RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#015, 2019-04-19 > #016, 2019-04-26 > #017, 2019-05-03 > #018, 2019-05-09 > #019, 2019-05-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 03-05-2019



Տեղադրվել է` 2019-05-02 23:35:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 2512, Տպվել է` 232, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԱՐԴԸ ՔԱՅԼՈՒՄ Է

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Առաջարկում եմ Երեւանում ի նշան հայ-ֆրանսիական անքակտելի բարեկամության կանգնեցնել Ժաննա դ՛Արկի արձանը: Հենց նրա, այլ ոչ թե ասենք Թշվառների հեղինակ Վիկտոր Հյուգոյի, քանի որ դ՛Արկը, մեռնելուց առաջ, վերջինը որ ասաց, հետեւյալն էրՙ Դըմփ-դըմփ-դըմփ. եւ քայլում են տղաները: Համաձայնեքՙ հիշարժան վերջին խոսք է, մանավանդ, որ Ժաննայի մահից հետո մինչեւ օրս աշխարհի տարբեր երկրներում տղաները քայլում են ու քայլում:

Տեսնես ո՞ւր: Չէ, հասկանալի էՙ հանուն ինչի, որ կոռուպցիա չլինի, որ կոռուպցիոն համակարգի վերջին մնացորդներն անգամ թանգարանում չլինեն, որ համաշխարհային ժողովրդավարություն հաստատվի, անծայրածիր ազատություն ու խաղաղություն լինի, որ մարդը կարողանա հանգիստ, ապահով ու անվտանգ ապրել, մի խոսքով...Բայց աշխարհում այսօր քայլող տղաները արդյո՞ք դեպի այս ամենն են գնում: Բոլո՞րը: Օրինակ նախագահ Մադուրո՞ն է Վենեսուելան տանում դեպի բարեկեցություն, թե՞ այդ երկրի ընդդիմության առաջնորդ Խուան Գուաիդիոն, որը հարավամերիկյան այդ երկրում «Ազատություն» գործողություն է սկսել եւ վայելում է ԱՄՆ լիակատար աջակցությունը: Կամ ֆրանսիական քաղաքներում քայլող դեղին ժիլետավորնե՞րն են ուզում, որ Ֆրանսիան ավելի ժողովրդավարական ու ապահով երկիր դառնա՞, թե՞ նախագահ Մակրոնը... Իսկ դեպի Միացյալ Նահանգներ քայլող լատինոսների նպատա՞կն է ավելի ազնիվ, թե՞ Մեքսիկայի սահմանին անառիկ պատ կառուցող նախագահ Թրամփինը: Եւ վերջապես Հայաստանում, եթե օրինակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Դավիթ Սանասարյանը միեւնույն նպատակի համար էին քայլում, ապա ինչո՞ւ է Դավիթ Սանասարյանը ստորագրություն տալիս երկրից չհեռանալու մասին, իսկ Փաշինյանը ստորագրություններ է տալիսՙ երկրի անունից:

Ես վստահ եմ, որ աշխարհում ամեն քայլող տղա չգիտի, թե ուր է հասնելու: Գիտի, թե ուր է գնում, բայց չգիտի, թե որտեղ է հասնելու: Նաեւ այն գիտեմ, որ աշխարհում տղաները միշտ են քայլելու, որ օկուպացնեն կամ ազատագրեն, որ ահաբեկեն կամ փրկեն, որ հեղափոխություն անեն կամ հեղափոխությունը փշալարերի մեջ ճզմեն, որ սիրեն կամ բռնաբարեն...Ու այս ամենը փոխելը կոռուպցիան հաղթելու պես մի բան էՙ անհնարին: Մարդը չի կարող իմանալ, թե որտեղ է հասնելու եւ մարդը չի կարող չքայլել, որովհետեւ դա միակ միջոցն է ինչ-որ բան փոխելու: Եվ քանի որ աշխարհում չի եղել մի դար կամ տարի, ամիս կամ օր, երբ փոխելու բան չլինի, ուրեմն մարդը չի փոխվելու:

Ու ես չեմ հասկանում այն մարդկանց, որոնք ասում են, թե անցյալ տարի քայլած տղաները ոչ մի բան չեն փոխել: Հույսը կտրած քաղաքացի Հայաստանում չկա: Ես նաեւ չեմ հասկանում անցյալ տարի քայլած տղաներին, որոնք հակահեղափոխական են անվանում իրենց թերացումները բացահայտողներին, կամ նախկին իշխանությանը ծախված կամակատար: Յուրաքանչյուր հեղափոխություն ցույց է տալիս, որ հեղափոխությունը հնարավոր է: Ու եթե ուզում ես, որ քո երկրում հեղափոխություն չլինի, ուրեմն մի արա:

Դըմփ-դըմփ-դըմփ. եւ քայլում են տղաները: Նրանց հնարավոր չէ կանգնեցնել, բայց կանգնեցրեք Ժաննա դ՛Արկի արձանը Երեւանում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 03-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ