությունը բոլորիՙ քրիստոնյաների թե մահմեդականների համար, աշխատել հասարակության աշխարհիկացման վրաՙ առանց զուգահեռաբար ի կատար ածելու մտածելակերպի խորը հեղափոխություն: Համայնքային եւ ազգային այս երկու ոլորտներում ինտեգրված վերնախավը արձագանքեց դրան, ի դեմս Պալաքյանի մտերիմ Տիրան Քելեկյանի (1862-1915): Այս մեծ լրագրողը, Ստամբուլի համալսարանի պրոֆեսոր, որոշ ժամանակ եղել է Օսմանյան «Սաբահ» թերթի գլխավոր խմբագիրը, «Դեյլի մեյլի» եւ «Ասոշիեյթիդ պրեսի» թղթակիցը, հեղինակել է ֆրանսերեն-թուրքերեն բառարան... Նա ուներ իթթիհադի անդամ շատ ուսանողներ: Փայլուն գործունեություն, ինչը, սակայն, չօգնեց նրան չսայթաքել բացարձակ կուրության մեջ 1915 թվականին: Օսմանյան մարող կայսրության համատեքստում հայ մտավորականի դերի մասին հարցադրումն ունի այն արժանիքը, որ փլուզում է որոշ ընդունված գաղափարներՙ սկսած չափազանց իդեալականացումից: Այնպես, որ վերածնված հայ միտքը կարող է կենսունակ լինել, միայն եթե նրա հեղինակը մնա իրականության մեջ, տա նյութ եւ իր ժողովրդի համար սնուցի մի տեսլական: Իր ժամանակին դա արեց ոմն Շավարշ Միսաքյան, որը 1925 թվականին հիմնադեց հայտնի «Յառաջը»ՙ այդ փարոսը փոթորիկի մեջ: Թերեւս հրատապ է «վերակենդանացնել» Գրիգորիս Պալաքյանինՙ իր գրվածքներից առաջ ճանաչելով նրա տառապանքներն իր կյանքի մայրամուտին: Ֆրանսերենից թարգմանեց ԱՐՈՒՍՅԱԿ Բ. ԳՐԻՆՈՆ |