RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#013, 2019-04-05 > #014, 2019-04-12 > #015, 2019-04-19 > #016, 2019-04-26 > #017, 2019-05-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 19-04-2019



Տեղադրվել է` 2019-04-18 23:19:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1904, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵՐԵՎԱՆԸ ԱՂԲԻ ՃԻՐԱՆՆԵՐՈՒՄ

ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

«Մաքրելու ենք»: Այս նախադասությունը Երեւանի ներկա քաղաքապետ Հայկ Մարությանի նախընտրական քարոզարշավի ժամանակ նախատեսվող «քայլերթի» երկրորդ քայլն էր, որ հաջորդում էր «Հաղթելու ենք, ձեզ հետ միասին» եւ նախորդումՙ «Կառուցելու ենք», «Բարեկարգելու ենք», «Վերականգնելու ենք», «Կանաչապատելու ենք» եւ «Փոխելու ենք» կարգախոսներին:

Այն, որ առաջինն ստացվեց Հայկ Մարությանի մոտ, տեսնում ենք, բայց մնացած խոստումներըՙ չիք, որը կասկածի տակ է դնում առաջին կետի իսկությունը, որովհետեւ, եթե մյուս վեց կետեը չեն իրականանալու, ուրեմն առաջին կետը պետք է խմբագրելՙ «Եկա, տեսա, հաղթեցի»: Եվ սա թող ոչ մեկի համար հակահեղափոխականություն, «տարոնականություն» կամ սեւություն չընկալվի, որովհետեւ վերոհիշյալ, իրար հաջոդող վեց կետերից ոչ մեկին չհասած քաղաքացին չի կարող առաջինի տերը լինել, անհնար է:

Այսքան ժամանակ քաղաքապետարանը ո՛չ կառուցել է, ո՛չ բարեկարգել, ո՛չ վերականգնել, ո՛չ փոխել, իսկ կանաչապատման ժամանակը դեռ չի եկել: Եւ որպեսզի այս ամենը չհամարվի զուտ մեղադրանք, Հայկ Մարությանի վկաներին առաջարկում եմ մոտիկից նայել վերջինիս ղեկավարության ընթացքում փլուզվածՙ Արամի 23 հասցեում մասմաբ եւ նախկին Լուսավորությանՙ հիմնովին քանդված շենքերին ու վերանայել «Կառուցելու ենք» կետըՙ «Ուզենքՙ կկառուցենք»: Դրանից հետո բոլորին կխնդրեի ինձ ցույց տալ վերջին մեկ տարվա ընթացքում հիմնովին բարեկարգված որեւէ այգի կամ շինություն, չի՛ եղել նման բան, ժամանակ մի՛ վատնեք: Մարությանը քաղաքապետ է դարձել անցած տարվա աշնանը, իսկ հիմա դեռ կանաչապատելու ժամանակը չէ, հետեւաբար շրջանցենք այդ մեկը, բայց աչքիս առաջ ունենալով մյուսները, հավատացնում եմ, մեկ ամսից «հետ ենք գալու» եւ արձանագենք ոչինչ չարվածըՙ դարձնելով «Հնձելու ենք»: Իսկ դրանից հետո, շատ կերազեի տեսնել փոխված տրանսպորտը, որը քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի գլխավոր խոստումներից մեկն է եղել, կցանկանայի տեսնել քաղաքում վազվզել պատրաստվող քաղաքապետիՙ հասարակական տրանսպորտի բարելավմանն ուղղված գեթ մեկ քայլ, գործով, շոշափելի, թղթերից ու մամլո ասուլիսներից դուրս: Կրկին ձեռնունայն ենք մնալու:

Իսկ հիմա անդրադառնանք նրան, ինչով սկսեցինքՙ երկրորդ կետովՙ «Մաքրելու ենք», խոստացված ու չարված մի կետ, որն այսօր ուղղակի պատուհաս է Երեւանի բնակիչների համար: Տպավորություն է, որ Տարոն Մարգարյանը ոչ թե քաղաքապետ է եղել, այլՙ աղբի մեքենայի վարորդ, որովհետեւ նրա հրաժարականից հետո, հետանկախության շրջանում մի կարգին չմաքրված քաղաքն ուղղակի թաղվեց աղբի մեջ: Կես տարուց ավել է, որ «թողել ենքՙ քաղաքապետն աշխատի», բայց կարծես նրա հեչ պետքն էլ չի: Բայց քաղաքը լցված է աղբով, փողոցներ կան, մանավանդ ծայրամասային, որտեղով քայլել չի լինումՙ օրերով չդատարկվող աղբամանների պատճառով: Նույն պատկերը նաեւ ձմռանն ենք ունեցել, բայց այն ժամանակ վիճակը միայն հակաէսթետիկական էր, իսկ հիմա եղանակները տաքացել են, եւ էսթետիկայի բացակայությունից ընկել ենք տարատեսակ համաճարակների վտանգի գիրկը: Չնայածՙ ձմռանը ՔՊ-ական մի կին երեսփոխան աղբի առատությունը բացատրում էր ո՛չ ավել, ո՛չ պակաս, ժողովրդի... շատակերության հետ:

Անցյալ դարասկզբի առաջին քառորդից հետո, մինչեւ քսանականների սկիզբը, տարատեսակ համաճարակները հանգիստ չեն տվել երեւանցիներին, որի գլխավոր պատճառներից մեկը եղել է հենց քաղաքի աղտոտվածությունը: Իհարկե, այսօրն անհամեմատելի է այդ ժամանակաշրջանի հետ, բայց բնության հետ կատակ չեն անում, ոչինչ բացառված չէ:

Պետք է նկատի ունենալ նաեւ, որ հիմա անձրեւային սեզոն է, առատ տեղումների դեպքում նման աղտոտվածությունից կարող են վնասվել նաեւ ջրային պաշարները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #15, 19-04-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ