ՄԵԿ ՏԱՐԻ ԱՆՑ... ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ Ազատ, բայց ոչ անկախ լրատվամիջոցներ Դեմոկրատիան, ժողովրդավարությունը կամ ռամկավարությունը- ինչ անուն ուզում եք տվեք- վերջնահաշվարկում հիմնված է հասարակական փոխզիջման, կոմպրոմիսի սկզբունքի վրա: Փոխզիջումՙ հասարակական տարբեր խավերի, դասակարգերի, ազգությունների, կրոնական տարբեր խմբերի, կուսակցությունների ու քաղաքական շարժումների միջեւ, փոխզիջումՙ իշխանության տարբեր թեւերի եւ օղակների միջեւ: Եվ այդ սկզբունքի յուրաքանչյուր անտեսում բերում է դեմոկրատական կառույցի խախտման, ընդհուպՙ հասարակական ու ներպետական կառույցի փլուզման, որը իր հերթին պատճառ է դառնում ընդզումների, նույնիսկՙ հեղաշրջման: Հայաստան պետության վերջին 28 տարիները լիքն են փոխզիջման սկզբունքի խախտումներով, դրանց հետեւանքով առաջացած ընդվզումներով, որոնցից վերջինը տեղի ունեցավ ճիշտ մեկ տարի առաջ, սակայն ի տարբերություն նախորդներիՙ ոչ թե ներիշխանական, այլ գրեթե համաժողովրդական մակարդակով: Եվ մեկ տարի անց, հակառակ իսկական դեմոկրատական երկիր կառուցելու խոստումներին եւ բազմագույն կարգախոսներին, մենք բոլորս ականատես ենք լինում մի իրավիճակի, որտեղ դարձյալ ու կրկին վկաներն ենք դառնում վերեւում իմ մատնանշածՙ փոխզիջման սկզբունքի խախտման, որտեղ նշմարվում են ապագա ընդվզումների սաղմերը... Նպատակս հասարակագիտական վերլուծություն անելը չէ, ամենեւին, այլՙ շատ հակիրճ անդրադարձ կատարելը հասարակական կարծիքի ձեւավորման գլխավոր գործիքիՙ զանգվածային լրատվամիջոցների ներկա վիճակին, որը, միաժամանակ, հայելի-ցուցիչն է մտահոգիչ մթնոլորտի: Միջազգային լրագրողական կազմակերպությունների համատեղ որոշման արդյունքում ընդունված 10 սկզբունքներից 6-րդ կետը, ես կասեիՙ պատվիրանը, սահմանում էՙ լրագրությունը պետք է հարթակ հանդիսանա հասարակական քննադատության եւ փոխզիջման : Այս սկզբունքից դատելով մեր ժամանակակից մամուլը իր բոլոր տեսակներովՙ տպագիր, ռադիո-հեռուստատեսային եւ համացանցային, ոչ միայն տխուր, այլեւ վտանգավոր իրավիճակ է պարզում մեր դիմաց: Սարսափելի անհանդուրժող, միագիծ, կողմնակալ, կես ճշմարտություններ արտահայտող, վարկաբեկող, ձախողումների ու բացթողումների վրա հրճվանք ապրող, պետության նկատմամբ անթասիբ, թշնամականությամբ միմյանց գերազանցող անսկզբունք եւ անպատասխանատու քարոզչական մեքենայի է վերածվել մեր մամուլը, ուր հասարակական շահը, պետականության շահերը, տարբեր խմբերի շահերի հաշտեցումը անտեսվում են իսպառ: Ի՜նչ հասարակական քննադատության եւ փոխզիջման մթնոլորտի մասին կարող է խոսք լինել, երբ ասույթների իր պաշարով ժողովրդի մեջ համակրանք վայելող պետական մի գործչիՙ Գալուստ Սահակյանին համարձակվում է հիմար հարց տալ իրեն լրագրող համարող մի աղջնակ, թե ինչո՞ւ եւ ի՞նչ իրավունքով է Ապրիլ 24-ին Ծիծեռնակաբերդ բարձրացել... Կամՙ այդ ի՜նչ լրագրողներ ու լրատվամիջոցներ են, որ Դավիթ Սանասարյանի հայտնի գործով վարչապետ Փաշինյանին են փորձում ձեռք առնել, որը իբր ասել է, թե Հայաստանում «կոռուպցիա չկա», մեջբերված խոսքից դուրս հանելով «համակարգային» բառը (« համակարգային կոռուպցիա չկա»): Կես կամ խեղաթյուրված «ճշմարտությունների» այս հորձանուտը հատկապես մոլեգնում է համացանցում, որը լինելով նորագույն տեխնոլոգիաների արդյունքՙ որքան տարածուն, արագ եւ ազդեցիկ, այդքան մեծ ուժ է ստացել խեղաթյուրելու, սխալ առաջնորդություն տալու, երկրորդական դարձնելու լրագրությունից ու լրագրողից ակնկալվող գլխավոր առաքելությունըՙ ծառայել Ճշմարտությանը, ստուգել եւ վերստուգել ձեռք բերած կամ ստացած տվյալները, իսկ սոցցանցը վերածվել է թվայնացված բռնատիրության, բարոյական քիլլերների որջի: Մեր թերթի նախորդ համարում, արտատպելով Shabat.am կայքից, ներկայացրել էինք կայքի հաշվարկված 61 լրատվամիջոցների երկշարք ցանկըՙ բաժանված ըստ դրանց պատկանելության, ենթակայության կամ դրամաշնորհումի: Դրանց մեծամասնությունը հարում է նախկին երկու նախագահներին կամ վերջինի փեսային: Իսկ մյուս մասըՙ Նիկոլ Փաշինյանին ու նրան հարող ուժերին, ներառյալ հանրության միջոցներով սնվող «հանրային» կոչվածները, որոնք սրբորեն շարունակում են, այդպիսով, հի՜ն ավանդույթները: Կարելի է երկարել այդ ցուցակը եւ ընդգրկել նաեւ զգուշավորներին, օրավարձով գոյատեւողներին, հազվագյուտ մի քանի անկախ լրատվամիջոցներին, ինչպես նաեւ չկողմնորոշվածներին: Անհեթեթ է հնչում չէ՞- չկողմնորոշված լրատվամիջոցներ, որոնց կոչումը պետք է լիներ դեպի Ճշմարտություն կողմնորոշվելը, այլակարծության ու փոխզիջման հարթակ լինելը: Ո՞րն է, ավելի շուտՙ որո՞նք են այս վիճակի պատճառները: Գլխավորըՙ ազատ, բայց ոչ անկախ լինելը: Ողորմությունից ու ողորմածությունից կառչած լինելը: Բայց այս մասինՙ մեկ ուրիշ անգամ: |