ԲԱՐԵՐԱՐ ՎԱՐԴԱՆ ՆԱԶԻՐՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ՍԲ. ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ ՊԱՏՎՈ ՇՔԱՆՇԱՆ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակովՙ բարերար Վարդան Նազիրյանին շնորհվել է Սբ. Ներսես Շնորհալի պատվո շքանշանՙ ձեռամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու ԱՄՆ Արեւմտյան թեմի առաջնորդ Գերշ. Տեր Հովնան արք. Տերտերյանի: Շքանշանը Վ. Նազիրյանին է հանձնվել Արեւմտյան թեմի Սրբոց Ղեւոնդյանց առաջնորդանիստ մայր եկեղեցումՙ հանդիսավոր պայմաններում: Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ Կոնդակում նշված է. «Դուք աննվազ նախանձախնդրությամբ ազնիվ ջանքեր եք ներդրել եւ նյութական աջակցություն բերել ի նպաստ ազգօգուտ բազմաթիվ ծրագրերի, որոնք կյանքի են կոչվել «Հայաստան» Համահայկական հիմնադրամի, Ռամկավար Ազատական կուսակցության, Թեքեյան մշակութային միության եւ այլ հաստատությունների կողմից: Բարի գործերի Ձեր վաստակը հարստացրել եք նաեւ ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի մայր տաճարին եւ թեմական տարբեր նախաձեռնությունների իրականացմանն ի նպաստ կատարած բարերարություններով, որոնք ծառայում են մեր ժողովրդի զավակների ազգային ու հոգեւոր կյանքի զորացմանն ու պայծառությանը: Ազգային եւ եկեղեցանվեր Ձեր արդյունաշատ ծառայության բարձր գնահատականով, սիրով ընդառաջ թեմակալ առաջնորդի խնդրանքին, Հայրապետական այսու Կոնդակով շնորհում ենք Ձեզ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու ՍՈՒՐԲ ՆԵՐՍԵՍ ՇՆՈՐՀԱԼԻ պատվո բարձր շքանշանը» : Ցուցադրվել է նաեւ Նազիրյանիՙ մայր հայրենիքում եւ Սփյուռքում ծավալած հայրենանվեր, ազգօգուտ եւ եկեղեցանպաստ երկարամյա գործունեություն եւ կյանքի մասին պատմող երկու ֆիլմՙ անգլերենով եւ հայերենով: |