ԾԻԾԵՌՆԱԿԱԲԵՐԴԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼ Է ԱՎԱՆԴԱԿԱՆ ԴԱՐՁԱԾ ԾԱՂԿԱՀԱՎԱՔ ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբըՙ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի օժանդակությամբ եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի կամավորական խմբի մասնակցությամբՙ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում իրականացրել են ավանդական դարձած ծաղկահավաք: Աշխատանքները շարունակվել են նաեւ հաջորդ օրըՙ ապրիլի 28-ին: Այս նախաձեռնությունը մեկտեղում է պոկված ծաղիկներին երկրորդ կյանք հաղորդելու խորհուրդը եւ բնապահպանականՙ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը: Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդի համալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են. ցողուններն անջատվում են ծաղկաթերթերից, ցողուններից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար: Պարարտախառնուրդն օգտագործվում է Հիշողության պուրակում հողի մշակման համար, իսկ ձեռակերտ թղթից հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ են պատրաստվում: Ծաղկահավաքին մասնակցել են հասարական, միջազգային, մասնավոր ու պետական հատվածների, աշակերտներ եւ ուսանողներ, դեսպաններ եւ պաշտոնյաներ: |