ԹՈՒՐՔԱԿԱՆ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄՆԵՐԻ ԱՆԱՏՈՄԻԱ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ Իշխանամետ «Ենի շաֆաք» թերթի եւ կիսապաշտոնական «Անադոլու» գործակալության օրինակով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության խոսափող «Ենի շաֆաք» թերթը ապրիլի 24-ի համարի առաջին էջում զետեղել էր Հալեպում ահաբեկչական կառույց ստեղծելու սիրիահայերի, այսպես կոչված, նախաձեռնությանն առնչվող մի նյութ: Թուրքական թերթն այդ կառույցը գումարտակ էր անվանել, նշել էր, որ գումարտակի կազմում ընդգրված է 200 հայ «ահաբեկիչ», որին հովանավորում են Սիրիայի հյուսիսում դեռեւս 2003-ին քրդերի կազմավորած Ժողովրդավարական միասնություն կուսակցությունըՙ PYD-ն ու դրա ռազմական թեւը հանդիսացող ժողովրդի պաշտպանության ստորաբաժանումներըՙ YPG-ն PKK-ի հետ միասին: ԱՄՆ-ի գլխավորությամբ Արեւմուտքը վերոհիշյալ կազմակերպություներին անվանում է Սիրիայի դեմոկրատական ուժեր, իսկ «Ենի շաֆաքը»ՙ PKK-ական ահաբեկիչների սիրիական կազմավորումները եւ նշում է, որ Հալեպի հայկական գումարտակը քրդական այս կազմավորումների շարքում ահաբեկչական գործողություններ է իրականացնելու ընդդեմ Թուրքիայի: Նախ պիտի ասել, որ «գումարտակը» բանակին յուրահատուկ միավոր է, թերեւս կարելի է օգտագործել կանոնավոր զորքերին առնընթեր գործող աշխարհազորայինների պարագայում, բայց ոչ ահաբեկչական կազմակերպության: Եթե հայկական այդ կազմակերպությունը քրդական կազմակերպությունների հետ ահաբեկչական գործունեություն է ծավալելու Թուրքիայի դեմ, ապա ինչո՞ւ պիտի տեղակայվի ոչ թե թուրքական սահմանին մերձակա քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում, այլ Հալեպում: Ի վերջո Հալեպը Իրաք-Շամ իսլամական պետության ահաբեկիչների վտարումից հետո վերահսկում են նախագահ Բաշար Ասադի զորքերն ու իշխանությունները, իսկ Սիրիայի դեմոկրատական ուժերի հարաբերություններն այս ուժերի հետ մինչեւ վերջերս չափազանց լարված էին: Լարվածությունը մասնակի թուլացավ ամերիկյան զորքերը Սիրիայից դուրս բերելու նախագահ Դոնալդ Թրամփի որոշումից հետո միայն: Թեեւ Թրամփը վերանայեց զորքերի դուրսբերման որոշումը, սակայն այդ որոշման ընդունումից հետո քրդական ուժերը, թուրքական սպառնալիքի տակ, առանց երկմտելու, սկսեցին մերձենալ ռուսներին, որոնց հորդորներով հիմա փորձում են երկխոսության եզրեր գտնել Ասադի վարչակարգի հետ: Այլ կերպՙ հայկական գումարտակին թուրքական թերթի վերագրած համագործակցությունը Ասադի վարչակարգի համար խնդրահարուց քրդական ուժերի հետ, որոնց Թրամփը պատրաստվում էր հանձնել Եփրատից մինչեւ Իրաքի սահման ձգվող տարածքը, որ դա քրդերի միջոցով ամերիկացիները վերահսկեն, այնքան է անտրամաբանական, որքան Հալեպից Թուրքիայի դեմ ահաբեկչական գործունեություն ծավալելու հավանակությունը: Տվյալ դեպքում մենք գործ ունենք թուրքական թերթի տեղեկատվության շղարշով քողարկված հերյուրանքի հետ, որն ունի «ահաբեկչական» PKK-ի եւ հայերի, այսպես կոչված, համագործակցությունը վերահաստատելու միտում: «Ենի շաֆաքի» լուրը, ըստ երեւույթին, անտրամաբանական էր թվացել թուրքական մյուս լրատվամիջոցներին, ուստի դրանք, անկախ հայկական «դավադրության» դրսեւորումներն ուշադրության կենտրոնում պահելու ջանասիրությունից, անտարբերությամբ շրջանցեցին: «Ենի շաֆաքի» ապրիլի 24-ին հրապարակված ապատեղեկատվության բնույթի տեղեկությունը, ինչ խոսք, էջադրվել էր նախորդ օրը: Թուրքական կիսապաշտոնական «Անադոլու» գործակալությունը հենց ապրիլի 24-ին տարածեց դրա խմբագրված տարբերակը: Թեեւ թուրքական լրատվամիջոցներն այս անգամ արձագանքեցին, բայց երեք օր ուշացումով միայն, այսինքն վերապահությամբ: Ըստ գործակալության տարբերակի, հայկական «ահաբեկչական» կառույցը, որը նույնպես «գունդ» է կոչվում «իրենց օկուպացրած» տարածքումՙ Սիրիայի հյուսիսում կազմավորել են քրդական PYD/YPG-ն, կազմավորման մասին հայտարարվել է Ցեղասպանության 104-րդ տարելիցի օրը եւ «ահաբեկչական» այս գունդը կոչվել է 2017-ին քրդերի շարքերում Թուրքիայի դեմ կռվելիս սպանված Նուբար Օզանյանի անունով: Հայկական գունդը, ինչպես նշված է թուրքական գործակալության հաղորդագրության մեջ, ստեղծվել է Ռոժավան (արեւմտյան կամ սիրիական Քուրդիստան) Թուրքիայի դեմ պաշտպանելու առաջադրանքով, գնդի կազմում ընդգրկված է 90 հայ «ահաբեկիչ», այդ գունդը տեղակայվելու է Թուրքիային սահմանակից Թել Աբիադ, Այն ալ Արաբ ու Ռասուլ Այն գավառներում եւ գործունեություն է ծավալելու Ղամիշլիում, Ռասուլ Այնում, ինչպես նաեւ Ամուդայում: Ընդգծելու համար հայկական գնդի հակաթուրքական ուղղվածությունը, «Անադոլու» գործակալությունը միաժամանակ նշում է, որ հայկական այդ կառույցը, որպես ուղեցույց, ընտրել է ԱՍԱԼԱ-ին, կազմակերպության հիմնադիր ժողովն անց է կացվել Լեւոն Էքմեքչյանի, Մոնթե Մելքոնյանի, այդ թվում Գեւորգ Չավուշի ու Անդրանիկ Օզանյանի պաստառներով զարդարված դահլիճում: Եթե անգամ «Ենի շաֆաքի» եւ «Անադոլու» գործակալության մատնանշած հայկական գունդը ստեղծված էլ լինի, ապա պիտի ստեղծվեր ոչ թե քրդական կազմակերպություններիՙ PYD-ի եւ YPG-ի հետ Թուրքիայի դեմ ահաբեկչական գործողություններ ծավալալու, այլեւ ժամանակ առ ժամանակ թաքստոցից դուրս եկող Իսլամական պետության մարդասպանների ահաբեկչություններից Հալեպ քաղաքն ու հալեպահայերին պաշտպանելու առաջադրանքով: Հիշեցման կարգով կրկնեմ, որ «Ենի շաֆաքը» նախագահ Էրդողանի Թուրքիայում 2002-ից իվեր միանձնյա իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության խոսափողն է, այսինքն իշխանամետ, իսկ «Անադոլուն»ՙ կիսապաշտոնական գործակալության, հետեւաբար պիտի սնվեն միեւնույն աղբյուրից: Եթե միեւնույն աղբյուրից սնվող երկու լրատվամիջոց Հալեպի հայկական գնդին վերաբերող պարզունակ լուրը հրապարակելիս իրարամերժ մտքեր են հայտնում, ինչպես օրինակ գնդի թվակազմի, կազմավորման նախաձեռնության, տեղակայման վայրի եւ գործունեության ոլորտի մասին, կնշանակի կա՛մ ինֆորմացիա չունեն, կա՛մ էլ սիրիահայերին քրդական կազմակերպությունների, իսկ Հայաստանին PKK-ի հետ համագործակցության մեջ մեղադրելու համար իրողությունը խեղաթյուրում եւ տեղեկատվության փոխարեն ապատեղեկատվություն են տարածում, այն հույսով, որ ապատեղեկատվությունը գոնե ներքին շուկայում պահանջարկ կունենա: Ինչ վերաբերում է խեղաթյուրումները պայմանավորող հայկական դավադրության որոնումներին, ապա դրանք անբուժելի հիվանդություն են, որոնցով Թուրքիան դեռեւս վարակվել էր 1923 թ. հոկտեմբերի 23-ին, այսինքն երկրում հանրապետական կարգերի հռչակման առաջին իսկ օրը: |