ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐ, ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԼՌՈՒԹՅՈՒՆ... ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա էրդողանի ուրացման բարձրախոսը դեռ չեն անջատել «Ազգ»ի նախորդ համարում անդրադարձել էի ապրիլի 24- ին Քյոլնի Մայր տաճարի, Վիլհելմ Երկրորդ կայսեր հարեւանությամբ անիվների վրա տեղակայված Հայոց ցեղասպանության զոհերիՙ Քյոլնի իշխանությունների կողմից չարտոնված հուշարձանի շուրջ հիշատակի արարողությանը, որ ընդհատվել էր ամպրոպի, ուժեղ քամու, հորդ անձրեւի պատճառով: Սա գրել էիՙ առանց մտաբերելու, որ փոթորիկն այդ ահագնացավ մոտավորապես ժամը 19. 15- ին: Եթե նույնիսկ պատահականություն է մեզ համար տխուր այս թվի համընկնումը, ապա դրանից հետո այս մեծ երկրի տարբեր անկյուններում հիշատակի արարողությունների, Հայոց ցեղասպանության զոհերի ու նրանց ժառանգներիՙ վերապրողներիս հանդեպ հրապարակավ ոտնձգություններն իրար այնքան հաջորդելի եղան, ԳԴՀ իշխանություններիՙ առայժմ անխախտ լռությունն ու անտարբերությունն այնքան վիրավորական, որ թվացՙ Բունդեսթագի Հայոց ցեղասպանության բանաձեւն ուրիշ երկրում է ընդունվել, կամ էլՙ 19. 15- ը ժամ չէ, այլ նորից կրկնվող ժամանակ...բայց վերլուծական հոդված գրելու գայթակղությունս, որ այս օրերին անընդհատ սնվում է մեր սխալների, հրեաների փորձառության, գերմանացիների ու թուրքերիՙ արդի ռազմավարության ծալքերը բացելով, հաջորդ համարին ներկայացնելն առավել ճիշտ է, քանի որ այս սուղ տարածքում առայժմ փաստերը շարադրելու ժամանակն է: Ապրիլի 24-ին, երբ Քյոլնի չարտոնվածՙ անիվներին հենված հուշարձանը հայ երիտասարդները հրապարակից տեղափոխել են այլ տարածք, նկատել են, թե թուրք երիտասարդների մի խումբ տեսանկարահանում էՙ ակնհայտ սեւեռակետ ունենալով իրենց դեմքերը: Անմիջապես ոստիկանություն են կանչել, պատահածը դիտարկել տվել որպես անձնական տվյալների գաղտնիությունը խաթարող, իրենց հետ չհամաձայնեցված գործողություն, հասել նրան, որ տեսագրությունը ջնջվել է: Նույն օրը երեկոյան Շտուտգարդի եկեղեցիներից մեկում չի կայանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երեկոն: Ինչպես ծանուցել էինք մեր թերթի նախորդ համարում, անհայտ անձիՙ ռումբի մասին ահազանգն էր պատճառը: Ենթադրելի էրՙ կեղծ ահազանգն ուղղված էր առաջին հերթին օրվա երկու գերմանացի քաղաքական գործիչներին, որ ամբիոնից ելույթ չունենան: Արագ ընտրված խափանման այս միջոցն անարձագանք մնալու պարագայում, կարող է շատ հանգիստ նախադեպ դառնալ, կրկնվել ապագայում: Այդպես էլ եղավ: Մայնի Ֆրանկֆուրտի սուրբ Պողոսի տաճարում Գերմանահայոց կենտրոնական խորհրդի եւ առաջնորդարանի հրավիրած գլխավոր հուշահանդեսին ապրիլի 27-ին ներկա չեղավ Փարիզից Ֆրանսահայ միությունները համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը: Ինչպես ծանուցվեց, վերջին պահին ֆրանսիական ոստիկանության գաղտնի ծառայությունը զգուշացրել է Փափազյանին, թե չի կարող հստակ անվտանգության երաշխիք տալ նրան Ֆրանսիա- Գերմանիա սահմանը հատելիս: Փափազյանին հրավիրելու առիթը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ճանաչման, ժխտողականության քրեականացման, ապրիլի 24- ը պետական մակարդակով հիշատակի օր սահմանելու Մակրոնի խոստման կատարման մասին ֆրանսահայ գործչի զեկուցումն էր: Գերմանական մեդիան աշխույժ տարածել էր ապրիլի 24- ի առիթով Էրդողանիՙ Մակրոնին ուղղված երկու զգուշացումները, եւ քանի որ դրանց գերմանական իշխանությունները չէին արձագանքել, մամուլում հակադարձություն, հակազդեցություն չկար, ըմբռնել էր, թե ճիշտ ժամանակն էՙ հին դաշնակցի երկրում իր նման երդվյալ ուրացողներին հրաման տալը: Նախ հայտնի դարձավ, որ անհայտ անձինք տապալել են անցյալ տարի դեկտեմբերին Էրլանգենում տեղադրված խաչքարը: Այնուհետ ապրիլի 27- ին youtube- ում տարածվեց թուրքերեն խոսող մի երիտասարդիՙ Բրաունշվայգի Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված խաչքարը պղծելուՙ ոտքով հարվածելու, թքելու, դրա առջեւ խոնարհված ծաղիկները ոտնատակ անելու, այլոց նույն գործողությունները կատարելու հորդորը: Հաջորդ օրը հայ համայնքի պահանջով տեսանյութն արգելափակվեց: Գերմանահայոց առաջնորդ Սերովբե վարդապետ Իսախանյանը ապրիլի 29- ին նամակով դիմեց ԳԴՀ քրեական հետախուզության ղեկավար Հոլգեր Մյունհին: Ապրիլի 30- ին Գերմանահայոց կենտրոնական խորհուրդը մտահոգություններն ու բողոքը շարադրեց մամլո հաղորդագրությամբ, որը տարածեցին նաեւ «Դոյչլանդֆունկը», «Դի թագեսփոստը»: ԳԴՀ իշխանություններն առայժմ չեն արձագանքել: Հուսանք «Ազգ»ի հաջորդ համարում նրանց ձայնը լսելի կդարձնենք: |