ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԴԱՇԻՆՔ` ԵՐԲ ԵՎ ԻՆՉՊԵՍ Մ. Խ. 1992 թվականի մայիսի 8-ին սկսվեց եւ հաջորդ օրն ավարտվեց Շուշիի ազատագրման գործողությունը, որը բեկեց արցախյան պատերազմի ուղղությունը դեպի հաղթանակ: Արցախցիները, ողջ հայությունը այս օրերին նշում են այդ պատմական հաղթանակը, Ստեփանակերտը դառնում է հայության հավաքատեղի: Այս տարի այն նշանավորվեց նաեւ ՀՅԴ նախաձեռնությամբ Ստեփանակերտում` մայիսի 7-ին սկսված եւ Արցախի հանրապետության Ազգային ժողովի նիստերի դահլիճում կայացած «Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինք» խորհրդաժողովով, որին աննախադեպ թվով քաղաքական ուժեր եւ քաղաքական գործիչներ էին մասնակցում: Օրակարգում ընդգրկված էին Հայաստանի եւ Արցախի հարաբերությունները իրավապայմանագրային դարձնելու, Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմաքաղաքական դաշինքի բովանդակության ձեւավորման մասին հարցերը: Խորհրդաժողովը բացած Արցախի հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Հայաստանի եւ Արցախի փոխգործակցության մասին խոսելով` նշել է, թե համատեղ գործելու անհրաժեշտությունը ոչ միայն կենսական պահանջ է, այլ նաեւ հայկական երկու հանրապետություններում համազգային համերաշխություն ու համաչափ զարգացում ապահովելու, անվտանգությունը լավագույնս երաշխավորելու կարեւոր միջոց: Նա ընդգծել է , թե ֆորումը կդառնա այն միջոցառումը, որտեղ համակողմանիորեն քննության կառնվեն երկու հայկական հանրապետությունների միջեւ իրավապայմանագրային հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու պահանջն ու դրա իրագործման ժամկետները: Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի փաստաթղթային ամրագրումը պետք է լինի խորը քննարկումների, ինչպես նաեւ տարբեր տեսակետների եւ դիրքորոշումների համադրման արդյունք, որին էլ ձեռնամուխ էր եղել երկու օր տեւած խորհրդաժողովը: Ելույթներով հանդես են եկել Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի քաղաքական, ռազմական, փորձագիտական, հանրային շրջանակները ներկայացնող գործիչներ, որից հետո հարցի շուրջ տեղի են ունեցել քննարկումներ: Խորհրդաժողովը նախագահող Վազգեն Մանուկյանն իր խոսքում նշել է, թե Արցախի անկախության միջազգային ճանաչումն իրականացնելու համար պետք է տարվեն լուրջ աշխատանքներ, իսկ Արցախի եւ Հայաստանի հարաբերությունները պետք է դնել իրավական հիմքերի վրա: ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, խոսելով Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի մասին, ասել է, որ այդ հարցը միշտ էլ եղել է օրակարգային.«Մենք պետք է լուրջ քայլեր ձեռնարկենք այս ուղղությամբՙ մեր հետագա խնդիրները համատեղ լուծելու համար: Արցախի եւ Հայաստանի հանրապետությունների միջեւ համապարփակ համագործակցության եւ փոխհարաբերությունների կարգավորման համար իրավապայմանագրային հիմքեր ապահովելը հրամայական անհրաժեշտություն է», ասել է նա` նշելով, որ երկու հայկական պետությունների համար միասնական անվտանգության ու պաշտպանության համակարգ ձեւավորելը բնական եւ կենսական պահանջ է: Ըստ ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանի էլ. «Ճիշտ չէ ասել, որ պետք է հարմար պահերի սպասել, քանի որ ժամանակին առիթներ եղել են, որոնք չեն օգտագործվել: Եթե էլի սպասենք` ուշ կլինի»: Հայաստանի ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանը խորհրդաժողովը բազմակողմանի, բազմավեկտոր եւ համահայկական գործընթացի սկիզբ է համարել`զույգ հայկական պետականությունների անվտանգության մտահոգությամբ Արցախի ճանաչման ուղղությամբ աշխատանքներ կատարելու, բանակցություններում մեզ ձեռնտու օրակարգ ձեւավորելու համար, թեեւ բանակցություններով հարց չի լուծվելու ի վերջո: Խաղաղության մասին խոսողներին նա հակադարձել է, թե կապիտուլյացիա ստորագրելն էլ է խաղաղություն, բայց այն խաղաղությունը, որը մեզ պետք է` նվաճվում է: Նա կարեւոր է համարել Արցախի հարցում տարաձայնությունների բացառումը: Իր ելույթում ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանը հրատապ է համարել Արցախ-Հայաստան ռազմավարական դաշինքի կայացումը, հույս հայտնելով, որ համատեղ ուժերով հնարավոր կլինի հասնել այդ դաշինքի կնքմանը: Նա շեշտել է Սփյուռքի քաղաքական եւ անհատական ուժերի կարողությունները լիարժեք օգտագործելու անհրաժեշտությունը: «Պետությունը ղեկավարողները պետք է հասկանան, որ հայրենիքն ամեն ինչից կարեւոր է` ժողովրդավարությունից էլ, սեփական կյանքից էլ, հարստությունից էլ», ասել է ՀՅԴ գործիչ Հրանտ Մարգարյանը` նշելով, որ ֆորումները շարունակական են լինելու: Քննարկումների ավարտից հետո խորհրդաժողովն ընդունել է 15 հոգուց բաղկացած կազմկոմիտե, 3-ը Արցախից, 8-ը`Հայաստանից, 4-ը` Սփյուռքից: Կազմկոմիտեն, հաշվի առնելով մասնակիցների առաջարկներն ու դիտողությունները, վերջնական տեսքի կբերի ներկաներին տրամադրված հռչակագրի նախագիծը: Համաժողովին անդրադարձ մեր թերթում դեռեւս կլինի, առայժմ նշենք միայն, որ այս համաժողովը, հետագա շարունակականությամբ հանդերձ, կարծես նաեւ այն հիմքը ձեւավորելու համար էր, որպեսզի բանակցություններում Արցախի անվտանգության երաշխավոր Հայաստանի վարչապետը կամ մի այլ ղեկավար կոնսենսուս պարունակող պատրաստի տեսակետ ունենան` ռազմավաքաղաքական պայմանագրի բովանդակության տեսքով (ստորագրման ժամկետի հարցն այլ խնդիր է), որից կելնեն, ու ամեն անգամ ստիպված չեն լինի ասել` Արցախի փոխարեն իրենք չեն որոշելու: Իսկ այդպիսի պայմանագրի ստորագրումը հնարարավոր է հեշտացնի Արցախի միջազգային ճանաչումը, բանակցություններին Արցախի մասնակցություն ապահովի, թեեւ ստորագրման ժամկետների առումով դեռեւս ծանրութեթեւ անելու, միջազգային արձագանքը կշռելու, անվտանգային խնդիրները հաշվի առնելու անհրաժեշտություն կա: |