RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#015, 2019-04-19 > #016, 2019-04-26 > #017, 2019-05-03 > #018, 2019-05-09 > #019, 2019-05-17

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 03-05-2019



Տեղադրվել է` 2019-05-02 23:35:47 (GMT +04:00)


Ընթերցված է` 2035, Տպվել է` 234, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՍՏՎԱԾ ՏԱՙ ՍԽԱԼՎԵՄ...

ՌԱՖԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հայտնի դարձան Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի վերջնական արդյունքները: Քվեարկությանը մասնակցել էր քաղաքացիների շուրջ 60 տոկոսը: Ձայների բացարձակ մեծամասնությամբ (73 տոկոս, ընդդեմ գործող նախագահի օգտին քվեարկած 24,5 տոկոսի) հաղթանակ տարավ շոումեն Վլադիմիր Զելենսկին: Ոչ միայն Ուկրաինայում, այլեւ ողջ աշխարհում երբեւէ չէր եղել գործող նախագահի այսպիսի ջախջախիչ պարտություն: Պատճառը հիմնականում այն էր, որ Պետրո Պորոշենկոն իր նախագահության 5 տարիներին ակնհայտորեն ոտնահարում էր Ուկրաինայի ազգային-պետական շահերը, այնքա՜ն անթաքույց էր ձգտում Ուկրաինան վերածել ռուսական թմբկահարվող ծավալապաշտության դեմ արգելապատնեշի, որ ընտրություններից 2 օր առաջ, ապրիլի 19-ին կայացած հրապարակային բանավեճում Վլադիմիր Զելենսկին ընդամենը մեկ հարցով նրան քաղաքականապես ոչնչացրեց: Ինչպե՞ս կբացատրեք,-խայթեց նա,-որ Եվրոպայի համարյա ամենաաղքատ բնակչությունն ունեցող Ուկրաինայի նախագահի տասնյակ-միլիոնավոր դոլարների հարստությունը վերջին 5 տարիներին մի քանի անգամ բազմապատկվել եւ անցել է... միլիարդից:

Ավելի բացահայտ ասել, թե գործող նախագահը ամենասովորական գող էՙ հնարավոր չէր: Մարդիկ առանց այն էլ խորապես հիասթափված էին մինչեւ վերջին ուկրաինական զինվորը Ռուսաստանի դեմ կռվի հանելու Պորոշենկոյի պատրաստակամությունից: Միայն կատարյալ տգետը չէր հասկանա, որ այդ հակառուսական պայքարը բխում էր ոչ թե Ուկրաինայի, այլՙ Վաշինգտոնի աշխարհաքաղաքական շահերից: Իսկ այն, որ Քեռի Սեմը իր շահերին ծառայողների առաջ քսակը լայնորեն բացելու սովորություն ունիՙ հանրահայտ է: Հնարավոր բոլոր ամբիոններից վարկաբեկելով Ռուսաստանն ու ռուսներին, Պորոշենկոն, սակայն, սեփական հրուշակեղենի գործարանների շոկոլադը հիմնականում արտահանում էր... ռուսական շուկա: Նաեւՙ Ռուսաստանին բարեկամ երկրների շուկաներ, այդ թվումՙ Հայաստան:

Իսկ Զելենսկու գեղեցկուհի տիկին Ելենան ամուսնուն պատկանող հեռուստաընկերություններից մեկում մինչ այս զբաղվում էր երգիծական բնույթի սցենարներ գրելով, որոնց բեմադրություններում խաղում էր արդեն նախագահ ընտրված ամուսինը: Տիկին Ելենան նաեւ երկրի ձկան պահածոների արտադրության 25 տոկոսի սեփականատերն է, ուստի աղքատ համարվել չի կարող:

Ուկրաինայի նոր առաջնորդը Հայաստանի վարչապետի սերնդակիցն է, Նիկոլ Փաշինյանը ընտրվեու օրը նրան ուկրաիներեն լեզվով շնորհավորել էր: Մայիսի վերջին Զելենսկին Գերագույն Ռադայի հատուկ նիստում երդմնակալությամբ կստանձնի երկրի կառավարման ղեկը: Ռուս վերլուծաբաններից ոմանք նշում էին, թե Պորոշենկոն առաջիկա խորհրդարանական ընտրություններում մի վերջին ճակատամարտ էլ կտա Զելենսկուն, ձգտելով Գերագույն Ռադայում մեծամասնություն ապահովելովՙ զբաղեցնել երկրի վարչապետի պաշտոնը: Ես այդ հնարավորությանը չե՛մ հավատում: Չեմ կարծում, թե Զելենսկին Պորոշենկոյին երբեւէ վարչապետ նշանակի: Այդ մասին նա հստակորեն ասաց ընտրությունների արդյունքները հայտնի դառնալուց անմիջապես հետո հրավիրված մամլո ասուլիսում, մեր վարչապետ Փաշինյանի նման վերջնական որոշման պատասխանատվությունը գցելով... ժողովրդի վրա: Իբրՙ եթե ժողովուրդն ուզենա, ես Պորոշենկոյին նոր պաշտոն տալու մասին... կմտածե՛մ: Բացառվա՛ծ է:

Նախկինները, ովքեր եւ որտե՛ղ էլ լինեն, այլեւս երկրի քաղաքական ճակատագրի վրա վճռական ազդեցություն ունենալ չեն կարող: Միջազգային քաղաքական պրակտիկայի չգրված օրենքն է դա, երբ դեմոնացնելով նախորդներին, նրանց խիստ կասկածելի վերադարձով ահաբեկելով իրենց կողմնակիցներին, սանձազերծելով ամենասովորական հոգեբանական տեռոր դուր չեկողների նկատմամբ, նորերը ընդամենը հող են նախապատրաստումՙ հասունացող լայնածավալ բռնությունների համար: Նպատակը նախկինների հափռածը վերադարձնելու անվան տակ յուրայինների միջեւ նյութական բարիքների վերաբաշխում կատարե՛լն է: Մինչեւ հիմա պատմության մեջ նախորդներից ավելի ազնիվ իշխանություններ հազվադեպ են եղել: Ամեն նոր դարձել է ավելի՛ վատը, քան նրանք, ում մինչ այդ... վարկաբեկո՛ւմ էր:

Ինչ կոնկրետ Ուկրաինային ու նաեւ Հայաստանին է վերաբերումՙ կտեսնենք առաջիկայում: Աստված տա, գոնե Հայաստանի հարցումՙ սխալվե՛մ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 03-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ