ԻՆՉՊԵՍ ՉԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ Հետհեղափոխական Հայաստանում ամեն փոփոխություն ներկայացվում է որպես հեղափոխություն: Հենց այս տրամաբանությամբ էլ հայտարարվեց, որ Հայաստանում թավշյա հեղափոխությանը հաջորդելու է տնտեսական հեղափոխությունը: Տնտեսական կոչվող հեղափոխության նպատակը, ըստ դրա գաղափարախոսների, ՀՀ բնակչության կենսամակարդակի բարելավումն է: Հասկանալի է, որ հեղափոխական էնտուզիազմը շատ արագ կսպառվի, եթե դրա դրական արդյունքները չզգան Հայաստանի քաղաքացիները: Սակայն դա զգալու համար հարկավոր են իրական բարեփոխումները, որոնք կհանգեցնեն մարդկանց կյանքի որակի փոփոխության: Իսկ քանի որ հետհեղափոխական շրջանում մարդիկ անհամբեր են բարելավումներ տեսնելու հարցում, ապա ժամանակային այս սղությունը արագ գործողություններ ու արդյունքներ է պահանջում: Ինչեւե, արդեն առիթ ունեցել եմ գրելու, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները հիշեցնում են անցած դարի 90-ականների սկիզբը, երբ կար հսկայական ոգեւորություն եւ հավատ, որ նորանկախ հանրապետությունը հնարավոր կլինի պահել ջերմուկով ու մոլիբդենով: Սակայն ժամանակը, եւ որպես հետեւանք վրա հասած դաժան իրականությունը մաղեցին ոգեւորության վերջին հատիկներն ու հանգեցրին այն ճշմարտության, որ պետություն պահել հնարավոր է ոչ թե հումքի արտահանմամբ, այլ արտադրությամբՙ պատրաստի արտադրանքի ու գյուղմթերքի արտադրմամբ եւ ամենօրյա տաժանակիր ու համառ աշխատանքի արդյունքում: Ինչպես հայտնի է, նոր Հայաստանում կայացած «բարեփոխումների» արդյունքում կառավարության կազմը կրճատվել է եւ փաստացի դադարել են գործել Էներգետիկայի ու բնական ռեսուրսների, գյուղատնտեսության եւ մի շարք այլ նախարարությունները: Հատկապես հենց նշված նախարարությունների փակումը մասնագիտական շրջանակների մոտ մեծ զարմանք ու հարցեր է առաջացքնում, թե արդյոք այս որոշմամբ Հայաստանում հնարավոր կլինի՞ իրականացնել տնտեսական հեղափոխություն: Հիշեցնենք, որ ՀՀ-ի ՀՆԱ-ում (համախառն ներքին արդյունք) գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը եւ էներգետիկան միասին կազմում են մոտ 45%: Այսինքն, պետության տնտեսական զարգացման համար կարեւորագույն նշանակություն ունեցող երեք ոլորտները, որոնց զարգացման քաղաքականությամբ էլ պետք է զբաղվեին այդ նախարարությունները, որպես պետական առանձին միավորներ դուրս են մնում պետական կառավարման համակարգից: «Հեղափոխական» կոչվող այս որոշմանը նախորդել էր այս բնագավառում հիմնական ներդրումներ ապահովող տնտեսվարող սուբյեկտների դուրս մղումը կամ փակումը: «Սպայկա» ընկերության դեմ սկսված քրեական հետապնդումը, գյուղատնտեսության համար կարեւոր հենց ներկա ժամանակաշրջանում, այս ոլորտի զարգացման դեմ դիվերսիա է հիշեցնում: Միայն այս ընկերությանը համագործակցում էր 10 հազարից ավել գյուղատնտեսական ֆերմերային տնտեսությւոների հետ, ունի զարգացած լոգիստիկ համակարգ եւ գյուղմթերքների սպառման հսկայական շուկա Ռուսաստանում: Եթե մթերումները պատշաճ ձեւով չկատարվեն, ապա անկում ապրող գյուղատնտեսությունը (հիշեցնենք, որ 2018թ այս ոլորտը գրանցել էր 8 տոկոս անկում) 2019թ. է՛լ ավելի վատ արդյունքներ կգրանցի: Ինչպես նշում են մասնագետները, տարին արդեն սկսել ենք վատ արդյունքներով, ցանքատարածքները 2018թ. համեմատ կրճատվել են 11 հազար հեկտարով: Հայաստանը, որը միայն 2014թ.-ին 54 հազար տոնա կարտոֆիլ էր արտահանել, սկսել է այն ներմուծել Բելառուսիայից: Հայաստանին ՀՆԱ-ի 20%-ը ապահովող հանքարդյունաբերությունը գտնվում է տնտեսական լճացման մեջ, պայմանավորված թե՛ միջազգային շուկաներում այդ հումքի գների անկմամբ եւ թե՛ այդ ոլորտում ներդրումների բացակայությամբ: Ըստ այս ոլորտի մասնագետների, ներդրումների բացակայության պատճառներից մեկը «Լիդիան» ընկերության շուրջ ստեղծված իրավիճակն է, որը ոչ մի լուծում չի ստանում: Մոտ 1 մլրդ դոլար ներդրում ապահովող ընկերության գործունեությունը փաստորեն կասեցվել է եւ իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում այս իրավիճակի լուծման համար: Եթե վերջինս իրականացնի իր սպառնալիքը եւ դիմի միջազգային արբիտրաժային դատարան, ապա ՀՀ-ն կարող է հայտնվել բավական տհաճ իրավիճակում, հսկայական տուգանքներ մուծելով այդ ընկերությանը: Բարվոք չէ իրավիճակը նաեւ էներգետիկայի բնագավառում, բացի նրանից, որ վերացվել է այդ նախարարությունը, իսկ դրա մնացորդները չգիտես ինչու մտցվել են տարածքային կառավարման նախարարության մեջ, չկան ներդրումներ նաեւ այս բնագավառում: Մինչեւ թավշյա կոչվող հեղափոխությունը կար որոշակի պայմանավորվածություն Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր գրուպ» ընկերության հետ, որը պետք է 10 տարում մեկ միլիարդ դոլարի ներդրում կատարեր այս բնագավառում: Սակայն ՀՀ-ից այս ընկերության դուրս մղումից հետո, ավտոմատ կերպով դադարեցին գործել նաեւ ներդրման մասին պայմանավորվածությունները: Հայաստան-Իրան էներգետիկ համագործակցությունը, ցավոք սրտի, զարգանում է դանդաղ տեմպերով, մինչ օրս կառուցվել է դեպի Իրան ձգվող 3-րդ բարձրավոլտ գծի միայն 15%, թեեւ, ըստ պայմանագրի, այն պետք է շահագործման հանձնվեր 2019թ-ին: Էներգետիկայի բնագավառում լրջագույն ռիսկեր կան պայմանավորված ԵԱՏՄ ընդհանուր էլեկտրաէներգիայի շուկայի ստեղծման խնդրով: Բանն այն է, որ այդպիսի շուկայի ստեղծումը հնարավորություն կտա այսուհետ էլեկտրաէներգիա ձեռք բերել նաեւ ԵԱՏՄ անդամ մյուս երկրներից եւս, եւ եթե այնտեղ այն էժան լինի, ապա տեսականորեն ՀԷՑ-ը (Հայաստանի էլեկտրացանցեր ընկերությունը) էլեկտրաէներգիա կարող է ձեռք բերել դրսից, հրաժարվելով նմանատիպ գնումներ կատարել Հայաստանում գործող ՋԷԿ-երից եւ ՀԷԿ-երից: Հետեւաբար բնական հարց է առաջանում. արդյոք ՀՀ-ում արդեն գոյություն չունեցող էներգետիկայի նախարարությւոնը կամ նրան փոխարինող տարածքային նախարարության մասնագետները հաշվի են առնում այս ռիսկերը եւ խնդիրները: Արդյոք քայլեր են ձեռնարկում նմանատիպ սցենարների զարգացումը կանխարգելելու համար, եւայլն: Հիշեցնենք, որ ՀՀ էներգետիկ ոլորտը տարին սկսել է 14 տոկոս անկումով, ինչը փաստում է, որ խոսակցությունները տնտեսական աճի մասին անիմաստ են: Աճող տնտեսությունում էլեկտրաէներգիայի սպառման ցուցիչները միայն ավելանում են, այլ ոչ թե նվազում: Հայաստանում տնտեսական «հեղափոխության» իրականացման համար հարկավոր են ոչ թե մեծ երազողներ, այլ բիզնես մտածելակերպով օժտված եւ տնտեսագիտական խորը գիտելիքներ ունեցող անձինք: Կառավարությունը պետք է համալրվի հենց նմանատիպ արհեստավարժ մասնագետներով, որոնք եւ կարող են իրականացնել տնտեսական ու տնտեսագիտական զարգացման հրաշքներ: Սակայն այդ «հրաշքները» կատարվում են ոչ թե ցանկություններով, այլ սթափ հաշվարկերով, որոնք այսօրվա կառավարությանը եւ նրա ղեկավարությանը հասու չեն: Առայժմ: |