ՍԿԱՆԴԱԼ, ՍԿԱՆԴԱԼ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ ՍՏԵՓԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ Երբ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն օրերս խորհրդարանում պատասխանում էր լրագրողների հարցերին, ու լրագրողները նրան բաց չէին թողնում` Անանյանը մի պահ նեղսրտեց, թե` ինչ եք ուզում: Սկանդալ, հուշեց օպերատորերից մեկը: Այո, Հայաստանում այժմ գլխավոր գործող անձն ու քաղաքական-տնտեսական-բարոյական-իրավական-լրատվական գործիքը դարձել է սկանդալը (կներեք օտար բառի համար, բայց դա է լայնորեն համապատասխանում տեղի ունեցողին): Սկանդալ է` Ծառուկյանը մոռանում ու առաջին դեմքով է խոսում խորհրդարանում, սկանդալով միայն քաղցը հագեցնող լրագրողների հարցերին ի պատասխան, գործարարարի կաշվի միջից մոռանալով դուրս գալ: Ու նրա դեմ գործ է ուղարկվում ՀՔԾ: ՊՎԾ տնօրեն Սանասարյանը դուր չի գալիս ոմանց` ռուսներին, հակասորոսականներին, ԱԱԾ պետին, ու ահա գործ է հարուցված նրա դեմ: Սկանդա՞լ չէ, բա ինչ է, 100 տոկոսանոց սկանդալ, ԶԼՄ-ներում ու քաղաքական դիսկուրսներում ոնց է եռում թեման: Սկանդալ, սենսացիոն նյութ կա՞, հարցում են միմյանց լրագրողները, անգամ վարչապետն է թրենդի մեջ` այնպիսի պատկերավոր բառապաշարով է խոսում, որ կարծես ուզում է նյութ տալ մշտապես սկանդալի սոված ԶԼՄ-ներին: Համենայնդեպս` ամեն կառավարության նիստում մի քանի նրա դիտարկումներ միշտ սկանդալ սնելու առիթ տալիս են ստեղծագործ երեւակայությամբ մեր ԶԼՄ-ներին: Բոլորը քաղաքալրատվական միահյուսված դաշտում սրտատրոփ սպասում են ԱԺ նախագահ Աարարատ Միրզոյանի հայտարարությանը` Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով` ախ, ինչ սկանդալ է: Կարեւոր չէ` «իրավական, թե քաղաքական տիրույթում գտնվող», բոլոր տիրույթների դեպքում սկանդալ է, առաջին կարգի սկանդալ: Ասել են, չէ, Հայաստանում օլիգարխիա չկա, մեր մոտ սեփականատերեր են, բայց դուրս է գալիսՙ Ծառուկյանն օլիգարխ է, ո՜ւխ: Մեդվեդեւը հեգնեց Փաշինյանին, ամա՜ն, ահավոր սկանդալ էր, տեսա՞ր... Սկանդալով կերակրվող մեր քաղաքական եւ լրատվական դաշտերը լիուլի ստանում են սկանդալով կառավարվող պետություն, որտեղ ամեն ինչ շարունակվում է նախ կատարվել ԶԼՄ-ների հրապարակումների մեջ, հետո` կյանքում: Ինչպես եւ առաջ: Վաղը Ծառուկյանի շուրջ սկանդալը միգուցե հարթվի, քանի որ Փաշինյանի ու «Իմ քայլի» շահերից այս պահին չպիտի որ բխի անկանխատեսելի ելքով քաղաքական լարվածությունը, եթե, իհարկե, այս բոլորը մարդկանց զբաղեցնելուն չեն ուղղված, Սանասարյանով հանդերձ: Կամ միգուցե Ծառուկյանի խմբակցությունն, իրոք, վայր կդնի լիազորություններն ու սահմանադրական ճգնաժամ կառաջացնի խորհրդարանում` արտահերթ ընտրությունները որպես հետեւանք ունեալով հեռանկարում, ու դրանում իրենց պատկառելի ավանդը կունենան էլի լրագրողները` ուղղորդված կամ ինքնաբուխ, որոնք Ծառուկյանին տեսնելով` միանգամից այնպես են հարձակվում, որ Ծառուկյանն իրեն կորցնելով դուրս է գալիս օրենսդիրի բաճկոնից ու հայտնվում իրեն ավելի հատկանշական գործարարի մաշկի մեջ: Նայած սկանդալն ինչին է ուղղված` սահմանադրական ճգնաժամ առաջացնելուն, թե՞ իր խնդիրների լուծմանը սպասող ժողովրդին շեղելուն: Այն, որ բոլորով ասում են` հիմա կառավարության ձախողումը Հայաստանի ձախողումն է, ու սա ասում են նախկիններից մինչեւ ներկա ընդդիմություն`անկեղծ չեն ախր, այլապես դանակները ձեռքներին բոլորով չեին սպասի, որ եզն ընկնի: Հինգ-վեց քաղաքական բեւեռի հովանու տակ գտնվող լրագրողների սկանդալների մղումը ոչ թե իրենց մղումն է, այլ տերերի, լրագրողներին մեղադրելը մեղադրողի անտեղյակության ցուցիչ կլիներ: Հին ու նոր տերերին հավասարապես կարելի էր կոչ ուղղել, եթե, իհարկե, նրանք որեւէ կոչ հասկանային, թե`ձեր պատգամավորներին հանձարարեք ոչ թե ինֆարկտի հասցնել Ծառուկյանին, այլ ուղղակի բովանդակային աշխատանքով զբաղվել, Ծառուկյանին ասեք` թող խմբակցության ղեկավարությունը հանձնի կամ «հարգարժան պրոֆեսորին» կամ լրագրողների համակրանքը վայելող Նառային, ու գնա հանգիստ իր բիզնեսով զբաղվի: Չնայած դրանից ինչ պիտի փոխվի` թղթերով ամեն ինչ կարգին կլինի, բովանդակությամբ` ոչ: Բայց գոնե ինտրիգն ու սկանդալը կպակասեն: Թե չէ` ԱԺ միջանցքներից հիմա գալիս է այն հոտը, որը գալիս էր 1990-անների սկզբին, երբ հեծանիվը ՀՀՇ-ն նոր էր հայտնագործում, ու ամեն հայտնագործված հեծանիվ հետո մի նոր խմբավորման առանցքն էր դառնում իշխող կուսակցության ներսումՙ բազմակարծության պատրանք ստեղծելով: Եւ, որքան էլ զարմանալի` ներխմբային հակադրությունների` միմյանց դեմ գործ ու ցուցմունք տալու, մամուլային խարդավանքների առումով` նոր խորհրդարանականները ամենեւին էլ տարբեր չեն ոչ նախկիններից, ոչ էլ ավելի նախկիններից: Այդ հոտը կա եւ կառավարության իրարամերժ, այդ թվում` ՀՀՇ-ի նավթալինի գզրոցներից հանած կենտ նշանակումների մեջ, եւ «Իմ քայլի»` արդեն միմյանց դեմ խմբերով սրճախմության թեմաներում, ինտրիգ ու ինքնահավանություն պարունակող ժպիտներում, որոնցում կարծես նոր զարգացումներ են նշմարվում: Բայց սկանդալը շատ է, ու արդեն խեղդում է, հեռացնում մարդկանց միտքը բովանդակային խնդիրներից, հաշվետվողականությունից ու պարտավորությունից: Իրար դեմ դավեր նյութելը գրված է բոլորի ճակատներին: Մի՛ արեք, պարզապես մի արեք: Քաղաքականներից սկսած` մինչեւ լրագրողներ, երկիրն է մեղք: Ժամանակին Սերժ Սարգսյանի` Վրաստան այցի ընթացքում համարյա միջպետական սկանդալ կար`որ այդպես էլ չիմացվեց, քանի որ մեր պետությանը չվնասելու պարտավորությունը լրագրողները բարձր դասեցին սեփական լրատվամիջոցի` սկանդալ լուսաբանելու շահից: Մոտ երկու տասնյակ լրագրողներ, որոնց մեջ, ի դեպ, անկախ լրատվամիջոցների ներկայացուցիչներ կային, հասկանում էին, որ անհավասարակշիռ Սաակաշվիլու արածի մեջ մեր պետությանը, ու ոչ թե անձերին կպչող բան կա նախ, ու այդ պատճառով հանուն պետական շահի դա այդպես էլ գաղտնիք մնաց.Սաակաշվիլին մամուլի համար խոսքի մեջ, հենց Սերժ Սարգսյանի կողքին կանգնած ստեց, թե Հայաստանը աջակցում է Վրաստանին Օսիայի հարցում: Սա սկանդալ է, այն դեպքում, երբ Հայաստանն այդ հարցում դիրքորոշում հայտնելուց միշտ խուսափում էր` Ռուսաստանի հետ հարաբերությունները չփչացնելու համար: Սերժ Սարգսյանը չուղղեց դա` հենց միայն այն բանի համար, որ այդ խոսքը մեծ ուշադրության չարժանանա, հայ լրագրողները եւս համերաշխորեն որոշեցին դա չլուսաբանել-չտիրաժավորել` հանուն երկրի շահի: Հիմա եթե այժմյան լրագրողական, իսկ ավելի ստույգ` նրանց թաքնված տերերի ձեռագիրը թրենդում լիներ այն ժամանակ` այս սկանդալը դառնալու էր հայ-ռուսական միջպետական սկանդալ... հանուն որեւէ լրատվամիջոցի շահի: Դե ասենք մի միջադեպ է` եղել է ԵԱՏՄ երեւանյան նիստում, մանավանդ` այդ միջադեպը բոլորովին չի խոսում Մեդվեդեւի դաստիարակության մասին, պե՞տք էր արդյոք «Շտապ», «Սկանդալ» եւ այլ ցնցիչ խորագրերով դա տարածել, թե բա` Մեդվեդեւը հեգնել է Փաշինյանին: Հատուկ դա ի ցույց դնել ու վնասել երկրի իմիջին, ինչ է, թե տերերն են դա ապսպրում` թքած երկրի վրա էլ, նրա վարկի վրա էլ, կարեւորը`ոնց կարող եք- նվաստացրեք Նիկոլին: Այդ սկանդալն ավելի լայն լուսաբանման արժանանացավ, քան ԵԱՏՄ նիստի բովանդակային քննարկումները: Մեր լրագրողներին իրենց տերերն արդեն վաղուց ցավոք վերածել են առաջապահ զորքի, որ թաքնված հրամանատարի հրահանգներն է վազ տալով կատարում, ու չի հնչում երբեք հրահանգը` «Թողնեեե՛լ»: Անտեսանելի հրահանգ տվողներին պետք էր տալ հակահրահանգ` «Թողնեեե՛լ». ասել է, թե` թողնել սկանդալի, բամբասանքի եւ ինտրիգի փնտրտուքը ու խորանալ երկրի խնդիրների բովանդակության մեջ` երկրի համար բարենպաստ լուծումները վեր հանելով: Թե չէ ` մեկը ԱԱԾ պետ Վանեցյանի արտահոսքերն է ապահովում, մեկը ՊԵԿ նախագահ Անանյանի, մի քանիսը` խորհրդարանական մեծամասնության առնվազն երեք թեւերի`ծաղկեցնելով բամբասանքն ու սկանդալը եւ այլն:Հեռուստատեսություններիՙ ոչ սեռահասուն ձայնով լրագրողուհիները տագնապի ու վտանգի շեշտերով մեջբերում եւ մեկնաբանում են այդ սկանդալներն ու բամբասանքներըՙ նայած պատվերի: Բոլորի այս պահի որսը Սանասարյանն ու Ծառուկյանն են: Բայց քանի որ մեծ մասամբ ջահել լրագրողներ ու քաղգործիչներ են` չեն հիշում ՀՀՇ-ի ներսում ժամանակին առաջացած ներիշխանական գզվռտոցը, չեն էլ կարող պատկերացնել, որ միգուցե Սանասարյանից ընդդիմադիր նոր լիդեր է ձուլվում, իրական ընդդիմություն առաջացնելու համար, իսկ Ծառուկյանը դեռ դիմանալու է: Բայց մեկ է` սկանդալի փնտրտուքը ոչինչ չի կարող կանգնեցնել,ամենօրյա լրահոսում հայտնվել. թե բա` Արտաշատում ֆուտբոլի մարզային առաջնությունը, իմացա՞ք, հետաքրքրական է մի բանով` հետապնդող Վանեցյանն ու հետապնդվող Ծառուկյանը երկուսով էլ ներկա են լինելու: Մի խոսքով` սկանդալ- սկանդալ, մինչեւ վերջ, կամ մի լրագրողի աչքալուսանքը մյուսին` «Սկանդալ ա, ախչի»: |