RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#015, 2019-04-19 > #016, 2019-04-26 > #017, 2019-05-03 > #018, 2019-05-09 > #019, 2019-05-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 03-05-2019



ՀԵՏԱԳԻԾ

Տեղադրվել է` 2019-05-02 23:35:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 2553, Տպվել է` 239, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԱՄՆԵԶԻԱ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ադրբեջանից երեք նորություն ունեմ: Երկուսըՙ թարմ, մեկըՙ ոչ այնքան: Թարմերից սկսեմ: Ադրբեջանի վիճակագրական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի պետ Ռաֆիկ Սուլեյմանովը հայտարարել է, որ հանրապետությունում ավանակների թիվը նվազել է: Այս պահին Ադրբեջանում 28 հազար 40 ավանակ կա, սա այն դեպքում, երբ անցյալ տարի այդ երկրում հաշվել են 30 հազար 854 ավանակ: Ռաֆիկ Սուլեյմանովը նկատել է, որ վերջին 5 տարում ավանակների թիվն իրենց երկրում կրճատվել է 11 հազար 952-ով: Ընդ որումՙ 2015-ից ի վեր արտասահմանից ոչ մի ավանակ Ադրբեջան չի մտել: 4 տարի է իրենց էշերը ծնում են իրենց քուռակներին... Թե ի՞նչ կարեւոր ռազմավարական նշանակություն ունի ավանակը, օրինակ լեռնային ճանապարհաշինության գործում, վստահ եմՙ մեր պապերն ադրբեջանցիներից ավելի լավ գիտեին, հետեւաբար կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանը դժվարություններ է ունենալու լեռներ, կրկնում եմՙ լեռներ բարձրանալիս:

Երկրորդ նորությունը: Արդեն 3 օր է Ադրբեջանում անցկացվում են թուրք-ադրբեջանական զորավարժություններ, որոնց նպատակն է համակարգել Ադրբեջանի եւ Թուրքիայի ռազմական ստորաբաժանումների գործողությունները, բարձրացնել զինվորականների մարտական պատրաստվածության մակարդակը եւ, ինչու ոչՙ դուխը: Ուշագրավ է, որ զորավարժություններն ունենՙ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք-2019» խորագիրը եւ դրանց մասնակցում են երկու երկրի բանակների հրետանին, զրահատեխնիկան, ականանետերը, ռազմական ուղղաթիռները, հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային ստորաբաժանումները: Շատ կարեւոր է, որ մասնակից զինվորների քանակը չի նշվում, ինչից կարելի է ենթադրել, որ զորավարժություններին մանակցում է ադրբեջանական զինված ուժերի առնվազն զգալի մասը, որի թիվը, հասկանալի է, հրապարակման ենթակա չէ...Թե ի՞նչ են նշանակում թուրք-ադրբեջանական զորավարժություններըՙ երկու երկրի ռազմական ստորաբաժանումների գործողությունները համակարգելու նպատակով, կարծում եմ Հայաստանում որեւէ մեկին բացատրել պետք չէ:

Եւ երրորդՙ ոչ այնքան թարմ նորությունը: Ապրիլի 6-ին, երբ Հայաստանում դեռ մտածում էին, թե ինչպե՞ս առաջին անգամ տոնել Քաղաքացու օրը, ադրբեջանցիներ Օջաղովա Նիգյար Չերգեզ գըզըն ու Հասանով Ռաուֆ Յունիս օղլուն աղջիկ ունեցան, որին, ի պատիվ Ադրբեջանի առաջին տիկնոջ, անվանեցին Մեհրիբան: Երեխային տեսնելու էին եկել Իլհամ Ալիեւն ու առաջին տիկինը. Մեհրիբան Հասանովան, պարզվում է, Ադրբեջանի տասը միլիոներորդ քաղաքացին է: Ալիեւը ծնողներին բնակարանի բանալի է հանձնել, իսկ նորածնի անունով բանկային հաշվեհամար է բացվել: Աղջկա ծննդյան առիթով Ալիեւը շնորհավորել է բոլոր ադրբեջանցիներինՙ շեշտելով, որ բնակչության աճը երկրի սոցիալ-տնտեսական լավագույն ցուցիչն է...

Թե այս երեքից ո՞ր լուրին պետք է ուշադրություն դարձնել, ճաշակի հարց է, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ Ադրբեջանը մեր թշնամին է, ավելի ճիշտՙ մեր թշնամին Ադրբեջանն է: Եւ այդ երկիրը լավ ճանաչելը, ինձ գոնե ավելի կարեւոր ու իրատեսական է թվում օրինակ կոռուպցիոն համակարգի մնացորդների դեմ դոնկիխոտյան պայքարից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 03-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ